Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդեգիրը» մնացել է «որդեգրածի» վրա

Նոյեմբեր 19,2005 00:00

78-ամյա
հիվանդ տատիկի վզին «որդի» են փաթաթել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ
դատարանը մերժեց Էջմիածնի Կիրովի 45բ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 78-ամյա Միլիկո
Գալստյանի հայցադիմումը, որով նա խնդրում էր դատարանից՝ անվավեր ճանաչել ոմն Մինաս
Պետրոսյանի որդեգրման փաստաթղթերը: Անկողնային հիվանդի վիճակից օգտվելով՝ նրա հարազատները
Մ. Գալստյանին ներկայացրել են մի փաստաթուղթ, որն իբր վերաբերել է կենսաթոշակի հարցին,
բայց իրականում հաստատում էր որդեգրումը: «Կենսաթոշակի փաստաթուղթը» Էջմիածնի
քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը հաստատել է եւ 78-ամյա
Մ. Գալստյանը «ունեցավ» մի «որդի»: Վերջինս ընդհանրապես չի բնակվել Մ. Գալստյանի
բնակարանում, սովորել է Արշալույս գյուղի միջնակարգ դպրոցում եւ, ինչպես 78-ամյա
տատիկի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Մարտիրոսյանը դատարանում ասաց, իր վստահորդը
«նրա կրթությամբ եւ դաստիարակությամբ չի զբաղվել»: «Որդին» բանակ չի զորակոչվել,
իսկ հետագայում քայլեր է ձեռնարկել տիրանալու միայնակ կնոջ բնակարանին: Դատարան ներկայացած
Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչը որպես ՀՀ շարքային քաղաքացի, համաձայն էր
78-ամյա տատիկ-հայցվորի պահանջին, իսկ երբ գլխի ընկավ, իբրեւ իրավաբան, որ կեղծ որդեգրման
փաստաթուղթ տալով՝ ազատել են Մինասին բանակից, դեմ արտահայտվեց հայցապահանջին: «Առավոտի»
տրամադրության տակ են Արմավիրի մարզի դատախազության այն նյութերը, որով ուսումնասիրվել
են քրեական գործ հարուցելու հիմքերը: Այս ընթացքում էլ պարզվել է, որ Միլիկո Գալստյանը
չի մասնակցել այն նիստին, որտեղ որդեգրի հարցն է որոշվել: Բացատրություն չի վերցվել
նաեւ Մինասից, քանի որ նա այդ ժամանակ բացակայել է հանրապետությունից: Դատախազությունը
արձանագրել է, որ որդեգրի իրական ծնողները՝ Սիլվա եւ Վարդան Պետրոսյանները, խնամակալության
եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Հովսեփ Հովսեփյանը կատարել են հանցավոր արարք,
որը համապատասխանում է ՀՀ Քրօրի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներին, սակայն նկատի
ունենալով, որ կատարված արարքից հետո անցել է 14 տարի՝ քրեական հետապնդման վաղեմության
ժամկետը, ուստի նրանք ազատվել են քրեական հետապնդումից: Դատախազությունը մեծահոգաբար
«իրավաբանական օգնություն ցույց տալով» Միլիկո Գալստյանին, ասել էր՝ դիմիր դատարան
որդեգրումն անվավեր ճանաչելու համար: Դիմել էր: Բայց «որդին» էլ մնացել էր նրա վրա:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել