Նոյեմբերի
17-ին Ազգային ժողովը սկսեց «Առողջապահության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկումը,
որը մշակել է կառավարությունը եւ ԱԺ ներկայացրել այս տարվա փետրվարին: Առողջապահության
նախարար Նորայր Դավիդյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում հանրությանը ներկայացրեց
նախագծի առավել սոցիալական դրույթները, ասենք՝ դիակիզման խնդիրը: Իսկ ԱԺ վեբկայքում
հիմնականում ներկայացված էին բուժանձնակազմի լիցենզավորման մասին նախարարի ելույթից
հատվածներ: Սակայն մեր տեղեկությամբ ընդամենը մի քանի օր առաջ նախագծում կար մի դրույթ,
որի մասին ԱԺ բեմից չբարձրաձայնվեց մի պարզ պատճառով՝ խորհրդարանի սոցիալական, բնապահպանական
ու առողջապահության հանձնաժողովն այդ կետը հանել է՝ մինչեւ քննարկումն սկսելը: Ըստ
մեր ունեցած տեղեկության, նախագծի 6-րդ գլխի 25 հոդվածի 5-րդ կետով նախատեսվել է
բժշկական, ատամնատեխնիկական եւ դեղագործական կրթությունը համարել պետական մենաշնորհ
եւ իրականացնել միայն պետական լիազոր մարմնի կողմից: Իսկ դա նշանակում է, որ գործող
6 բժշկական ոչ պետական բուհերն իրենց քոլեջներով՝ փակվելու են: Դրանցից 5-ը նեղ մասնագիտացված
բուհեր են. «Հայբուսակ», ավանդական բժշկական, Ամիրդովլաթի անվան, Սուրբ Թերեզայի
անվան եւ «Էրեբունի» հայկական բժշկական ինստիտուտներ: Այս հաստատություններն իրենց
կազմում ունեն նաեւ քոլեջ: Իսկ Քրքորյանի անվան առեւտրատնտեսագիտական եւ Գյումրիի
մենեջմենթի համալսարաններում գործում են ֆակուլտետներ: Մասնավոր բուհերը, ընդհանրապես,
բացվել ու աշխատում են 1991-ից: Այս ընթացքում դրանցից մնացել են պետական հավատարմագրում
անցածները, որոնք այժմ կրթությունն իրականացնում են պետական կրթական ծրագրերով, առաջնորդվում
են կրթության, լիցենզավորման, ձեռնարկատիրության մասին ՀՀ օրենքներով, գործնական
ուսուցման համար պայմանագրեր ունեն առողջապահական հաստատությունների հետ եւ այլն:
Մի խոսքով, ոչնչով, նույնիսկ՝ դիպլոմի վարկանիշով չեն զիջում պետական բուհերին: Այժմ
սովորողների թիվը շուրջ 5000 է: Գրեթե բոլոր բուհերն այս ընթացքում ձեռք են բերել
տարածք, կառուցել կամ վերանորոգել՝ ստեղծելով հարմարավետ պայմաններով կրթօջախներ:
Մեր տեղեկություններով, դրանցից մի քանիսն ունեն նաեւ օտարերկրյա ներդրողներ, օրինակ՝
«Էրեբունին»: Ուստի լիովին հասկանալի է այն խուճապը, որի մեջ հայտնվել են կրթօջախների
ղեկավարները (եւ ոչ միայն նրանք)՝ անսպասելի տեղեկանալով նոր օրենքի վերոհիշյալ դրույթի
մասին: Մի քանի օր առաջ նրանցից մեկը, առանց անձը ներկայացնելու, փորձեց «Առավոտի»
օգնությամբ հասարակական հնչեղություն տալ խնդրին. «Եթե կառավարությունը գտնում է,
որ մենք անորակ կրթություն ենք ապահովում՝ թող չափորոշիչներն ու հսկողությունը խստացնի,
բայց մենք չենք կարող մեր գործունեության ուղղությունը մի օրում փոխել: Պայմանագրեր
ու ծրագրեր ունենք, եւ, ի վերջո՝ լսարանները ռեստորանային սրահներ չեն կարող դառնալ:
Բացի այդ, ի՞նչ է նշանակում կրթությունը դարձնել պետության մենաշնորհը՝ կոռուպցիա՞ն
ենք զարգացնում»: Կրկին մեր անանուն զրուցակցի տեղեկացմամբ՝ իրենք պատրաստվում են
բողոքի մեծ ալիք բարձրացնել, բայց ավելի ուշ պարզվեց, որ ԱԺ հանձնաժողովը քննարկել
եւ այդ կետը ողջամտորեն հանել է նախագծից: Ինչպես արդեն ասացինք, օրենքի նախագծի
հեղինակը կառավարությունն է: Անհասկանալի է, թե ինչպե՞ս է կառավարությունն առանց
շահագրգիռ բոլոր կողմերի տեղեկացվածությունն ու համաձայնությունն ապահովելու՝ ընդունել
նախագիծն ու նույնքան էլ «անաղմուկ» պահել այն ԱԺ-ում, մինչեւ խորհրդարանին ներկայացնելը:
Մեր զրուցակիցն ասաց, որ լրիվ պատահական է իր ձեռքն ընկել նախագծի օրինակը: Իսկ եթե
չընկնե՞ր: Ուրեմն՝ կամ այն կանցներ երբեմն լիովին դատարկ կամ կիսաքնած դահլիճով նիստերից
մեկում, կամ էլ՝ օրենք դառնալուց հետո կրկին կբարձրանար նույն բողոքի ալիքը, եւ արդեն
անհրաժեշտություն կառաջանար օրենքի փոփոխության: Մի վարկած էլ կա՝ գուցե խնդիրը «խուճուճ»
ձեւակերպումների մեջ է եղել, ինչպես հաճախ մատուցվում են հասարակությանը ոչ ցանկալի
դրույթները, եւ հանձնաժողովը միայն հստակեցրել է այն: Մի «կամ» էլ՝ մեր ենթադրությամբ.
չի բացառվում, որ նախագիծ մշակողներն ընդհանրապես հերքեն, թե այդպիսի դրույթ է եղել,
քանի որ, միեւնույն է, այն չի ներկայացվել խորհրդարանին: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ