«Այո»-ն՝ վերեւում, «Ոչ»-ը՝ ներքեւումՍահմանադրական փոփոխությունների քարոզչապաստառները փակցվում են ուր ասես՝ աղբամաններին, էլեկտրասյուներին, արձաններին: Շատ դեպքերում «անկապ» տեղերում զետեղված գովազդները ավելի շատ զավեշտ են առաջացնում, քան կողմնորոշում՝ քվեարկել «Այո»-ի կամ «Ոչ»-ի օգտին: Արդեն քանի օր է՝ Երիտասարդական պալատի կիսաապամոնտաժված շենքի «բոյով մեկ» փակցված է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) «Այո»-ի գովազդը: Շենքի մյուս կողմում աշխատում է երբեմնի մշակութային արժեքը մաս-մաս անող վերամբարձ կռունկը: Քանի որ գովազդային պաստառում չի նշված, թե ՄԱԿ-ը ինչին է «Այո» ասում, տպավորություն է ստեղծվում, թե կուսակցությունը կողմնակից է մշակութային արժեքների ոչնչացմանը: Տիգրան Մեծի պողոտայում էլ «Այո»-ի լուսային վահանակը տեղադրված է «LM» ծխախոտի գովազդի հարեւանությամբ: Հանրաքվեի գովազդում երեխաները մատնացույց են անում իրենց պայծառ ապագան, այսինքն՝ «Այո»-ն, սակայն նայելով մանուկների ձեռքի ուղղությամբ՝ ստացվում է, որ նրանց պայծառ ապագան ոչ թե բարեփոխված սահմանադրությունն է, այլ՝ «LM»-ը: Թյուրիմացության տեղիք են տալիս նաեւ «Ոչ» քարոզող պաստառները: Հակաքարոզիչները «Այո»-ի կողմնակիցների հնարավորությունները չունեն եւ իրենց պաստառները տեղադրում են առավել «ցածրադիր գոտիներում»՝ աղբամաններին, էլեկտրասյուներին ու պատերին: Եթե իշխանության գովազդը «Այո» է ասում «LM»-ին, ապա Սահմանադրության փոփոխված տարբերակը բոյկոտողներինը՝ «Ոչ»՝ Նժդեհին. Գարեգին Նժդեհի հրապարակում ազգային հերոսի անվան տակ փակցված է «Ոչ»: Բացի այն, որ մայր օրենքի քարոզչությունը եւ հակաքարոզչությունը կազմակերպվում են ցածր մակարդակով եւ հասարակության շրջանում անլուրջ վերաբերմունք է առաջացնում, այդ գործընթացներում ոտնահարվում են նաեւ երեխաների իրավունքները: Սահմանադրական փոփոխությունները քարոզող տեսահոլովակներում, գովազդային պաստառներում ընդգրկված են մանուկներ, ինչը հակասում է «ՀՀ երեխաների իրավունքների մասին», «Գովազդի մասին» օրենքներին եւ «Ընտրական օրենսգրքին»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ