Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՆԻՑ ՀԱՆԵՔ ԴՈՒՐՍ»

Նոյեմբեր 17,2005 00:00

«Այո»-ի
քարոզիչները քվորումի խնդի՞ր են ունենալու «Այո»-ի քարոզիչները
երեկ դեսանտ էին իջեցրել Արարատի մարզում: Մարզի բնակիչները, սակայն, առանձնապես
իրարանցման մեջ չէին: Իշխանությունների քարոզը լսելու համար դահլիճներ էր բերվել
Արարատի մարզի հասարակության առավել «գիտակից» մասը՝ մանկավարժա-չինովնիկական դասը,
մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցներ եւ այլ պաշտոնատար անձինք: «Այո»-ի քարոզչությունը
նման էր ընդլայնված «պարտխոզակտիվի» ժողովի, որի ընթացքում պատասխանատուները հրահանգավորում
էին, թե ինչպես է հարկավոր աշխատել առավել լայն զանգվածների հետ: Մասիս քաղաքում
երեկ «այո» էին քարոզում ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը եւ ԱԺ սոցիալական,
առողջապահական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ անդամ
Գագիկ Մխեյանը: Առաջին հայացքից նկատելի էին «ոչ»-ի եւ «այո»-ի քարոզչության
մի շարք էական տարբերություններ: Եթե «ոչ»-ի քարոզչություն իրականացնողներին գյուղից
գյուղ ուղեկցում են հասարակական կարգի պահապաններն ու ԱԱ աշխատակիցները եւ շարունակ
խոչընդոտներ են ստեղծում, մարդկանց համոզում չգնալ հանդիպման, ապա «այո»-ի առջեւ,
բնականաբար, նման խոչընդոտներ չկային, եթե «ոչ»-ի քարոզչությունը լսելու համար հրապարակ
կամ դահլիճ եկողները հիմնականում սոցիալապես անապահովներն են, ապա «այո»-ի քարոզը
լսելու էին բերվել հագած-կապած, ավելի կուշտ տեսք ունեցող ՀՀ քաղաքացիները: Միակ
նմանությունն այն էր, որ ոչ «ոչ»-ի, ոչ էլ «այո»-ի քարոզիչները իրենց գործունեության
համար առանձին վարձատրություն չեն ստանում: Եվ եթե ընդդիմության պարագայում դա հասկանալի
է, ամենեւին հասկանալի չէ իշխանությունների «այո»-ի պարագայում, եւ մնում է միայն
մտածել, որ սրտանց եւ ինքնամոռաց «այո» քարոզող որոշ ոչ առաջատար կուսակցություններ,
գործիչներ կամ պաշտոնյաներ պարզապես մի բան են ակնկալում իրենց քարոզի դիմաց, որ
իշխանություններն իրենց նկատեն եւ «էս ամբողջ գլխացավանքի դիմաց» մի կարգին գործ
տան իրենց: ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը երեկ շարունակ հակառակվում
էր ընդդիմության ասածներին եւ այդպես էլ չասաց, թե ինչո՞ւ, հատկապես ո՞ր հոդվածի,
ո՞ր փոփոխության համար է հարկավոր ասել «այո»: Միակ ասելիքն այն էր, որ այս փոփոխությունները
զարկ են տալու առաջընթացին, որ, ինչպես նախորդ օրը արտաշատցիներին քարոզել էր մարզպետ
Ալիկ Սարգսյանը՝ ասիական ընտանիքից հարկավոր է անցում կատարել եվրոպական ընտանիք:
Գագիկ Մխեյանը կարծիք հայտնեց, որ դժվար թե գտնվի մի մարդ, որը կասի, թե չի
ուզում տեսնել բարեկեցիկ եւ ժողովրդավարական երկիր: Նա հիշեց նաեւ հանգուցյալ Թոմաս
Ջեֆերսոնին, որը մի անգամ անզգուշաբար ասել էր, որ կատարյալ սահմանադրություն միայն
Աստված ունի: Խոսքից հասկացվեց, որ մեր իշխանությունները եթե Աստված չեն, գոնե մոտ
են դրան, քանի որ իրենց առաջարկած սահմանադրական փոփոխությունները, ըստ Գագիկ Մխեյանի՝
տանում են դեպի «կատարյալ եւ ժողովրդավար երկիր»: Գառնիկ Իսագուլյանը ընդդիմության
հետ իր հեռակա կռվում ասում էր, որ երկքաղաքացիությունը ամենեւին չի նշանակում քաղաքացիություն.
«Համենայնդեպս, ընտրելու եւ ընտրվելու իրավունք այդ քաղաքացիները չեն ունենալու:
Ես, օրինակ, ուրախ կլինեի, որ երբ մենք վերացնենք սահմանադրության այս արգելանքը,
այն պետությունները, որտեղ կա այս արգելանքը, նրանք էլ վերացնեին, եւ այդ հայերը
ստանային երկքաղաքացիություն: Մի քանի խնդիրներ կլուծվեին, վերջապես այդ հայերը շատ
մեծ ցանկություն կարող են ունենալ իրենց ժառանգներին ուղղակի մի փաստաթղթով ասել,
որ իրենք հայ են: Մենք վախենում ենք դրսում ապրող մեր հայրենակիցներին այդ փաստաթուղթը
տալ, վախենում ենք, որ հանկարծ վաղը կգան, տեր կդառնան այս երկրին: Աստված արասցե,
որ մի օր աշխարհում սփռված բոլոր հայերը վերադառնան հայրենիք»: Նրանց մասին, ովքեր
մտադիր են հեղափոխություն անել, Գառնիկ Իսագուլյանը իր կարծիքն ուներ. «Եթե մտածում
են, որ մի տասը հազարով կարելի է Հայաստանում սահմանադրական կարգը փոփոխել, ապա սա
եւս նայիվ մտածողություն է»: Ասվեց, որ այսօր «մենք այդ շռայլությունն անելու իրավունքը
չունենք»: Իսկ ընդդիմությունը, ըստ պարոն Իսագուլյանի, պետական մտածողություն չունի.
«Մենք էլ ենք ընդդիմություն եղել, բարձրացրեք մեր բոլոր ելույթները, ես որպես ձեր
կողմից ընտրված պատգամավոր՝ որեւէ օր ձեր առաջ սոցիալական հարց բարձրացրե՞լ եմ, ՀՀՇ-ական
իշխանության առաջ, չնայած մութ էր, թալանը ավելի մեծ էր»: Ըստ Գառնիկ Իսագուլյանի,
ընդդիմությունը երազում է մի օր «էդ աթոռին նստել»: Տեղից մեկը համարձակվեց ասել՝
«Բայց նստել են, Վազգեն Մանուկյանը նստել է»: Բայց նախագահի խորհրդականը շարունակում
էր՝ «Աստված տա, որ գոնե մեկ օր էդ մարդկանց մեջ շարժվի ազգային մտածողությունը»:
Գառնիկ Իսագուլյանը շարունակ անդրադառնում էր բոյկոտի խնդրին եւ ասում, որ
իր այդ քայլով ընդդիմությունը մտադիր է հասնել նրան, որ մասնակցության թիվը չապահովվի,
իսկ ինքը խորհուրդ էր տալիս. «Շատ լավ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքացի գտնի այդ
տասը րոպեն եւ իր պարտականությունները կատարի»: Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը,
որը մի ժամանակ ՕԵԿ անդամ էր, հիմա ՀՀԿ-ն է ներկայացնում, իր համաքաղաքացի պատասխանատու
աշխատողներին քարոզեց. «Նոյեմբերի 27-ին բոլորս գնալու ենք «այո»-ի համար, մաքսիմալ
ձեւով աշխատում ենք, մի խնդրանք ունենք՝ բնակչությանը տնից հանեք դուրս: Իսկ ժողովուրդը
ինքը կորոշի՝ «այո» ասի, թե «ոչ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել