Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՃՆՃՂՈՒԿԻ ԱՐԺԵ՞Ք ԷԼ ՉՈՒՆԵՆՔ

Նոյեմբեր 18,2005 00:00

Մարդիկ
մեռնում են, իսկ պատասխան տվող չկա Նիդեռլանդների Կենդանիների
պաշտպանության գործակալությունը հայտնել է մի ճնճղուկի սպանության մասին: Ճնճղուկը
ներս էր թռչել ցուցասրահ այն պահին, երբ այդտեղ փորձում էին հաստատել դոմինոների
շարվածքի համաշխարհային նոր ռեկորդ: Փորձելով փրկել մրցույթը, ծառայողը հրացանով
սպանել է ճնճղուկին: Գործը քննում է դատախազությունը: Իսկ Հյուսիսային պողոտայի
եւ Բուզանդի փողոցների իրացման եռամյա գործընթացի արդյունքում մահացել են կենդանական
աշխարհի ամենաթանկ էակները՝ մարդիկ: Սակայն առայսօր որեւէ մեկը, լինի դա տարածքի
գնորդ կամ պետական կառույց՝ պատասխանատվություն չի կրել դրա համար: Մեզ հայտնի առաջին
զոհը Պուշկինի 34 հասցեում բնակվող Նորա Եդիգարյանն է՝ վտարումից հետո հարեւանները
նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նույն օրը նա մահացավ: Այդ օրվանից դեպքեր շատ
են եղել՝ կաթվածների, բարձրացած ճնշումների, ջարդված մարմնամասերի, ինչպես նաեւ՝
ֆիզիկական մահվան: Մահվան ելքով վերջին դեպքը նոյեմբերի 16-ին էր: Նոյեմբերի
4-ին Բուզանդի 9 հասցեի բնակիչ Լիլյա Ղազարյանը վտարվել էր իր բնակարանից: Նոյեմբերի
5-ին նա իր բարեկամներից մեկի տանը կաթվածահար է եղել, տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ»
հիվանդանոց, որտեղ եւ մահացել է 16-ին: Ըստ մեր տեղեկությունների, Լ. Ղազարյանի գործը
դեռեւս դատական վարույթում էր, երբ հարկադիրի Երեւանի բաժնի վտարման եւ բնակեցման
գործերով բաժանմունքի աշխատակիցները ջարդել են նրա տան դուռը, իրերը հանել բակ: Տանտեր
Լ. Ղազարյանը տանը չի եղել, իմանալուց հետո էլ՝ կաթվածահար է եղել: Նա չէր սպասում
այդօրինակ վտարմանը, քանի որ իր քրոջ խնդիրը, որը գրանցված էր այդ հասցեում ու չէր
ստացել հասանելիք վեցուկես հազար դոլար փոխհատուցումը՝ դատական քննության մեջ էր:
Դեպքի առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ հայտարարություն
է արել. «Երեւանի կառուցապատման ծրագրերը, հիմքում ունենալով հակասահմանադրական իրավական
ակտեր, ի սկզբանե հղի են եղել անցանկալի հետեւանքներով, որոնք որոշ դեպքերում դարձել
են ողբերգական»: «Շատ եմ ցավում կատարվածի համար: Մենք պետք է լուծեինք տիկնոջ
հարցը՝ իր ցանկացած ձեւով, այդ մասին կար նաեւ քաղաքապետի հանձնարարականը դեռեւս
այն ժամանակ, երբ նա հիվանդանոց էր տեղափոխվել: Մենք այդ օրերին հանդիպել ենք նրա
հարազատների հետ, իսկ երեկ՝ պայմանավորվել, որ ժառանգորդը կստանա ողջ հասանելիքը»,-
երեկ «Առավոտի հետ զրույցում ասաց Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի
իրականացման գրասենյակի տնօրեն Կարեն Դավթյանը: Տարածքի սեփականատեր «Գլենդել Հիլզ»
ՍՊԸ-ն Լ. Ղազարյանի սեփականություն 80,4 քմ-ի համար նրան առաջարկել է 31800 դոլար՝
խրախուսանքի գումարն էլ ներառյալ, սակայն տիկինը չի համաձայնել: Դատական 3 ատյաններով
գործը շահելուց եւ վտարման որոշում ստանալուց հետո ՍՊԸ-ն հարկադիր կատարողների հետ
անցել է գործի: Սակայն այդ ընթացքում ի հայտ է եկել մի հանգամանք՝ Լ. Ղազարյանի քույրը՝
Աելիտան, նույնպես գրանցված է այդ տարածքում, բայց չի ստացել իր հասանելիքը: Պարոն
Դավթյանի ասելով՝ «թաքցրել են, որ վերջում ասեն ու այդկերպ վտարման ժամանակը երկարաձգեն,
այդպես շատերն են վարվում»: Նոյեմբերի 16-ից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի
մոտ հացադուլ է սկսել Ամիրյան 4/18 հասցեի բնակիչ Գագիկ Սարգսյանը, այսօրվանից այնտեղ
կտեղափոխվի նաեւ երկու օր առաջ իր ապրելավայրում հացադուլ սկսած Հովիկ Բագոյանը՝
Բուզանդի 25/16 հասցեից, իսկ շուտով այնտեղ կհայտնվի նաեւ Ամիրյան 2/14-ից ազատամարտիկ
Սամվել Կլեկչյանը: Բնակիչներից մեկն էլ վաղօրոք հայտնել է իր ինքնահրկիզման մասին:
Մեր զրուցակիցը ցույց տվեց նախկինում Հյուսիսային պողոտայի բնակիչ Հ. Բագոյանի
համաձայնագիրը, որով 2003-ի սեպտեմբերի 9-ին նա ընդունել է իրեն առաջարկած 53139
հազար դոլարը եւ կնքել պայմանագիր: Իսկ նույն թվականին հասցրել է նաեւ գրանցվել իր
մորաքրոջ տղայի՝ Սեդրակ Բաղդասարյանի տանը, եւ այժմ պահանջում է գույքն օգտագործողի
հասանելիք 6,6 հազար դոլարը: Սամվել Կլեկչյանի համար մեղքը, ըստ իր գրանցման հասցեի
ներդնող կամ սեփականատեր Մելիք Գասպարյանի տեղեկատվության, այդ հասցեի սեփականատեր
Էլեոնորա եւ Ներսիկ Ներսիսյանների վրա է՝ նրանք են որոշել բաժին չհանել Կլեկչյանին
իրենց ստացածից: Իսկ Գագիկ Սարգսյանը, ըստ նույն աղբյուրի՝ խորհրդային տարիներին
այդ տարածքից բնակարան է ստացել, հիմա մայրն է ապրում, 70 քմ-ի համար նրան առաջարկվել
է 7մլն 80 հազար դրամ, համաձայնությունը չի կայացել: «Ընդհանրապես, Բուզանդի փողոցում
պրոբլեմ ունեցել ենք սեփականատերերի 10 տոկոսի հետ, վտարվել է 5 տոկոսը, բայց այնպիսի
տպավորություն է, թե բողոքում են բոլորը, եւ մենք շատ վատ ենք աշխատում»,- եզրակացրեց
ԾԻԳ-ի տնօրենը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել