Երեւանի
մամուլի ակումբը (ԵՄԱ) նոյեմբերի 5-12-ը իրականացրել է Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներում
սահմանադրական փոփոխությունների լուսաբանման մոնիտորինգ: Երեկ
ԵՄԱ-ն հրապարակեց ուսումնասիրության արդյունքները: Ակումբը դիտարկել է ՀՀ ողջ տարածքում
հեռարձակվող 4 հեռուստաընկերություն եւ 7 թերթ: ԵՄԱ-ի փորձագետ Մեսրոպ Հարությունյանի
ներկայացմամբ, դիտարկվել են լրատվականի գլխավոր թողարկումները, լրատվական-վերլուծական
ծրագրերը եւ քաղաքական բովանդակությամբ թոք-շոուները: Ըստ փորձագետի, հիմնական նպատակն
է` պարզել, թե հայաստանյան լրատվամիջոցները որքանով են հասարակությանը համարժեք տեղեկություն
տալիս առաջիկա հանրաքվեի եւ ընդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին, որքանով
են նպաստում գիտակցված ընտրություն կատարելուն: Եթե տվյալ հաղորդումը կամ հրապարակումը
ընկալվում է որպես քարոզչություն սահմանադրական փոփոխությունների օգտին, ապա այն
գնահատվում է դրական, «ոչ»-ի դեպքում` բացասական: Հաշվի են առնվել նաեւ չեզոք հրապարակումները:
Մ. Հարությունյանի տվյալներով, «Հ2» «Լրաբեր» լրատվական ծրագրի 141 թողարկումից թեմային
վերաբերել է 26-ը, որից 14-ը՝ դրական, 2-ը՝ բացասական, 10-ը՝ չեզոք: «Հ1» «Հայլուր»
լրատվական ծրագրի մեկ շաբաթվա թողարկած 192 լուրից մոնիտորինգի թեմային առնչվել է
30-ը, որից 14-ը դրական է գնահատվել, 5-ը՝ բացասական, 11-ը՝ չեզոք: «Ազգ» օրաթերթի
214 հրապարակումից բարեփոխումներին վերաբերել է 10-ը, որից 2-ը՝ դրական, 4-ը՝ բացասական,
4-ը՝ չեզոք: «Հայկական ժամանակ»-ի 195 նյութերից թեմային առնչվել է 52-ը, որից 4-ը
գնահատվել է դրական, 21-ը՝ բացասական, 27-ը՝ չեզոք: «Առավոտ» օրաթերթի 297 հրապարակումից
թեմային վերաբերել է 61-ը, որից 5-ը՝ դրական, 12-ը՝ բացասական եւ 44-ը՝ չեզոք: Թե
հեռուստատեսություններում, թե թերթերում գերակշռողը հանրաքվեի կազմակերպմանն առնչվող
հարցերն են: Միջոցառմանը ներկա սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ամփոփելով նշյալ արդյունքները՝
նշեց, որ սույն հրապարակումները բավարար չեն մարդկանց սահմանադրական բարեփոխումներին
իրազեկելու. «Դպրոցական լեզվով ասած՝ գնահատում եմ «3»: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ