Խորհուրդ
է տալիս ԱԺ պատգամավոր, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը –
Պարոն Ռուստամյան, ընդդիմության համախմբումը եւ միասնական բոյկոտի անցնելը կարծես
խառնել է իշխանությունների խաղաքարերը, քանի որ, ակնհայտորեն, հանրաքվեի մասնակիցների
բավարար թվի ապահովման խնդիրներ են առաջանալու: Ինչպե՞ս են պատրաստվում իշխանությունները
սահմանադրական հանրաքվեի համար մասնակիցների թիվն ապահովել այս պայմաններում: –
Ես հակառակ տեսակետին եմ, մոտեցման այդ փոփոխությունը շատ ավելի խրախուսել է «այո»-ի
քարոզիչներին: Նախ, տրամաբանական չէ մարտավարությունը փոխել ընթացքում: Սա կարող
է երկու բան նշանակել՝ որ ի սկզբանե հաշվարկները սխալ են եղել, եւ հաշվարկողը քաղաքական
առումով չի կարողանում ճիշտ գնահատել առնվազն մի քառասուն օրվա մարտավարությունը,
ուրեմն հաշվարկման առումով այդքան հեռատեսություն չունեն: Սա խոսում է իրենց թուլության
մասին: Երկրորդը՝ կարող է շատ հստակ դառնալ, որ «այո»-ի քարոզչությունը ավելի մեծ
թափ է հավաքում, քան «ոչ»-ինը, եւ քվեարկության արդյունքների ժամանակ պարզ կդառնա
երկու կողմերի ազդեցության աստիճանը: Սրանից, կարծում եմ, փորձում են խուսափել, որովհետեւ
իրենք էլ արդեն տեսնում են, որ հարաբերակցությունը կլինի ջախջախիչ՝ «այո»-ի օգտին:
– Որովհետեւ իշխանությունները նկարելու են «այո»-ի օգտին այդ հարաբերակցությունը:
– Այդպես չէ, եթե կասկածը կար, թե միեւնույն է՝ կեղծելու են «այո»-ի օգտին,
ուրեմն անտրամաբանական էր, թե ինչո՞ւ էին «ոչ» քարոզում, դրա համար էլ, կարծում եմ,
իրենք շատ լավ էլ հասկանում են, որ «այո»-ի աճի դինամիկան իսկապես գոյություն ունի:
– Ընտրողներին մի քանի հարց է հետաքրքրում սահմանադրական փոփոխությունների
փաթեթում, եւ այդ ցանկում առաջին տեղերում է երկքաղաքացիության հարցը: Շատերը, ովքեր
դեմ են երկքաղաքացիության արգելքի վերացմանը, հիմնականում մեղադրում են Դաշնակցությանը,
ասում են, որ Դաշնակցության թեթեւ ձեռքով ստիպված ենք լինելու ճաշակել երկքաղաքացիության
վտանգները: – Նախ, վաղուց այդ հարցը այլ հարթությունում է. երբ 95-ին դրվեց
այդ արգելքը, այնպիսի իրավիճակ էր, որը մեզ լրջորեն բաժանեց երկու հատվածների եւ
մեր ներուժը պառակտեց: Սա ուղղակի գաղափարական լուրջ տարաձայնություն էր ՀՀՇ-ի հետ,
սա խորքային պատճառներ եւ բացատրություններ ունի: Բայց տասը տարվա ընթացքում իրավիճակն
այնքան է փոխվել, որ արդեն ոչ միայն Դաշնակցությունը, այլեւ շատերն են հասկացել,
որ երկքաղաքացիության արգելքը պարզապես անտրամաբանական է մի երկրի համար, որը երկու
անգամ ավելի շատ մարդ ունի դրսում, քան ներսում, եւ չի կարող այդպիսի շռայլություն
թույլ տալ եւ չկազմակերպել հայությանը: Մի կողմից մենք պետք է չանտեսենք այդ ներուժը,
մյուս կողմից պետք է այդ ներուժն այնպես օգտագործել, որ այն իր լիարժեք էներգիան
ներդնի ի նպաստ երկրի զարգացմանը: Այստեղ, իհարկե, խնդիր կա, մենք չենք ասում, որ
այդ խնդիրը հեշտ լուծելի է, բայց վստահ ենք, որ այդ խնդիրը իսկապես լուծելի է: Նախ՝
կա միջազգային մեծ փորձ, որը մենք կարող ենք օգտագործել, կան միջազգային հստակ նորմեր,
որոնք մեզ կարող են օգտակար լինել: Արգելքը հանելով, բնականաբար, շատ հստակ ասում
ենք, որ այն իր մեջ պարունակել է եւ կպարունակի մեծ վտանգ մեր միասնականությունը
եւ մեր երկրի առաջընթացը ապահովելու համար, մարդուժի հավաք իրականացնելու առումով,
եւ արգելքը հանելուց հետո կսկսվի մի գործընթաց, որի ընթացքում կկարողանանք գտնել
այնպիսի լուծումներ, որ իրավունքները եւ պարտականությունները բալանսավորվեն եւ վերանան
այն բոլոր մտահոգությունները, որոնց մասին այսօր խոսում են մեր ընդդիմախոսները: Եթե
հետեւենք այսօրվա քարոզարշավին, կարելի է ասել, որ բացառությամբ մեկ-երկու քաղաքական
ուժի, որոնք պարզապես իրենց սկզբունքային հարցն են դա համարում, եւ դա հիմնականում
ՀՀՇ-ին է վերաբերում, մնացածը կողմ են, որ երկքաղաքացիության արգելքը հանվի: Անցած
տասը տարիները ցույց տվեցին, որ փոխվել է նաեւ սփյուռքի պատկերը: Մենք դժբախտաբար
ունեցել ենք մեծ արտագաղթ, որի շնորհիվ ձեւավորվել է նոր որակի սփյուռք, որը չի կարելի
ընկալել մեր հին դասական պատկերացումներով՝ «ախպարներ» եւ այլն, եթե այդպես մտածենք,
մեր ազգի կեսից ավելին արդեն այդպիսի «ախպար» է դարձել, դրա համար էլ մենք պետք է
շատ լավ հասկանանք, որ այս հարցն առնչվում է այսօրվա իրականության հետ, անկախության
տարիների բերած խնդիրներին, որոնք ուղղակի մեր շատ-շատ ընտանիքներին առնչվող խնդիր
է: Ունենք մարդիկ, ովքեր այսօր գտնվում են օտար պետություններում եւ այդ խնդրի առաջ
են կանգնել, քանի որ չեն կարողանում իրենց գործունեությունը լիարժեք ծավալել՝ պահպանելով
ՀՀ քաղաքացիությունը: Շատերը չուզենալով՝ ստիպված են լինում հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից,
արդեն իրավիճակը կտրուկ փոխվել է, այլ որակներ է ձեռք բերել: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ