ՍՈՑԻՈԼՈԳՆԵՐԸ ՊԱՍԻՎ ԵՆ Նրանցից ոմանց ոչ ոք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային կարծիքն ուսումնասիրելու պատվեր չի տվել: «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 9 կետով կարգավորված է հանրաքվեի ժամանակ հասարակությանն առաջադրված հարցադրման վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրությունների հրապարակումը, որի համաձայն, հանրաքվեի քարոզչության վերջին 3 օրվա ընթացքում արգելվում է հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը: Ասել է թե՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող կազմակերպությունների համար իրենց հարցումների արդյունքները հրապարակելու վերջին ժամկետը նոյեմբերի 23-ն է: Այդուհանդերձ, ի տարբերություն 2003թ. նախագահական ու խորհրդարանական կամ դրանից հետո տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների, երբ սոցիոլոգիական հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունները ժամանակ առ ժամանակ թեկնածուների վարկանիշների, ընտրությունների մասնակցության վերաբերյալ պարբերաբար սոցհարցումներ էին հրապարակում, սահմանադրական փոփոխությունների դեպքում առանձնակի ակտիվություն կամ շահագրգռություն չի դրսեւորվում: Երեկ պրոֆեսիոնալ մակարդակով այդպիսի հետազոտություններ անցկացնող միայն մեկ կազմակերպություն է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցման արդյունքներ է հրապարակել: Դա «Ընտրական համակարգեր կենտրոնի» «Vox Populi» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնն է, որի վերջին այդպիսի հեռախոսային հարցումը Երեւան քաղաքի 649 բնակիչների շրջանում կատարվել է այս տարվա նոյեմբերի 2-4-ը: Կատարված հարցման արդյունքում «Vox Populi»-ի եզրակացության համաձայն, հարցվածների 54%-ը մտադիր կամ հակված է մասնակցելու հանրաքվեին: «Ընտրություններին մասնակցող երեւանցիների 46,6 %-ը մտադիր է «կողմ» քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ որպես հիմնավորում նշելով «երկքաղաքացիության դրույթը», «խորհրդարանի դերի մեծացումը», այն «համարելով դրական քայլ», «քայլ դեպի Եվրոպա» եւ այլն»: Իսկ ահա «դեմ» քվեարկողներից շատերը մտադիր չեն մասնակցել հանրաքվեին: Հանրաքվեին մասնակցելու մտադրություն ունեցող երեւանցիներից միայն 17,5 %-ն է գնում հանրաքվեի՝ հատուկ «ոչ» քվեարկելու համար: Ընդ որում, այդ մարդիկ իրենց նման դիրքորոշումը հիմնավորել են նրանով, որ «չեն վստահում իշխանություններին», «ոչինչ չի փոխվի», «դեմ են նախագահի անձեռնմխելիությանը», «դեմ են երկքաղաքացիությանը», «դեմ են համասեռամոլների ամուսնությանը» եւ այլն: «Vox Populi»-ին նաեւ կանխատեսում է արել հանրաքվեին ընտրողների մասնակցության վերաբերյալ: Համաձայն այդ կանխատեսման, եթե Երեւանում ընտրողների ցուցակային թիվը մոտ 700 հազար է, ապա ընտրողների թիվը (միգրացիան հաշվի առնելով)՝ 560 հազար: Հարցման արդյունքներով հանրաքվեին մասնակցողների թիվը կլինի մինչեւ (առավելագույնը) 300 հազար: Սոցիոլոգիական հետազոտություններով պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվող «Սոցիոմետր» կազմակերպությունը, որը ղեկավարում է Ահարոն Ադիբեկյանը, իր ասելով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առնչությամբ սոցհարցումներ չի արել, որովհետեւ նման պատվեր ոչ իշխանությունների, ոչ ընդդիմության կողմից չի ստացել: «Այն կուսակցություններին, որոնց ես դիմել եմ, հրաժարվել են»,- ասաց պարոն Ադիբեկյանը՝ դրա պատճառը փնտրելով իշխանության ու ընդդիմության ճամբարներում եղած տրամադրությունների ու սոցհարցումներից եղած ակնկալիքների համատեքստում: Ըստ նրա, իրենց անցկացրած հարցումների արդյունքները կարող էին այնպիսին ստացվել, որի տոկոսային հարաբերակցությունը ձեռնտու չէր լինի հանրաքվեն «հեղափոխության» վերածելու մասին հռչակած ընդդիմությանը, իսկ իշխանություններին նույն պատճառով ձեռնտու չէր լինի, որովհետեւ նրանք հայտարարում են, թե վստահ են հանրաքվեի «այո»-ն ստանալու հարցում: Ուստի՝ սոցհարցումները կարող էին նրանց համար վարկաբեկիչ լինել: Այդ դեպքում նշանակո՞ւմ է արդյոք, որ «Vox Populi»-ի անցկացրած հարցումները հանրաքվեի կոնկրետ արդյունքով շահագրգռված մարդկանց ձեռնտու տարբերակով է արված: «Նրանք ստորաբար հարցումները հեռախոսով են արել, որի տվյալները մասնագետների կողմից միշտ կասկածելի են համարվել: Եթե այդ հարցումն արվել է ընտրանքային սկզբունքով, կարեւոր են նաեւ հարցադրումների ճիշտ ձեւակերպումները, գուցեեւ՝ ճշմարիտ են»,- ասաց Ա. Ադիբեկյանը: Իսկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ, հիմնականում «այո»-ի եւ «ոչ»-ի հարթության տեսանկյունից, էլեկտրոնային հարցումներ են անցկացնում եւ «Ա1+»-ը՝ իր պաշտոնական կայքում, եւ «Ելք» կոչվող հասարակական բարեփոխումների կենտրոնը՝ «Այո»-ի պաշտոնական կայքում: «Ա1+»-ի կայքում երեկվա դրությամբ կա միայն հանրաքվեին մասնակցությանը վերաբերող տվյալներ, որոնց համաձայն՝ 179 քվեարկածների 57%-ը մասնակցելու է հանրաքվեին, 35,8%-ը չի մասնակցելու, իսկ 7,3 %-ը դեռ չի կողմնորոշվել: Իսկ «Այո»-ի կայքում իրականացվող հարցմանը երեկվա դրությամբ մասնակցած 12452 հոգուց 6612-ը սահմանադրական փոփոխություններին ասելու է «այո»՝ 53%, իսկ 5840-ը «ոչ» է քվեարկելու, ինչը կազմում է 47%: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ