Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» մասնակցում է քարոզչությանը

Նոյեմբեր 18,2005 00:00

Հունական ընկերությունը նույնպես
զբաղվում է մեր սահմանադրական փոփոխություններով Երեկ «ԱրմենՏելի»
բջջային ծառայության բաժանորդները այս ընկերության անունից հաղորդագրություններ են
ստացել հետեւյալ բովանդակությամբ. «Սահմանադրական բարեփոխումներին տեղեկանալու համար
անվճար զանգահարեք 0-8000-8000 համարով, այցելեք հանրային ընդունարան՝ Աբովյան 18
կամ ինտերնետային՝ www.ayo.am կայք»: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է. սահմանադրական
փոփոխությունների հանրաքվեի գործընթացը թեժ քարոզարշավի փուլում է, «ԱրմենՏելն» էլ
փորձում է մարդկանց իրազեկել՝ ինչպես կարելի է տեղեկանալ այդ փոփոխություններին ու
հատկապես որ հասցեով: Բայց իրականում ամեն ինչ այդքան պարզունակ չէ, որքան կարելի
է պատկերացնել: Տվյալ դեպքում խոսքը ՀՀ օրենսդրության՝ «Հանրաքվեի մասին», «Գովազդի
մասին» օրենքների, պահանջների ոտնահարման մասին է: Երեկ մենք փորձեցինք նախ՝
ճշտել, թե ինչո՞ւ է հանրությանը սահմանադրական փոփոխություններին տեղեկացնելու պարտականությունն
իր վրա վերցրել «ԱրմենՏելը» եւ որքա՞ն է ընկերությունը ծախսել այդ «հաճույքի» համար:
Մենք զանգահարեցինք հաղորդագրության մեջ մատնանշված հեռախոսահամարով՝ հանրային
ընդունարան: Մեզ պատասխանեց օրվա խմբի ղեկավար Գայանե Պողոսյանը: Նրա մատուցմամբ,
«ԱրմենՏելը» հաղորդագրությունները ուղարկել է անվճար՝ իր նախաձեռնությամբ, իսկ երիտասարդները
ընդամենը դիմել են: Տարօրինակ է, չէ՞, մի խումբ ուսանողներ դիմել են «ԱրմենՏելին»,
ու նա էլ որոշել է ձրի օգնել՝ հանուն ՀՀ քաղաքացիների իրազեկման, ու դրա համար իր
միջոցներից ծախսել է 6 մլն դրամ: Մեր այն հարցին, թե «ԱրմենՏելի» կողմից տարածվող
այդ բովանդակությամբ հաղորդագրությունը, որի պատվիրատուն, ստացվում է՝ ուսանողներն
են, արդյոք սահմանադրական փոփոխությունների «այո»-ի թաքնված կամ անբարեխիղճ գովազդ
չէ՞, Գ. Պողոսյանը պատասխանեց՝ «չեմ կարծում, որովհետեւ «Այո» կայքը ստեղծվել է «Ելք»
հ/կ-ի կողմից, եւ դրա մեջ վատ բան չեմ տեսնում»: «Այո» քարոզողները, բնականաբար,
չեն տեսնում, բայց մեջբերենք «Գովազդի մասին» օրենքի հոդված 21-ի՝ «Անբարեխիղճ գովազդի
մասին ընդհանուր դրույթները», 5-րդ կետը՝ «Գովազդի բառացի ճշմարտացիությունը չի պաշտպանում
այն անբարեխիղճ համարվելուց, եթե գովազդի ընդհանուր բովանդակությունից հասկացվում
է այլ իմաստ»։ Հիմա նորից ընթերցենք հաղորդագրության բովանդակությունը ու նկատենք,
որ իրականում սահմանադրական ոչ թե «բարեփոխումներ» են, այլ՝ «փոփոխություններ», որովհետեւ
ՀՀ շատ քաղաքացիներ դրան այլ անուն են տալիս: Երկրորդն ու ամենակարեւորը՝ հաղորդագրության
մեջ եղած միայն մի «Այո»-ն արդեն իսկ իմաստային առումով ընկալվում է որպես քարոզչություն՝
հօգուտ «այո»-ի, ուստիեւ անբարեխիղճ գովազդ է եւ պատվիրատուի, եւ այն տեղադրողի կողմից:
Երրորդ, հաղորդագրությունը, բացի թաքնված քարոզչամիջոց լինելուց, նաեւ, ըստ
էության, հանրային ընդունարանի եւ հիշյալ կայքի գովազդն է, որը ենթադրում է որոշակի
պայմանագրային պարտավորություններ գովազդը տեղադրողի ու պատվիրատուի միջեւ, այդ թվում՝
ֆինանսական պարտավորություններ, որոնք պետք է ձեւակերպված լինեն երկուստեք, բայց
չկան: Իսկ դա «Հանրաքվեի մասին» օրենքի 21 հոդվածի 6-րդ կետի՝ «Արգելվում է քարոզչության
ընթացքում հիմնադրամից դուրս միջոցներ ծախսելը», խախտում է: Մյուս կողմից, «ԱրմենՏելը»,
որպես օտարերկրյա կազմակերպություն, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի «դ»
կետով չունի սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ զբաղվելու իրավունք, առավել
եւս, որ օտարերկրյա՝ հունական պետական ձեռնարկություն է՝ իր 90 տոկոս բաժնետոմսերով:
Բացի այդ, քաղաքական գովազդը ենթադրում է հավասար պայմաններ, բայց դժվար թե «ԱրմենՏելը»
նույն պայմաններով համաձայներ համանման հաղորդագրություններ ուղարկել հանրաքվեին
«ոչ» քարոզողների պատվեր-խնդրանքով, եթե դա անգամ շատ բարեխիղճ գովազդ լիներ, ասենք՝
«կոչ ենք անում հանրաքվեն բոյկոտել» բովանդակությամբ: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել