Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն համակարգային փոփոխությունների

Նոյեմբեր 19,2005 00:00

Եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, Սեյրան Ավագյանը ԱԺ-ի պարիսպն այլեւս չի կոտրի:

«Երբ 1996 թվականին ես էլ Ձեզ հետ ջարդում էինք ԱԺ-ի պարիսպները, հեղափոխություն չէ՞ր: Ի՞նչը փոխվեց այս ինը տարվա մեջ, որ հիմա բարեփոխումներով կարելի է առաջ շարժվել: Ի՞նչ օրենքներ են ընդունվել, որոնց վրայով «Ջիփ»-երով մարդիկ չեն անցել, «տէցի կռուգներ» չե՞ն եղել, հոկտեմբերի 27 չի՞ եղել, 18 քաղաքական սպանություններ չեղա՞ն, սոցիալական խնդիրնե՞ր են լուծվել, գեոքաղաքական դաշտում երբ ում բարեկամը կամ թշնամին ենք՝ մենք էլ չգիտենք»,- այս հարցերը երեկ «Հայելի» ակումբում սահմանադրական բարեփոխումներին կողմ եւ դեմ բանավեճի շրջանակներում ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանին տվեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ահա թե, ըստ Սեյրան Ավագյանի, ինչն է փոխվել. «1996 թվականին պարոն Կարապետյանը համագործակցում էր շտաբի հետ, որը ես եմ ղեկավարել: Լավ եմ արել եւ ճիշտ եմ արել՝ ինչ որ արել եմ: Այդ պայքարը երկրի կառավարման, համակարգային փոփոխությունների պայքար էր՝ հենց այն նպատակի համար, որն այսօր ներկայացված է հանրությանը (նկատի ունի սահմանադրական բարեփոխումները- Ն. Գ.)»: Ի հաստատումն իր ասածի, պարոն Ավագյանը վկայակոչեց «ռեակտորական շարժման սկզբունքը», որի հիման վրա հետագայում զարգացան հրթիռաշինությունը, տիեզերագնացությունը, ինքնաթիռաշինությունը, մի խոսքով՝ հասարակության զարգացումը՝ ի հեճուկս այդ հայտնագործության նկատմամբ թերահավատների: «Ես միշտ մտածել եմ, որ ներքին այրման շարժիչի հիման վրա է դա եղել»,- իբրեւ ֆիզիկոս ասաց Ա. Կարապետյանը եւ տարակուսանք արտահայտեց ընդդիմախոսի այն համոզմանը, որ թղթի վրա գրված լավ օրենքը լավ պետության ու լավ կյանքի հիմնական պայմանն է: «Գործող Սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ դատարաններն անկախ լինեին, կոռումպացված չինովնիկին բռնեիք, սոցիալական բեւեռացումը կանխեիք, թալանի դեմն առնեիք …»,- իրեն ուղղված հարցերի պատասխաններում Ս. Ավագյանը անդրդվելի մնաց. «Առանց այս համակարգային փոփոխությունների՝ մեծ արդյունքներ արձանագրել հնարավոր չի լինելու»:

«Առավոտի» դիտարկմանը, որ 1996-ին պարոն Ավագյանի հետ «կռիվ տվողները» այսօր բարիկադի հակառակ կողմում են, նա պատասխանեց. «Ընդդիմադիր լինելն ինձ համար ինքնանպատակ չի եղել: Կարեւորը եղել են այն գաղափարների կիրարկումը, որոնք ինձ համար համոզմունք են: Ես դրանց կիրարկման համար եմ քաղաքականությունում եւ որտեղ տեսնում եմ հնարավորությունները՝ իմ ուժն այդտեղ եմ ներդնում»: «Այսինքն՝ Ձեր երբեմնի գաղափարակիցներն ինքնանպատակ ընդդիմությո՞ւն են» մեր հաջորդ հարցին նախագահի խորհրդականը պատասխանեց. «Իմ երբեմնի գաղափարակից ընկերներն այսօր էլ իմ կողքին են, հեռու չեն, եւ դուք նրանց ամեն օր կարող եք տեսնել մեր գրասենյակում, իմ աշխատասենյակում, նրանք իմ կողքին են»: Այս առիթով Ա. Կարապետյանը կատակեց. «Ես կարծում եմ՝ շուտով պարոն Ավագյանն էլի ընդդիմություն կլինի՝ իշխանափոխություն կլինի»:

Սեյրան Ավագյանը դիմեց նաեւ բոլոր «կեղծարարներին ու կեղծավորներին»՝ ընտրակեղծիքների մասնագետներին՝ «Նոյեմբերի 27-ին դուք ոչ ոքի պետք չեք, այդ հաղթանակը մեր ժողովրդինն է լինելու»: Ընդդիմության ետեւից ՀՀՇ-ի ականջների առիթով էլ ՆԺ ղեկավարը նկատեց. «Քոչարյանն ինքն է եղել ԼՂՀ-ում ՀՀՇ-ի ներկայացուցիչը (նաեւ ՀՀՇ առաջին վարչության անդամ-Ն. Գ.), էդ ինչպե՞ս եղավ, որ իր ետեւից ՀՀՇ-ի ականջները չեն երեւում, իմ եւ Ստեփան Դեմիրճյանի ետեւից երեւում են»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել