Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը»

Նոյեմբեր 18,2005 00:00

«ԱրմենՏելը» մասնակցում է քարոզչությանը Հունական ընկերությունը նույնպես զբաղվում է մեր սահմանադրական փոփոխություններով Երեկ «ԱրմենՏելի» բջջային ծառայության բաժանորդները այս ընկերության անունից հաղորդագրություններ են ստացել հետեւյալ բովանդակությամբ. «Սահմանադրական բարեփոխումներին տեղեկանալու համար անվճար զանգահարեք 0-8000-8000 համարով, այցելեք հանրային ընդունարան՝ Աբովյան 18 կամ ինտերնետային՝ www.ayo.am կայք»: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը թեժ քարոզարշավի փուլում է, «ԱրմենՏելն» էլ փորձում է մարդկանց իրազեկել՝ ինչպես կարելի է տեղեկանալ այդ փոփոխություններին ու հատկապես որ հասցեով: Բայց իրականում ամեն ինչ այդքան պարզունակ չէ, որքան կարելի է պատկերացնել: Տվյալ դեպքում խոսքը ՀՀ օրենսդրության՝ «Հանրաքվեի մասին», «Գովազդի մասին» օրենքների, պահանջների ոտնահարման մասին է: Երեկ մենք փորձեցինք նախ՝ ճշտել, թե ինչո՞ւ է հանրությանը սահմանադրական փոփոխություններին տեղեկացնելու պարտականությունն իր վրա վերցրել «ԱրմենՏելը» եւ որքա՞ն է ընկերությունը ծախսել այդ «հաճույքի» համար: Մենք զանգահարեցինք հաղորդագրության մեջ մատնանշված հեռախոսահամարով՝ հանրային ընդունարան: Մեզ պատասխանեց օրվա խմբի ղեկավար Գայանե Պողոսյանը: Նրա մատուցմամբ, «ԱրմենՏելը» հաղորդագրությունները ուղարկել է անվճար՝ իր նախաձեռնությամբ, իսկ երիտասարդները ընդամենը դիմել են: Տարօրինակ է, չէ՞, մի խումբ ուսանողներ դիմել են «ԱրմենՏելին», ու նա էլ որոշել է ձրի օգնել՝ հանուն ՀՀ քաղաքացիների իրազեկման, ու դրա համար իր միջոցներից ծախսել է 6 մլն դրամ: Մեր այն հարցին, թե «ԱրմենՏելի» կողմից տարածվող այդ բովանդակությամբ հաղորդագրությունը, որի պատվիրատուն, ստացվում է՝ ուսանողներն են, արդյոք սահմանադրական փոփոխությունների «այո»-ի թաքնված կամ անբարեխիղճ գովազդ չէ՞, Գ. Պողոսյանը պատասխանեց՝ «չեմ կարծում, որովհետեւ «Այո» կայքը ստեղծվել է «Ելք» հ/կ-ի կողմից, եւ դրա մեջ վատ բան չեմ տեսնում»: «Այո» քարոզողները, բնականաբար, չեն տեսնում, բայց մեջբերենք «Գովազդի մասին» օրենքի հոդված 21-ի՝ «Անբարեխիղճ գովազդի մասին ընդհանուր դրույթները», 5-րդ կետը՝ «Գովազդի բառացի ճշմարտացիությունը չի պաշտպանում այն անբարեխիղճ համարվելուց, եթե գովազդի ընդհանուր բովանդակությունից հասկացվում է այլ իմաստ»։ Հիմա նորից ընթերցենք հաղորդագրության բովանդակությունը ու նկատենք, որ իրականում սահմանադրական ոչ թե «բարեփոխումներ» են, այլ՝ «փոփոխություններ», որովհետեւ ՀՀ շատ քաղաքացիներ դրան այլ անուն են տալիս: Երկրորդն ու ամենակարեւորը՝ հաղորդագրության մեջ եղած միայն մի «Այո»-ն արդեն իսկ իմաստային առումով ընկալվում է որպես քարոզչություն՝ հօգուտ «այո»-ի, ուստիեւ անբարեխիղճ գովազդ է եւ պատվիրատուի, եւ այն տեղադրողի կողմից: Երրորդ, հաղորդագրությունը, բացի թաքնված քարոզչամիջոց լինելուց, նաեւ, ըստ էության, հանրային ընդունարանի եւ հիշյալ կայքի գովազդն է, որը ենթադրում է որոշակի պայմանագրային պարտավորություններ գովազդը տեղադրողի ու պատվիրատուի միջեւ, այդ թվում՝ ֆինանսական պարտավորություններ, որոնք պետք է ձեւակերպված լինեն երկուստեք, բայց չկան: Իսկ դա «Հանրաքվեի մասին» օրենքի 21 հոդվածի 6-րդ կետի՝ «Արգելվում է քարոզչության ընթացքում հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը», խախտում է: Մյուս կողմից, «ԱրմենՏելը», որպես օտարերկրյա կազմակերպություն, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի «դ» կետով չունի սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ զբաղվելու իրավունք, առավել եւս, որ օտարերկրյա՝ հունական պետական ձեռնարկություն է՝ իր 90 տոկոս բաժնետոմսերով: Բացի այդ, քաղաքական գովազդը ենթադրում է հավասար պայմաններ, բայց դժվար թե «ԱրմենՏելը» նույն պայմաններով համաձայներ համանման հաղորդագրություններ ուղարկել հանրաքվեին «ոչ» քարոզողների պատվեր-խնդրանքով, եթե դա անգամ շատ բարեխիղճ գովազդ լիներ, ասենք՝ «կոչ ենք անում հանրաքվեն բոյկոտել» բովանդակությամբ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել