Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ

Նոյեմբեր 18,2005 00:00

ԵՐԵՔ ՀՈԳԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ Չինաստանի Մանյան քաղաքում շարունակվող սիրողական բռնցքամարտի աշխարհի 13-րդ առաջնությունում երրորդ հաղթանակը տոնեց մինչեւ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Հակոբյանը: Հայաստանցի բռնցքամարտիկն այս անգամ համառ պայքարում առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Շերզոդ Աբդուռահմանովի նկատմամբ: Մրցավարները 27:24 հաշվով նախապատվությունը տվեցին Անդրանիկին: Ըստ առաջնությունը լուսաբանող զանգվածային լրատվամիջոցների՝ հայ բռնցքամարտիկին մինչեւ առնվազն բրոնզե մեդալ՝ մնացել է մեկ մենամարտ: Հայ մարզասերներին ուրախացրեց նաեւ մինչեւ 81 կիլոգրամ քաշային վանաձորցի Արտակ Մալումյանը, որը պայքարից դուրս մղեց չեխ բռնցքամարտիկ Թոմաս Ադամեկին՝ 37:16: Երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ռուսաստանցի մրցակցից բացահայտ պարտություն էր կրել Գաբրիել Տոլմաջյանը (մինչեւ 54 կգ քաշային կարգ): Սակայն պարզվում է, որ մրցավարները սկզբում ցանկացել են նրան աջակցել: Համենայնդեպս, այդպես է համոզված Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էդուարդ Խուսաինովը: Նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Ալիեւ-Տոլմաջյան մենամարտի ժամանակ ինքը գտնվել է այդ հանդիպումը սպասարկող կուբացի կողային մրցավարից ոչ հեռու ու տեսել, որ վերջինը մարտի սկզբում միավորների 12:2 հարաբերությամբ նախապատվությունը տվել է հայաստանցուն: Եվ դա այն դեպքում, երբ, ըստ Խուսաինովի, մյուս մրցավարները նույն ժամանակամիջոցում 5-6 միավոր ավելի էին գրանցել ռուսաստանցու օգտին: Միայն այն ժամանակ, երբ Ալիեւի առավելությունը բացահայտ է դարձել, կուբացին սկսել է նրան միավորներ շռայլել՝ իրեն ապահովագրելով հետագա անտեղի կասկածներից: ՌԲՖ-ի նախագահի այս հայտարարությունը, որքան էլ հասկանալի լինի մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության, մասնավորապես այդ կազմակերպության գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Դոգանելիի թելադրանքով մարզաձեւում խոր արմատներ գցած կողմնակալ մրցավարության դեմ աննախադեպ բողոքի ակցիա նախաձեռնելու առիթով, այդուհանդերձ, տարօրինակ է որպես ապացույց հայաստանցի մարզիկի մենամարտն օրինակ բերելը: Նախ, Հայաստանը ինքն է միշտ անարդարությունների զոհ դարձել (հիշենք, թեկուզ, Աթենքի օլիմպիական խաղերում Ալեքսան Նալբանդյանի ու չինացի Ցզոու Շիմինի մենամարտը) ու հիմա էլ, եթե հավատալու լինենք Չինաստանից ստացվող լուրերին, Ռուսաստանի հետ միասին ծավալված պայքարի առաջին շարքերում է: Բացի դա, դժվար չէ պատկերացնել, թե ինչ գումարներ կարող են պահանջվել նման մրցումներում գոնե մեկ մենամարտ գնելու կամ մեկ մրցավար կաշառելու համար, մի բան, որ մենք հաստատ չունենք: Ռուսներն իրենց հեռահար նպատակներն ունեն ու դա չեն թաքցնում: Պահանջելով ԱԻԲԱ-ի ղեկավարության հրաժարականը՝ նրանք մտադիր են արտահերթ համաժողովում այդ կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրել նույն Էդուարդ Խուսաինովին: Այդ ճանապարհին որպես առաջին հաջող քայլ կարելի է համարել այն, որ ԱԻԲԱ-ի գործկոմի որոշմամբ երեկ ՌԲՖ-ի նախագահը Մանյանում նշանակվել է մրցավարների վիճակահանության միակ դիտորդ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930