Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանան

Նոյեմբեր 17,2005 00:00

Քահանան «այո» է քարոզում Սահմանադրական փոփոխությունները նաեւ աստվածահաճո՞ են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում Երիտասարդաց միության անդամները երեքշաբթի կազմակերպել էին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկում, թեման վերնագրելով՝ «Սահմանադրական գայթակղություններ»: Հանրային ընդունարանի ներկայացուցիչներ Արտակ Ասատրյանը եւ Սարգիս Երիցյանը խոսեցին նոր սահմանադրության առավելությունների մասին՝ շեշտելով դրանցում հատկապես մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանության դրույթների առկայությունը: «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող նեգատիվ երեւույթները կաշկանդող ուղղություն է որդեգրել նոր սահմանադրությունը»,- համոզում էր Ա. Ասատրյանը: Քննարկմանը ներկա քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը ավելի կարեւորեց քննարկումների անցկացման գործընթացը, քանի որ արդյունքը, ըստ նրա, ավելի շատ լինելու է սրտի թելադրանքով, քան նոր սահմանադրության արժանիքները հաշվի առնելով: «Կարծում եմ, որ ժողովուրդը բավականաչափ տեղեկացված չէ եւ մարդկանց այն հատվածը, որ հակված է դեպի ընդդիմությունը, բնականաբար, քվեարկելու է դեմ, իսկ իշխանամետ մասը՝ կողմ»,- խոր վերլուծություն արեց քաղաքագետը: Երիտասարդաց միության անդամներին բաժանվել էր բրոշյուրներ, որտեղ արծարծված էր սահմանադրության վերաբերյալ 10 հարց: Քննարկմանը մասնակցող երիտասարդներից մեկը դժգոհեց. «Կարծես նպատակ են դրել համոզելու, թե սահմանադրությունը լավն է: Դրա փոխարեն թող գոնե բացատրեն, թե ինչու է առաջացել հակասություն եւ ինչու պետք է ասել «այո» կամ «ոչ»: Քննարկմանը սահմանադրական փոփոխությունների մասին Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական տեսակետը երիտասարդներին ներկայացրեց տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը. «Նոր սահմանադրության մեջ եկեղեցուն կամ հավատին վերաբերող հարցերին մենք վերապահումներ չունենք»: Իսկ որպես անձնական կարծիք՝ ասաց. «Ես անկեղծորեն զարմացա եւ հպարտ զգացի, որ հատկապես մարդու իրավունքների մասով տրված է անսահմանափակ ազատություն: Նույնիսկ ԱՄՆ սահմանադրությունը այդքան լայն ազատություն չի տրամադրում: Օրինակ, մեր պետությունը իրավունք չունի քո նամակները կարդալու՝ առանց քո իմացության: Կամ դու կարող ես ցուցմունք չտալ քո հարազատի կամ ընտանիքի անդամի դեմ, եթե քո կամքը չէ: Իսկ մարդը պետք չունի իր անմեղությունը հաստատելու, պետությունը պիտի ապացուցի նրա մեղավորությունը: Դա իմ կարծիքով շատ կարեւոր է: Իսկ ազատություն հասկացությունը բոլոր առումներով, մեր քաղաքացիների կյանքում, հուսով եմ, կկիրառվի»: Ասենք, սակայն, որ քահանայի նշած բոլոր նորմերը կան նաեւ գործող սահմանադրությունում: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել