Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իննային պետք է անձնագիր եւ իր աղջիկը

Նոյեմբեր 17,2005 00:00

ՌԴ
դեսպանատունը բարեհաճ չէ նաեւ ՌԴ քաղաքացիների հանդեպ Ծնունդով
մոսկվացի, 43-ամյա Եդունովա Իննան 20 տարի առաջ հեռացել է հայրական տնից եւ, իր ասելով՝
«ոտքերս իրենք բերեցին Կովկաս»: Այդ ժամանակից սկսած նա ապրում է փողոցում, գիշերում
նկուղներում, չհաշված այն կարճ հատվածները, երբ ինչ-որ մեկը տեղ է տվել իր տանը:
«Իմ ընտանիքում ինձ լավ չէին վերաբերվում, եղբայրներս ծաղրում էին՝ մեծ քթիս պատճառով,
հայրս ծեծում էր, իսկ երբ մայրս պաշտպանում էր ինձ՝ նրան էլ էր ծեծում: Այդ տխուր
հիշողություններն են պատճառը, որ հայրենիք վերադառնալու մասին չեմ մտածել»,- երեկ
ասաց «Առավոտի» խմբագրություն եկած Իննան: 10 տարի առաջ Իննան նաեւ ծննդաբերել
է, ունեցել է աղջիկ եւ անվանել մոր անունով՝ Մարիա. «Այդ ժամանակ արդեն անձնագիրս
կորցրել էի, չեմ էլ փորձել վերականգնել, աղջկաս տվին իմ ազգանունը՝ առանց անձնագիրս
պահանջելու»: Հետագայում կիսասառած վիճակում գտնվող վեցամսյա աղջկան պատսպարում է
Վրաստանի աղանդավորական զիդոզյան միաբանությունը, իսկ Իննան կրկին հայտնվում է փողոցում,
իսկ անցյալ տարի աշխատանք գտնելու հույսով հասնում է Հայաստան: «Ես ուզում եմ աղջկաս
վերցնել ինձ մոտ ու նորմալ կյանքով ապրել, բայց Վրաստանի իշխանություններն ասացին,
որ առանց աշխատանք ու տուն ունենալու՝ երեխային չեն տա: Իսկ ամեն ինչից առաջ ինձ
անձնագիր է պետք: Հայաստանում դիմեցի Ռուսաստանի դեսպանատուն, հարցում արին ու պարզեցին,
որ գրանցված եմ Մոսկվայում, քաղաքացիությունս չեմ փոխել, բայց անձնագիր տալու փոխարեն
ուզում են ինձ վերադարձնել Ռուսաստան: Իսկ ես առանց աղջկաս չեմ գնա»,- կնոջ այս վերջնագիրը,
սակայն, դեսպանատունը չի ընդունում: Տիկնոջ մոտ էր դեսպանատանն ուղղված իր դիմումը
եւ Մոսկվայի միգրացիոն ծառայությունից ստացած դրական պատասխանը, ուրիշ փաստաթուղթ
չուներ: Մենք փորձեցինք պարզել՝ կարո՞ղ է Իննան դեսպանատան միջոցով ստանալ ՌԴ անձնագիր,
սակայն աշխատակիցը (567427 հեռախոսահամարին պատասխանողը) բացատրեց, որ նախ պետք է
տիկինը անձնագիրը կորցնելու ժամանակ տեղի ոստիկանությանը դիմեր եւ ունենար նրանց
գրությունը: Բայց դա 20 տարի առաջ էր եւ նա չի հիշում, թե որտե՞ղ է կորցրել փաստաթուղթը.
այս հարցին պաշտոնյան պատասխանեց. «Բռնեք նրա ձեռքը, եկեք՝ հերթագրվեք ընդունելության»:
Դժվար թե հաջողվի մեզ հետեւել աշխատակցի խորհրդին թեկուզ եւ այն պարզ պատճառով,
որ Իննան ապրում է «բոմժի» կյանքով եւ նրան գտնելը դժվար է: «Առավոտի» խմբագրություն
էլ նա եկել էր, որովհետեւ «տեսա՝ բարձր շենք է, մտա, վերելակով մեկը գալիս էր այստեղ՝
եկա: Մտածեցի՝ բոլորին պատմում եմ իմ գլխին եկածը, իրենց էլ կպատմեմ, կարող է՝ օգնեն»:
Ամեն դեպքում խորհուրդ տվեցինք Իննային՝ ամեն օր գնալ դեսպանատուն, մի քիչ սպասել
անցագրային մասում. գուցե հրապարակումից հետո ռուսական համայնքը կամ որեւէ մեկը օգնի
Իննային՝ ամեն ինչ վերսկսել նորից, դասավորել կյանքն ու ապրել սովորական մահկանացուի,
ոչ թե՝ «բոմժի» ճակատագրով: «Ես փողոցային կին չեմ, ընդամենը ենթարկվել եմ ճակատագրիս»,-
ասաց մեր պատահական այցելուն: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել