Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ

Նոյեմբեր 18,2005 00:00

«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվելիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը, ամփոփելով անկախության ժամանակահատվածում երկրի զարգացման փորձը եւ ձեւավորված իրողությունները, պետական, հասարակական եւ քաղաքական կառույցների ներկայիս վիճակը եւ դրանց զարգացման հեռանկարները, նպատակ ունենալով Հայաստանի ժողովրդին ներկայացնել ազնվության, հայրենասիրության եւ բարոյականության վրա հիմնված քաղաքական դիրքորոշում, պատասխանատվություն զգալով երկրի հետագա ճակատագրի նկատմամբ, հայտնում է իր մտահոգությունը երկրում ձեւավորված հետեւյալ իրողությունների վերաբերյալ. 1. Ընտրական համակարգը Հայաստանում կայացած չէ, որի արդյունքում երկրի Ազգային ժողովում ձեւավորված քաղաքական համայնապատկերը ամբողջությամբ չի արտացոլում ժողովրդի քաղաքական նախապատվությունը ու սպասումները։ Մասնավորապես, «Ազգային ժողովի 1995, 1999 եւ 2003 թվականների ընտրությունները անցկացվել են բազմաթիվ խախտումներով, իսկ դրանց արդյունքների հաստատման մեջ տեղ են գտել խարդախություններ եւ կեղծիքներ։ Արդյունքում՝ ժողովրդի մի ստվար զանգված ներկայացված չէ ՀՀ Ազգային ժողովում եւ զրկված է ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համարժեք հնարավորություններից։ 2. Երկրում ձեւավորված չէ գաղափարական հենքի վրա հիմնված կուսակցական համակարգը։ Հատկապես իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցություններում անդամագրումը խստորեն կապվում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քիչ թե շատ նշանակալից դիրք զբաղեցնելու հետ։ Ըստ էության, տեղի է ունենում նշված մարմինների հարկադիր եւ հակաօրինական կուսակցականացումը։ Վերը նշված հիմնավորմամբ՝ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ներկայումս ընդունված բաժանումը մեծամասնության՝ կառավարող կոալիցիա, փոքրամասնության՝ արմատական ընդդիմություն եւ արտախորհրդարանական ուժերի, կուսակցությունն ընդունում է որպես խիստ պայմանական եւ փաստում երկրում գործող բոլոր քաղաքական ուժերի հավասար պատասխանատվությունը զարգացման հեռանկարների եւ, մասնավորապես, ՀՀ գործող Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նկատմամբ։ 3. Երկրում բացակայում է քաղաքացիական համաձայնության եւ համերաշխության մթնոլորտը, որի առկայության պարագայում միայն կարելի է անցկացնել լիակատար սահմանադրական հանրաքվե, իսկ քարոզչությունն ու հակաքարոզչությունը բացարձակ անհիմն կապվում են գործող իշխանություններին կողմ կամ դեմ լինելու հետ։ «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը զգուշացնում է երկրի իշխանություններին, որ նշված երեք հանգամանքների գոյությունը կարող է լրջորեն վտանգել թե՛ գործող եւ թե՛ վերափոխված Սահմանադրության նորմերի կիրառումը։ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ներկայացված նախագծի վերաբերյալ կուսակցությունը արձանագրում է. ա) նախագծի հետեւյալ դրույթների բացահայտ առաջադիմությունը՝ գործող Սահմանադրության դրույթների համեմատ. – մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների ամրագրում, դրանց՝ իրավաբանական անձանց վրա տարածում, – երկքաղաքացիության սահմանման հնարավորության ստեղծում, – երկրի մայրաքաղաքի կարգավիճակի՝ որպես համայնք ամրագրում, – լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատության երաշխավորության սահմանում, – համայնքի ինքնուրույնության եւ համայնքի ղեկավարի պաշտպանվածության ուժեղացում, ֊ տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պե տության հիմնական խնդիրների ամրագրում, – մարդու իրավունքների պաշտ- պանի ինստիտուցիոնալացում եւ պաշտպանվածության ապահովում։ «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը հանրության ուշադրությունն է հրավիրում հատկապես նախագծի մեջ տեղ գտած ՀՀ զինված ուժերի՝ քաղաքական հարցերում չեզոքության պահանջին եւ դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանմանը, ինչպես նաեւ 3-րդ եւ 14-րդ հոդվածներում մեր պատմության մեջ առաջին անգամ ամրագրված մարդու արժանապատվությանը վերաբերող դրույթների վրա։ բ) Գործող Սահմանադրության նկատմամբ էական նահանջ՝ մարդու եւ քաղաքացու՝ խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքի կիրառման առումով (նոր նախագծով առկա է միայն հավաքներ անցակցնելու իրավունքը)։ գ) Երկրի եւ պետության կառավարման համակարգի առաջարկվող փոփոխությունների արդյունավետության խիստ կախվածությունը սույն հայտարարության մեջ նշված մտահոգություն առաջացնող իրողություններից։ Ելնելով վերոհիշյալից՝ «Արժանապատիվ Ապագա» կուսակցության միացյալ խորհուրդը որոշում է. 1. Դրական դիրքորոշում հաստատել «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների մասին» ներկայացվող նախագծի նկատմամբ։ 2. Սահմանափակվել սույն հայտարարությամբ եւ չմասնակցել երկրում տեղի ունեցող սահմանադրական քարոզչությանը։ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ «Արժանապատիվ Ապագա» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930