Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎՍՏԱՀ

Նոյեմբեր 18,2005 00:00

«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ԳՈՂԸ ՆԵՐՍԻՑ ԷՐ» Գողացված կտավի մասին ասում է արվեստաբան Շահեն Խաչատրյանը Հայաստանի մշակութային կենտրոններից՝ համաձայն «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տվյալների, գողացված եւ անհետացած է համարվում մշակութային 46 արժեք: Դրանից 29-ը Բաժբեուկ-Մելիքյանի գործերն են: Բացի այդ՝ գողացվել է Այվազովսկու՝ 3, Վռուբելի՝ 1, ռաֆայելյան դպրոցի՝ 1, Շիշկինի՝ 1, Սուդովսկու՝ 1, Բաշինջաղյանի՝ 1, Սարյանի 7 գործ, ձեռագիր Ավետարան՝ 1691 թվականի Նահապետ քահանայի: Սարդարապատի թանգարանից անհետացել են մեկ տասնյակից ավելի գորգեր: Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ: Արվեստաբան, Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանի տվյալներով՝ այսօր անհետացած համարվող 11 կտավների նոր տերերը հայտնի են: Պարզապես իրավապահ մարմինները դրանց հայտնաբերման ուղղությամբ այնքան էլ նախանձախնդիր չեն: Հակառակն է պնդում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի գողացված մշակութային արժեքներով զբաղվող մասնագետը: Ըստ վերջինիս՝ պաշտոնապես Ինտերպոլով միջազգային հետախուզման մեջ է Հայաստանից անհետացած մշակութային 36 արժեք, քանի որ մյուսները կա՛մ հաշվառված չեն, կա՛մ էլ չունեն լուսանկար ու մանրամասն նկարագրություն, հետեւաբար դրանց հայտնաբերումը դառնում է գործնականում անհնար: Ըստ բյուրոյի աշխատակցի, որը չցանկացավ ներկայանալ, այսօր մշակութային արժեքների գողության առումով աշխարհի մասշտաբով առաջին տեղում Իտալիան է: «Այլ երկրների համեմատ՝ Հայաստանում մշակութային արժեքների հափշտակման վիճակագրությունը, կարելի է ասել, բավական սփոփիչ է»,- ասում է փորձագետը: Անցած տարի, ինչպես հայտնի է, Բաժբեուկ-Մելիքյանի դստեր՝ Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի տնից անհայտացան նկարչի 20-ից ավելի նկարներ: Սա վերջին տարիների թերեւս ամենամեծ եւ դեռեւս չբացահայտված գողությունն էր: Իսկ պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում տարեկան գրանցվում է մշակութային արժեք ներկայացնող իրերի գողության 2-ից 3 դեպք: «Սակայն խոսքը դարձյալ միայն հաշվառված իրերին է վերաբերում, քանի որ անհատական հավաքածուներում գտնվող բազմաթիվ մշակութային արժեքներ գրանցված չլինելու պատճառով եթե գողացվում էլ են, հետախուզման մեջ չեն հայտնվում»: Ինչը չես ասի Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան» կտավի մասին: Շահեն Խաչատրյանը պատմեց, թե ինչպես է 1995 թվականին անձամբ հայտնաբերել, որ իր գլխավորած պատկերասրահից անհետացել է վերոհիշյալ կտավը. «Վստահ եմ, գողը ներսից է եղել»: Որոշ ժամանակ անց այդ կտավի լուսանկարը հայտնվել է ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Մուսա» ամսագրում: «Կարողացանք հայտնաբերել իրական տիրոջն ու համոզել, որ այն վերադարձվի Հայաստան»: Սակայն դա չստացվեց, «որովհետեւ նկարը գողացված էր մի՛ ժամանակ, գողությունը հայտնաբերված էր մի ա՛յլ ժամանակ, հետախուզումը հայտարարված էր շա՛տ ավելի ուշ»,- նույն այս դեպքի մասին պատմեց արդեն Ինտերպոլի ներկայացուցիչը: «Հրաձգարանի» գողության մեջ Շահեն Խաչատրյանը կասկածում է նույն այդ «Մուսա» ամսագրի խմբագրին. «Ասացի՝ անհարմար է, նկարը վերադարձրեք, դրա փոխարեն ես իմ անձնական նկարներից կտամ»: Սակայն փաստն այն է, որ նկարը մինչ օրս վերադարձված չէ Հայաստանին եւ քրեական գործն էլ առայժմ փակված չէ: Ինտերպոլի փնտրտուքները եթե ոչ հաճախ, սակայն երբեմն-երբեմն նաեւ հաջող ավարտ են ունենում: Այսպես՝ 1996 թվականին Մոսկվայի աճուրդում հայտնաբերվել է Պատկերասրահից գողացված Այվազովսկու «Ծովը լուսնկա գիշերին» կտավը, որը վերադարձվել է Հայաստանին: Միջազգային հետախուզության միջոցով հայտնաբերվել եւ վերադարձվել է նաեւ Ապարանի մատուռներից մեկից գողացված 1690 թվականի «Մեռելհարոց» ձեռագիր Ավետարանը: Ըստ Շահեն Խաչատրյանի՝ միջազգային հեղինակավոր աճուրդներում եւ անգամ սեւ շուկայում հայկական մշակութային արժեքների պահանջարկն այնքան էլ մեծ չէ: Հավանաբար, մեր երկրից հափշտակված մշակութային արժեքների «համեստ» թվաբանությունը նախեւառաջ պայմանավորված է սրանով, այլ ոչ թե մեր իրավապահների անձնուրաց աշխատանքով: Որպես օրինակ՝ պրն Խաչատրյանը բերեց այս տարվա դեկտեմբերի 1-ին Լոնդոնում վաճառվելիք Այվազովսկու նկարներից մեկի մեկնարկային գինը՝ 480 հազար ստեռլինգ: Այն դեպքում, երբ, ասենք, Պիկասոյի նկարները վաճառվում են միլիոնավոր դոլարներով: «Առհասարակ, թե՛ Հայաստանում, թե՛ ողջ աշխարհում միջազգային սահմանները մշակութային արժեքների անլեգալ վաճառքով զբաղվողների համար որոշակիորեն բաց են,- ասաց Ինտերպոլի աշխատակիցը,- քանի որ խոսքը ահռելի գումարների մասին է, հետեւաբար ռիսկի են դիմում գործարքները կայացնող բոլոր շահագրգիռ կողմերը»: (Շարունակելի) ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել