Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՄՈԲԻԼԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ,
ԱՅԼ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԻՋՈՑ

Նոյեմբեր 18,2005 00:00

Այդ
պատճառով էլ երեկ ոստիկանները փորձում էին միացյալ ընդդիմության Վանաձոր ուղեւորվող
ավտոշարասյունից «պոկել» գոնե մի քանի մեքենա: «18+1+8» ձեւաչափը
ՀԺԿ-ի հետ միասին իր առաջին համատեղ այցը մարզեր իրականացրեց շուրջ 50 ավտոմեքենաներով:
Այդ պատճառով էլ առջեւում ընթացողներս ուշացումով տեղեկացանք, թե ինչ էր պատահել
շարասյան վերջում: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը
պատմեց. «Պետավտոտեսչության մեքենաները հետեւում էին շարասյանը եւ Լենինգրադյան փողոցի
վրա, կարմիր լույսի տակ, խախտում կատարելով՝ անցան եւ կանգնեցրին շարասյան «Գազելը»
(այն տեղափոխում էր բարձրախոսներն ու ուժեղացուցիչները.- Ա. Ի.): Անցորդները հավաքվեցին,
վեճի բռնվեցին՝ արդեն շուռ էին տալիս ոստիկանների 7-8 մեքենաները եւ թույլ չտվեցին
տանել: Հաջորդ անգամ արդեն մայրուղի դուրս գալիս փորձեցին կանգնեցնել: Ասում էին՝
մեքենան տանենք փաստաթղթերը ստուգենք»: Հարցին, թե ինչու են կանգնեցրել՝ ավտոտեսուչները
պատասխանել են. «Մեր շեֆն ասել է, որ ձեր մեքենաները յուղ են վառում՝ տանում ենք,
փոխենք»: Ոստիկանական 4-5 մեքենաներ շարասյանն ուղեկցեցին մինչեւ Երեւանից դուրս
գալը: Ընդդիմության հանրահավաքը խոչընդոտելու փորձեր արվեցին ոչ միայն Երեւանում,
այլ նաեւ Վանաձորում: Բայց մինչ այնտեղ հասնելը ավտոշարասյունը մի քանի կանգառ արեց
Արագածոտնի մարզում: Նշենք, որ թեեւ ընդդիմությունն արդեն իսկ ընդունել է հանրաքվեն
բոյկոտելու որոշում՝ դեռեւս շարունակում են երթեւեկել «ոչ» մակագրությամբ դրոշներով
ու մեքենաներով, նաեւ բնակավայրերում սփռում էին հանրաքվեին «ոչ» ասելու կոչով թռուցիկներ:
Վարդենուտ գյուղի բնակչուհիներից մեկը շարասյան ետեւից գոռում էր. «Այո՞, թե՞ ոչ՝
իմա՞լ ասենք»: Արագածի բնակիչ Արարատ Մարգարյանն ընդդիմադիրներին կոչ արեց. «Ոտքի
հանեք՝ ընդդեմ ֆաշիզմի եւ գյուղական բուրժուազիայի»: «Հանրապետություն» կուսակցության
քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ներկայացրեց քարոզարշավի ընթացքում արդեն իսկ
թույլ տրված խախտումները. «Ամբողջ հանրապետությունում «այո»-ի պաստառներ են կպցրել,
իսկ «ոչ»-ի պաստառներն ամեն տեղ պոկում են ոստիկանները: Մենք դրա դեմ էլ միջոց ունենք,
ժողովուրդ ջան, բայց խնդիրը պաստառի կռվի մեջ չէ. քանի որ եթե այդ կռիվը տանենք՝
իրե՛նք կտուժեն. նրանց պաստառները շատ թանկ են, իսկ մերը՝ էժան: Բայց մեր խնդիրը
ոչ թե իրենց «այո»-ի պաստառները պատից պոկելն է, այլ, կներեք, իշխանությունների հետույքն
այդ աթոռներից պոկելը»: Արամ Սարգսյանը Շենավան գյուղում նաեւ նշեց, թե հանրաքվեն
արդեն իսկ կեղծված է, քանի որ «քարոզչությունը միակողմանի է»: «Այո, միայն «ոչ»-ի
քարոզչություն է ընթանում»,- կատակեց Վազգեն Մանուկյանը: «Հանրապետություն»
կուսակցության ղեկավարը նշում էր, թե իշխանության հույսը հանրաքվեում մարզերն են.
«Երեւանում ժողովուրդն ավելի ագրեսիվ է, փորձում են գյուղերում իրենց մարզպետներով,
ոստիկաններով ազդել, գյուղացիներին ստիպել՝ խոստանալ, թե մի քիչ կարտոլ կտանք, մի
քիչ էս-էն, գնացեք «այո» ասեք»: Շենավանի բնակիչներից մեկն արձագանքեց. «Գյուղացուն
սրանք ի՞նչ են արել, որ գյուղացին իրենց ասածով քվեարկի»: Այս գյուղի բնակիչներից
մեկը «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարից հետաքրքրվեց, թե ի՞նչ են անելու,
եթե «այո» լինի հանրաքվեի արդյունքը: «Եթե «այո» եղավ, որ պարզապես բացառվում է՝
նույն բանը լինելու է գարնանը,- խոստացավ Արամ Կարապետյանը:- Ձեզ ասում եմ իբրեւ
ձեր նման մշեցի՝ կտեսնեք, որ մե՛կ է՝ քցելու ենք սրանց: Հստա՛կ, միանշանակ է՝ եթե
հիմա էլ չեղավ, գարնանը, մեկ է, քցելու ենք»: Մարդիկ գրեթե բոլոր վայրերում հետաքրքրվում
էին, թե որտեղ է Արտաշես Գեղամյանը եւ հավաստիացում ստանալով, թե ընդդիմությունն
այս հարցում միասնական է՝ մաղթում. «Տա Աստված, դուք էլ միշտ սենց միասնական լինեք»:
«Տեսա՞ք, որ եղանք,- հպարտացավ Արամ Կարապետյանը:- Բայց հեռուստատեսությամբ հա՛ ասում
էին, որ չենք միանա»: «Մի քիչ ուշ է, բայց ոչինչ»,- նշեց շենավանցիներից մեկը: Ընդդիմադիրները
կոչ էին անում բոյկոտել քվեարկությունը, չգնալ ընտրատեղամասեր, սակայն, ասենք, Ապարանում
պարզվեց, որ հանդիպման եկածներն առավել հակված են «ոչ» ասելու տարբերակին, եւ չէին
ցանկանում նահանջել՝ այդ տարածաշրջանին բնորոշ համառությամբ: Պարզվեց, որ դիրքորոշումը
չի փոխել նաեւ Դեմոկրատական կուսակցությունը, որն իր ընդունած որոշման համաձայն՝
շարունակում է մնալ «ոչ»-ի կողմնակից: Սակայն ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը վանաձորցիներին
բացատրեց, թե ողջունում են նաեւ բոյկոտողներին. «Ուղղակի գտնում ենք, որ «ոչ»-ը պետք
է հստակ ասված լինի, որ իրենք իմանան, թե ժողովուրդն իրոք մերժում է ե՛ւ սահմանադրական
փաթեթը, ե՛ւ իրենց իշխանությունը»: Վանաձորի բնակիչները սահմանադրական փոփոխություններում
սահմանների փոփոխմանն առնչվող դրույթը կապում էին Մեղրիի հետ: Սակայն մտահոգությունն
արտահայտվեց այսպես. «Ինչո՞ւ պիտի Մեղրին տանք. բա էդ Մեղրու հայ ժողովուրդը որտե՞ղ
պիտի տեղավորվի»: «Ոչ ոք թույլ չի տալու, որ Մեղրին տանք»,- հանգստացրեց նրանց ՀԴԿ
նախագահը: Վանաձորցիները հայտնեցին, թե փակվել են քաղաք բերող մուտքերը (թեեւ
մենք այս քաղաքում տեսանք «Հանրապետություն» կուսակցության Գյումրիի կառույցի մի
քանի ներկայացուցիչների), ոստիկանները կանգնեցրել են երթուղայինները: Նշենք նաեւ,
որ Վանաձորի Արցախ պուրակում ընդդիմության հանրահավաքի շուրջ 2 հազար մասնակիցները
նկարահանվում էին դեմք առ դեմք: Ընդ որում՝ ոչ միայն ներքեւից, այլեւ պուրակին հարակից
9 հարկանի շենքի տանիքից: «Իջի ներքեւ»,- ազգային անվտանգության «օպերատորներին»
մատով կանչելով՝ գոռում էին նկարահանվողները: «Արդարություն» խմբակցության
ղեկավար Ստեփան Դեմիրճյանն արձանագրեց, որ թեեւ ընդդիմության առջեւ խոչընդոտներ են
հարուցվում, սակայն «այդ բոլոր քայլերը միեւնույն է՝ չեն օգնում: Եվ դրա վկայությունն
է այսօր այստեղ հավաքված բազմությունը: Այս պայմաններում, երբ ուժային կառույցներով
բռնություններ, ճնշումներ են գործադրվում՝ հավասար պայմանների մասին ընդհանրապե՛ս
ավելորդ է խոսելը, եւ գտնում ենք, որ հանրաքվեի օրինականության մասին խոսե՛լն իսկ
ավելորդ է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել