Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ

Նոյեմբեր 17,2005 00:00

Ի՞ՆՉ ՊԱՐՏՔ, Ի՞ՆՉ ԲԱՆ Երկաթուղայինները ուկրաինացիներին ունեցած պարտքի մասին «տեղյակ չեն»: Շաբաթ օրը «Panorama. am»-ը իր կայքում հրապարակում էր զետեղել այն մասին, որ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն ուկրաինական երկաթուղային ընկերությանը՝ «Ուկրժելեզնիցային» բավականին կլորիկ գումար է պարտք: Եվ քանի որ երկար ժամանակ պարտքատիրոջ պահանջներն ու նախազգուշացումները հայկական կողմն անտեսել է, Ուկրաինան որոշել է ավելի կոշտ քայլերի դիմել՝ արգելանք դնել «հայկական երկաթուղու» բոլոր փոխադրումների վրա: «Panorama.am»-ը նույնիսկ մեջբերում է «Ուկրժելեզնիցայի» գլխավոր տնօրենի տեղակալ Մոստովոյի՝ նոյեմբերի 7-ին Հայաստան ուղարկված հեռագրից, ըստ որի, պարտքը մարելու վերջնաժամկետը լրանում էր նոյեմբերի 15-ին: Հակառակ դեպքում՝ փոխադրումների արգելանք կդրվի «Հայկական երկաթուղիների» բոլոր կայարաններ՝ «Ուկրաինական երկաթուղու» բոլոր կայարաններից: Նախ հստակեցնենք, որ խոսքն այն պարտքի մասին է, որը, Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Գագիկ Աղաջանյանի մեկնաբանությամբ, կուտակվել է ուկրաինական վագոններն օգտագործելով: Երբ երկաթուղային վագոնը մտնում է մեր երկրի տարածք, պետք է որոշակի ժամանակահատվածում բեռնաթափվի ու նորից դուրս ելնի: Եթե այն նախանշված ժամանակից ավելի է մնում, այսինքն՝ չեն հասցնում ժամանակին բեռնաթափել, ապա յուրաքանչյուր օրվա համար բեռը ստացող սուբյեկտը պետք է որոշակի սակագնով վճարի վագոնի տիրոջը: Տվյալ դեպքում, փաստորեն, սուբյեկտներն օգտվել են ոչ թե հայկական, այլ ուկրաինական վագոններից ու կա՛մ գումարը չեն տվել, կա՛մ «Հայկական երկաթուղին» այն չի փոխանցել: Սակայն «Առավոտի» հետ զրույցում պարոն Աղաջանյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը չի կարող անպարտաճանաչ սուբյեկտների մեղքով լինել, քանի որ, ըստ երկաթուղու մասին գործող կանոնադրության, փոխադրողը բեռը չի կարող տալ, մինչեւ գումարը չվճարեն: «Չնայած Հայաստանի դեպքում չեմ բացառում, որ կարող էին գտնվել հզոր սուբյեկտներ, որոնք առանց վճարելու ստացել են բեռը՝ պարտքը թողնելով «Հայկական երկաթուղու» վրա»,- ասաց պարոն Աղաջանյանը: Ուկրաինային պարտք լինելը բավականին տարօրինակ է հատկապես այն առումով, որ «Հայկական երկաթուղին» վերջին 2 տարում շահույթով է աշխատում, իսկ շահույթ ունեցող ընկերությունն ինչպե՞ս կարող է գլխին այդքան պարտքեր կուտակել: Այս առնչությամբ «Հայկական երկաթուղու» տնօրեն Արարատ Խրիմյանի պարզաբանմամբ՝ «ես զարմացած եմ, ո՞վ է ձեզ նման բաներ ասել, դա սուտ է, մենք Ուկրաինայի հետ միշտ լավ ենք աշխատել, ճիշտ է՝ պարտքեր ունենք, բայց դրանք ոչ թե կուտակված, այլ աշխատող պարտքեր են»: Պարոն Խրիմյանի հավաստիացմամբ՝ «մենք 15 պետությունների հետ ենք աշխատում, սաղի նկատմամբ պարտք-պահանջ ունենք, Վրաստանին էլ ենք պարտք, Ռուսաստանն էլ մեզ է պարտք, ի՞նչ անենք»: Պարոն Խրիմյանը չհերքեց, որ ուկրաինական կողմը, այնուամենայնիվ, ինչ-որ դժգոհություններ ունեցել է, բայց, ըստ նրա, «էդ էն գումարը չի, որի համար արգելանք դնեն, կարելի է ասել՝ նույնիսկ պարտք չունենք՝ ընդամենը մոտ 30 հազար դոլար, որը փող չի, բացի այդ, հենց «Ուկրժելեզնիցայի» գլխավոր տնօրենն իմ ընկերն է, նման քայլի նա բացառվում է, որ դիմի»: «Հայկական երկաթուղի» ընկերության ֆինանսական վարչության պետ Սուսաննա Մարությանը նույնպես «զարմացավ» այն լուրից, թե մենք Ուկրաինային պարտք ենք, եւ հետո, ըստ նրա՝ «մեր առաջ ոչ մեկը մարման ժամկետ չի դրել, դա անհնար է, նման բաները ամսվա վերջին օրերին են լինում, իսկ հիմա նոյեմբերի կեսն է»: Այն, որ «Հայկական երկաթուղու» տնօրինությունն իբր թե «առաջին անգամ մեզնից է լսում» Ուկրաինային ունեցած պարտքի մասին, բավականին անտրամաբանական է, քանի որ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ այս հարցի առնչությամբ անընդհատ զանգահարել են ընկերության տարբեր վարչություններ ու պարզաբանում պահանջել: Ավելին՝ դեռ հարցը չձեւակերպած՝ ընկերության աշխատակիցներից շատերը, կարծես իմանալով՝ ինչի մասին է խոսքը, միանգամից ասում էին՝ «դիմեք տնօրենին»: Բացի այդ, ընկերության ֆինանսական վարչության պետը, մինչեւ պարոն Խրիմյանին հեռախոսով մեր հարցադրման մասին զեկուցելը՝ հայտնեց, որ վերջին օրերին Ուկրաինային ընկերությունը մոտ 115 հազար շվեյցարական ֆրանկ է փոխանցել, բայց «չգիտեմ, դա պա՞րտք է, թե՞ ինչ»: Պարտքերի մասին պարոն Խրիմյանի անտեղյակությունը զարմանալի չթվաց պարոն Աղաջանյանին՝ «դե, այդպես էլ պիտի ասեին, հավանաբար արդեն հարցերը կարգավորել են»: Եվ, իսկապես, նոյեմբերի 15-ին ուկրաինական կողմից ձեն-ձուն չկար, բեռնափոխադրումներն իրականացվել են նորմալ, խաղաղ մթնոլորտում եւ կարեւորը՝ առանց ուկրաինական արգելանքների: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ Հ. Գ. Իհարկե, եթե Ուկրաինան իսկապես նման արգելք դներ, դրա տնտեսական հետեւանքները շատ լուրջ կլինեին. Հայաստանը չէր ստանա բացառապես Ուկրաինայից ներկրվող զգալի քանակությամբ ապրանքատեսակներ, օրինակ՝ շինանյութ, մետաղական կոնստրուկցիաներ, հնդկաձավար, ոլոռ, խտացրած կաթ, մակարոնեղեն, ձեթեր, ինչը դեֆիցիտ կառաջացներ եւ այդ ապրանքատեսակների գները կբարձրացներ: Թեեւ առայժմ դժվար է ասել, թե ինչքան էինք Ուկրաինային պարտք, բայց հավանաբար հասկանալով ու հաշվարկելով այս ամենը՝ մերոնք եթե ոչ ողջ գումարը, ապա գոնե դրա մի մասը փոխանցել են ու հարցը Հայաստանին հատուկ «ներքին կարգով» լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930