Գնումների մրցույթի կարգը խախտելու համար «Հայէլցանցերին» ընդամենը նախազգուշացրին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ուժային տրանսֆորմատորների գնման մրցույթն անցկացնելիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած կարգը խախտել էր: Այդ պատճառով երեկ հանձնաժողովը նիստ էր հրավիրել, որ որոշեր՝ ընկերության նկատմամբ կիրառե՞լ նախատեսված «խիստ տույժը, թե՞ ոչ»: Մինչ որոշումը հաստատելը, հանձնաժողովի նախագահը, կարծես «Հայէլցանցերի» գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկին չնեղացնելու համար, երկար-բարակ բացատրեց, որ այս ընկերությունը մենաշնորհային դաշտում է գործում, ուստի «ստիպված ենք ղեկավարվել խստագույնս»: Հետո միայն պարզվեց, որ «տույժ» ասվածն ընդամենը նախազգուշացում էր, որը Գլադունչիկն այնքան էլ ծանր չտարավ:
Հանձնաժողովի նման որոշման պատճառ էր հանդիսացել հայկական «Էներգամաշէքսպորտ» ընկերության ներկայացրած դիմում-բողոքը: Խնդիրն այն է, որ «Հայէլցանցերը» վերը նշված տրանսֆորմատորների գնման հայտամրցույթի հաղթող էր ճանաչել ուկրաինական «Ուկրէլեկտրաապարատ» ընկերությանը, որն իր հայտը ներկայացրել է ուկրաիներեն եւ ռուսերեն, իսկ գնային առաջարկը՝ ԱՄՆ դոլարով, մինչդեռ հայտամրցույթի գործող կարգի համաձայն, հայտը պետք է ներկայացվի հայերենով, իսկ գինը՝ դրամով:
Բացի այդ, քանի որ պայմանագիրը դոլարով է կնքվել, փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ գինը փոփոխվել է: Ընկերության գնումների հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ, փաստորեն, համեմատել է մասնակիցների կողմից ներկայացված անհամադրելի գներ: Եթե հաշվի առնենք տարադրամի փոխանակման ծախսերը, մրցույթի երկրորդ մասնակցի՝ «Էներգամաշէքսպորտի» գնային առաջարկը մոտ 83 մլն դրամով ավելի բարձր է եղել: Բացի այդ, հանձնաժողովը նաեւ պարզել էր, որ «Ուկրէլեկտրաապարատը» իրավունք չի ունեցել մասնակցել մրցույթին, քանի որ հայտ ներկայացնելու պահին հարկային վճարումների գծով ունեցել է ժամկետանց պարտքեր:
Նիստից հետո լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս եք ընդունում հանձնաժողովի որոշումը, «նախազգուշացված» Եվգ. Գլադունչիկը պատասխանեց. «Մենք մեր սխալը միանշանակ ընդունում ենք, դա մեր սխալ գործողության սովորական ռեակցիան է»: Բայց նիստի ընթացքում ընկերության ներկայացուցիչը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիսլավ Անդրեեւը փորձում էր համոզել, որ «Ուկրէլեկտրաապարատը» հարկային պարտավորություններ չի ունեցել, պարզապես ժամկետանց տեղեկանք է ներկայացրել: Ինչ վերաբերում է ռուսերենով հայտը ներկայացնելուն, ըստ Վ. Անդրեեւի, ընկերությանը հրավերն ուղարկել են ռուսերեն ու այնտեղ նշել, որ հայտը կարելի է ներկայացնել նաեւ հայերեն եւ ռուսերեն: Այս առնչությամբ, Ռ. Նազարյանի դիտարկմամբ՝ կարելի է կարծել՝ ընկերությունը հնարավորություն չի ունեցել կոպեկներ ծախսել ու այն թարգմանել. «Ճապոնական կազմակերպություններն էլ են մասնակցում մրցույթներին, հո չե՞նք կարող ճապոներեն էլ կարդալ»: Պարոն Նազարյանն այնքան էլ համաձայն չէր լրագրողների այն կարծիքին, որ նախազգուշացումը թույլ պատիժ է: Ըստ նրա՝ «մենք չենք կարող պայմանագիրն ուժը կորցրած ճանաչել, իսկ նախազգուշացումը վարկանիշի առումով ընկերությանը պետք է մտածելու տեղիք տա»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ