Բուհի ռեկտորն այժմ այնքան էլ կարեւոր չէ, որքան
բուհի խորհրդի նախագահը Բուհական խորհուրդների ձեւավորման նոր
կարգը բավական յուղոտ պաշտոնների տեղ բացեց։ Դա խորհուրդի նախագահի պաշտոնն է։ Իսկ
նախագահի ձեռքում է բուհի ողջ ֆինանսական անցուդարձը։ Իհարկե՝ ռեկտորի հետ միասին:
Սակայն բուհերի՝ խորհուրդներով ղեկավարվելու մոդելի դեպքում, աշխարհի փորձը ցույց
է տալիս, որ ռեկտորն աստիճանաբար դառնում է սոսկ ակադեմիական ղեկավար։ Ըստ կառավարության
հաստատած նոր կարգի, խորհուրդի կազմը եւ նախագահի թեկնածությունը վերջնականապես հաստատում
է հիմնադիրը՝ ի դեմս վարչապետի։ Եվ հիմա, ըստ հավաստի լուրերի, նոր աթոռակռիվ է սկսվել
կառավարության եւ ԿԳ նախարարության (ՕԵԿ-ՀՀԿ) միջեւ։ Երկուսն էլ իրենց թեկնածուներին
առաջադրեցին խորհուրդների կազմում եւ հիմա պետք է հավասարապես բաժանել յուղոտ պաշտոնները։
Սա է պատճառը, որ նախատեսվածից մոտ մեկ ամիս ձգձգվում է բուհական խորհուրդների կազմի
վերջնական հաստատումը կառավարության կողմից։ Ոմանք նույնիսկ կատակում են, թե կառավարությունն
ու ԿԳ նախարարությունը չունեն այդքան ռեսուրս, որպեսզի բավարարի բոլոր բուհերին՝
վերոնշյալ պաշտոնի համար։ Ռեկտորների շրջանում խորհուրդների կազմի վերջնական
ձեւավորման մասին մեր հարցումները գրեթե ապարդյուն էին։ Ռեկտորները հիմնականում անտեղյակ
են, թե ովքեր են լինելու իրենց բուհի խորհուրդների կազմում։ Նրանք ներկայացրել են
իրենց մասնաբաժինը՝ պրոֆեսորադասախոսական կազմից եւ ուսանողներից, իսկ մնացածը կանի
ԿԳՆ-ն ու կառավարությունը՝ իրենց հայեցողությամբ, հիմնականում առանց ռեկտորների հետ
համաձայնեցնելու։ Տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը մեզ
հետ զրույցում նույնիսկ հայտնեց, որ նախարարության զիջած 12.5 տոկոսի (եւս 4 տեղ՝
պրոֆեսորադասախոսական կազմի համար) թեկնածությունը նախարարությունն ինքը պետք է առաջադրի.
«Չորս տեղ տվել են, բայց իրենք են ընտրել, թե ում, ես տեղյակ չեմ»,- մեզ հետ զրույցում
ասաց պրն Կիրակոսյանը։ Այս հարցում քիչ թե շատ ինքնավարություն է պահպանվում
Ճարտարապետաշինարարական համալսարանում։ Ռեկտոր Արեստ Բեգլարյանը մեզ ասաց, որ նույնիսկ
լիազոր մարմնի ներկայացուցիչներից մի քանիսին ինքն է առաջադրել. օրինակ՝ Ճարտարապետների
միության նախագահ Ջիմ Թորոսյանին, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալուստյանին։
Եվ հուսով է, որ վարչապետն էլ կոմպետենտ մարդկանց կներգրավի խորհրդի կազմում։ Ռեկտորը
բացառում է, որ հետագայում իր բուհի վրա կարող են ճնշումներ լինել հիմնադրի կամ լիազոր
մարմնի ներկայացուցիչների կողմից։ Իսկ ինչ վերաբերում է իրեն փոխարինող ռեկտորի հավանական
թեկնածուներին, ապա պրն Բեգլարյանը հավաստիացնում է, որ այսօր անուններ չեն հնչում.
«Հավանաբար այն պատճառով, որ շատ խոսվեց մեր եւ պոլիտեխնիկի միացման մասին, սակայն
միացումը բացառվում է, այսօր այդ հարցը չկա։ Ես հանդիպումներ եմ ունեցել նախարարության
եւ կառավարության ներկայացուցիչների հետ. Հայաստանը պետք է ունենա ճարտարապետության
եւ շինարարության համալսարան։ Դրանք մեր գենետիկ մասնագիտություններն են, իհարկե՝
մյուսներին չեմ թերագնահատում,- ասում է Արեստ Բեգլարյանը։- Ղրղըզստանն այսօր 42
պետական բուհ ունի։ Ո՞վ կարող է ասել՝ դա շա՞տ է, թե՞ քիչ։ Բուհը ստեղծվում կամ կիսվում
է պահանջարկով եւ ոչ թե մահակով»։ Ա. Բեգլարյանը նորմալ է վերաբերվում մի
խումբ ուսանողների այսօրվա ընդվզումներին՝ խորհուրդների ձեւավորման նոր կարգի վերաբերյալ,
թեեւ կարծում է, որ պայքարը գուցե մի փոքր ժամանակավրեպ է։ Նա ցավով հայտնում է,
որ եթե 11 բուհերն իրենց չդավաճանեին եւ համատեղ պայքարեին, գուցե հասնեին այդ որոշման
կասեցմանը։ (Հիշեցնենք՝ որոշման առնչությամբ իրենց դժգոհությունը վերադասին հայտնելուց
հետո Ճարտարապետաշինարարականը, ԵՊՀ-ն, Լեզվագիտական համալսարանը եւ Տնտեսագիտականը
իբրեւ փոխզիջում ստացան նախարարության 12.5 տոկոս մասնաբաժինը)։ «Ամենավիրավորականն
այն էր, որ որոշումն իրականացվել էր արձակուրդին, գաղտնի, հետո ներկայացվեց, թե իբր
քննարկվել է մեզ հետ»։ Թեեւ պրն Բեգլարյանը չի բացառում, որ որոշ բուհերի ղեկավարներ
գուցեեւ իմացել են այդ մասին։ Չէ՞ որ ոմանք շատ արագ փոխեցին իրենց կանոնադրությունները
եւ ուղարկեցին կառավարության հաստատմանը։ Իսկ առաջիններից էին Բժշկական համալսարանը,
Գյուղակադեմիան, Պոլիտեխնիկը, Մանկավարժականը եւ հետո՝ մյուսները: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Այս օրերին նորից քննարկվում է Պոլիտեխնիկի
ռեկտորի հավանական թեկնածուների հարցը: Նրանց շարքերը համալրել են Պոլիտեխնիկի նախկին
պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը, որ այս պայքարում հազվադեպ պատահող
դաշնակցականներից է, եւ Սեյսմիկ ծառայության ղեկավար Ալվարո Անտոնյանը: Մեր տեղեկություններով՝
կառավարությունը հակված է նախապատվությունը տալ վերջին թեկնածուին: