Հանրաքվեի արդյունքները պետք է լինեն 80-20՝ հօգուտ «այո»-ի
Որքան ավելի է մոտենում սահմանադրական հանրաքվեի օրը, իշխանական կոալիցիայի անդամներն այնքան ավելի են ակտիվանում՝ փորձելով դեմքներին համոզված եւ անհոգ արտահայտություն տալով հայտարարել, որ սահմանադրական հանրաքվեի ելքն արդեն ակնհայտ է, եւ որ «այո»-ն հաղթելու է «ոչ»-ին, նույնիսկ թվեր են ասվում՝ 80-20 հարաբերակցությամբ: Ոմանք նույնիսկ իրար հետ «գրազ» են եկել, հավանական պարտվողը ստիպված է լինելու 80 տոկոսանոց «այո»-ն կանխատեսողներին «հաց ուտելու» տանել: Սակայն անհասկանալի է, թե այդքան վստահության դեպքում ընդդիմության հանդիպումները ընտրողների հետ ինչո՞ւ են իշխանությունները շարունակում խոչընդոտել, մարդկանց վախեցնելով, որ չմասնակցեն հանդիպումներին: Եթե իշխանություններն այդքան վստահ են, որ սահմանադրական հանրաքվեն անցնելու է հօգուտ «այո»-ի, ուրեմն ինչո՞ւ են այդքան անհանգստանում ընդդիմության հավաքներից եւ հանդիպումներից: Քանի որ թվերի մասին ավելի շատ խոսում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նրան էլ առաջինը ուղղեցինք այդ հարցը: Գալուստ Սահակյանը այսպես հակադարձեց. «Ես չեմ կարծում, որ ամսի 28-ին հաղթողներ եւ պարտվողներ են լինելու, ընդամենը մենք մեզ համար պետք է պարզենք, թե ժողովուրդը ինչ է ուզում: Իսկ նորից առաջ բերել, թե իշխանությունները խանգարում են ընդդիմության գործառույթներին, ես դա բնական չեմ համարում: Մի առիթով ասել եմ, եթե հեղափոխական պայքարի կոչ են անում, պետք է իմանան, որ հեղափոխությունը նաեւ զրկանքներով է սկսվում, այնպես որ` գուցե ինչ-որ ոստիկան որեւէ մեկին ծուռ աչքով է նայել, եւ պարզվեց, որ իշխանությունները խանգարում են: Առավել եւս առանձին դեպքերում ես ինքս նպաստում եմ, որ իրենք կարողանան իրենց 100-200 հոգիանոց քարոզարշավը կազմակերպել»: Սա Գալուստ Սահակյանի հումորն էր, քանի որ, ըստ նրա, ընդդիմության հավաքները այնքան էլ բազմամարդ չեն անցնում: Նկատեց նաեւ. «Մեր աչքին հիմա մեկ մարդը տաս է երեւում, համ ասում են, որ հանրապետությունում մարդ չի մնացել, համ էլ ասում են, որ տասը հազարանոց միտինգ կարող է տեղի ունենալ»:
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նկատեց, որ հանրաքվեի արդյունքի նման թիվ կարող է հրապարակել այն իշխանությունը, որը պատրաստվում է այդ համամասնությամբ կեղծել հանրաքվեի արդյունքները. «Մեր կարծիքով՝ ժողովուրդը միանշանակ «ոչ» է ասելու գործող ռեժիմին՝ կամ բոյկոտելով, կամ գնալով եւ «ոչ» քվեարկելով: Ձեր նշած անձնավորությունը երեւի նկատի ունի բենզինի քվոտաների բաշխումը, որտեղ որոշակի փայաբաժին ունի նաեւ Գառնիկ Իսագուլյանը: Ես միանգամայն համաձայն եմ, որ եթե իշխանությունները նման վստահություն ունեն, ուրեմն, թող ընդդիմությանը եթեր տրամադրեն»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին եւս հարցրինք, թե ինչո՞ւ են իշխանությունները խոչընդոտում ընդդիմության հավաքները, եթե 80-20 հարաբերակցությամբ կանխատեսում են «այո»-ի հաղթանակը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը կոնկրետացրեց. «Պետական որեւէ պաշտոնյա, որը պետական կամ քաղաքացիական ծառայության մեջ է, բնականաբար, այդպիսի կանխատեսումներ չի անում, դրա համար քաղաքական ուժերն են, որ կանխատեսումներ են անում: Մենք վստահ ենք մեր հաղթանակին, իսկ կոնկրետ դեպքերում, եթե կան այդպիսի ապօրինի խանգարման դեպքեր, ընդդիմությունը կարող է ինքը հարց բարձրացնել եւ իրավական հարթության վրա դրանց ընթացք տալ»: Կոալիցիայի երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ ընդդիմությանը խանգարելու գործում իրենք անմեղ են, չինովնիկներն են մեղավոր:
ՕԵԿ անդամ Գագիկ Մխեյանը մեր հարցին ի պատասխան` անմիջապես շտապեց հայտարարել, որ նման կանխատեսումներ ՕԵԿ-ը չի անում, բայց իրենց հանդիպումները բնակչության հետ հուշում են, որ «այո»-ն ավելի շատ կլինի. «Իսկ այն ուժերը, որոնք նման հայտարարություններ են անում, դա իրենց խնդիրն է»: Հովհաննես Մարգարյանն էլ իր հերթին ասաց. «Ես չգիտեմ մի դեպք, երբ ՕԵԿ-ը խանգարի ընդդիմության քարոզարշավին, քանի որ այսօր խոսքի ազատություն է, բոլորս կարծիք հայտնելու իրավունք ունենք: ՕԵԿ-ը կողմնակից է, որ բոլորն էլ արտահայտվեն եւ իրենց կարծիքը հայտնեն»: ՕԵԿ-ը եւս, Դաշնակցության նման, ընդդիմությանը խորհուրդ տվեց խանգարիչ դեպքերի կապակցությամբ դիմել դատական ատյաններին: «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ ընդդիմությանը խանգարելու մասին ինքը միայն որոշ լրատվամիջոցներից է իմանում, բայց «եթե ընդունենք, որ որոշ տեղային չինովնիկներ փորձում են խանգարել, ես դա չեմ արդարացնում: Մեկ անգամ մենք այստեղ հայտարարությամբ հանդես եկանք եւ ասացինք, որ կողմնակից ենք արդար եւ թափանցիկ ընտրությունների, ավելին, գտնում ենք, որ պիտի լինի երկխոսություն, եւ ժողովուրդը պետք է իրազեկվի ոչ թե մի, այլ երկու կողմից եւ իմանա ճշմարտությունը: Այն, ինչ կընտրի մեր ժողովուրդը՝ դա մեզ համար կհամարվի լիարժեք ճշմարտություն, որովհետեւ մենք այն կարծիքին ենք, որ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»: Նա նաեւ ասաց, որ «այո»-ի կողմնակիցները վերջին օրերին շատացել են, բայց «չեմ կարող գնահատել, որ դա 80-20 փոխհարաբերակցությունն է»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ