Սահմանադրական փոփոխությունները նաեւ աստվածահաճո՞
են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում Երիտասարդաց
միության անդամները երեքշաբթի կազմակերպել էին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ
քննարկում, թեման վերնագրելով՝ «Սահմանադրական գայթակղություններ»: Հանրային ընդունարանի
ներկայացուցիչներ Արտակ Ասատրյանը եւ Սարգիս Երիցյանը խոսեցին նոր սահմանադրության
առավելությունների մասին՝ շեշտելով դրանցում հատկապես մարդու իրավունքների եւ ազատության
պաշտպանության դրույթների առկայությունը: «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
գործող նեգատիվ երեւույթները կաշկանդող ուղղություն է որդեգրել նոր սահմանադրությունը»,-
համոզում էր Ա. Ասատրյանը: Քննարկմանը ներկա քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը ավելի
կարեւորեց քննարկումների անցկացման գործընթացը, քանի որ արդյունքը, ըստ նրա, ավելի
շատ լինելու է սրտի թելադրանքով, քան նոր սահմանադրության արժանիքները հաշվի առնելով:
«Կարծում եմ, որ ժողովուրդը բավականաչափ տեղեկացված չէ եւ մարդկանց այն հատվածը,
որ հակված է դեպի ընդդիմությունը, բնականաբար, քվեարկելու է դեմ, իսկ իշխանամետ մասը՝
կողմ»,- խոր վերլուծություն արեց քաղաքագետը: Երիտասարդաց միության անդամներին
բաժանվել էր բրոշյուրներ, որտեղ արծարծված էր սահմանադրության վերաբերյալ 10 հարց:
Քննարկմանը մասնակցող երիտասարդներից մեկը դժգոհեց. «Կարծես նպատակ են դրել համոզելու,
թե սահմանադրությունը լավն է: Դրա փոխարեն թող գոնե բացատրեն, թե ինչու է առաջացել
հակասություն եւ ինչու պետք է ասել «այո» կամ «ոչ»: Քննարկմանը սահմանադրական
փոփոխությունների մասին Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական տեսակետը երիտասարդներին
ներկայացրեց տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը. «Նոր սահմանադրության մեջ եկեղեցուն
կամ հավատին վերաբերող հարցերին մենք վերապահումներ չունենք»: Իսկ որպես անձնական
կարծիք՝ ասաց. «Ես անկեղծորեն զարմացա եւ հպարտ զգացի, որ հատկապես մարդու իրավունքների
մասով տրված է անսահմանափակ ազատություն: Նույնիսկ ԱՄՆ սահմանադրությունը այդքան
լայն ազատություն չի տրամադրում: Օրինակ, մեր պետությունը իրավունք չունի քո նամակները
կարդալու՝ առանց քո իմացության: Կամ դու կարող ես ցուցմունք չտալ քո հարազատի կամ
ընտանիքի անդամի դեմ, եթե քո կամքը չէ: Իսկ մարդը պետք չունի իր անմեղությունը հաստատելու,
պետությունը պիտի ապացուցի նրա մեղավորությունը: Դա իմ կարծիքով շատ կարեւոր է: Իսկ
ազատություն հասկացությունը բոլոր առումներով, մեր քաղաքացիների կյանքում, հուսով
եմ, կկիրառվի»: Ասենք, սակայն, որ քահանայի նշած բոլոր նորմերը կան նաեւ գործող
սահմանադրությունում: Սեփ. լր.