ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 74-րդ առաջնությունում անհաջողությունները շարունակում են հետապնդել մեր հանրապետության ծանրորդներին: 85 կիլոգրամ քաշային կարգում նույնպես Հայաստանը հայտավորել էր երկու մարզիկի՝ Արսեն Մելիքյանին եւ Տիգրան Մարտիրոսյանին: Անկեղծ ասած՝ խիստ կասկածում էինք, որ Սիդնեյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրն ի վիճակի կլինի պայքարել մրցանակային կամ բարձր տեղերի համար: Բանն այն է, որ մրցավայր մեկնելուց առաջ ազգային հավաքականի գլխավոր եւ Արսենի անձնական մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանն «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր, որ իր սանը դեռեւս օգոստոս ամսին ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ժամանակ վնասել էր ոտքը ու չէր հասցրել լրիվ ապաքինվել: Մեր հարցին, թե հիմա նա որքանո՞վ է պատրաստ, որ ընդգրկվել է հավաքական ու մեկնում է Քաթար, մարզիչը պատասխանել էր. «Մոտ ութսուն տոկոսով: Բայց Դոհայում պետք է ավելի ծանր կիլոգրամներ ցույց տա, քան Հայաստանում»: Սակայն ինչպես ցույց տվեց աշխարհի առաջնությունը, մարզչի ցանկությունն այդպես էլ իրականություն չդարձավ: Մեր վաստակաշատ մարզիկը երկու վարժություններում իրեն վերապահված վեց մոտեցումներից հաջող իրացրեց միայն մեկը՝ առաջին մոտեցմամբ հաղթահարելով 162 կիլոգրամ, որն այդ մրցաձեւում ընդամենը 12-րդ ցուցանիշն էր: Առաջնության պաշտոնական կայքում երկրորդ վարժության ընթացքի մասին երեկ առավոտյան ոչ մի տեղեկություն չկար: Դրա փոխարեն Արսեն Մելիքյանի անունը հրում վարժությանը մասնակցածների մեջ չկար, իսկ երկամարտի ամփոփիչ ցուցակում 28 հոգու մեջ նշված էր 27-րդ հորիզոնականում՝ ընդհանուր հաշվարկով վեց ձախողվածների շարքում: Ինչ վերաբերում է Տիգրան Մարտիրոսյանին, նա պոկումում առաջին մոտեցմամբ հաղթահարել է 167 կիլոգրամը, երկրորդում՝ անհաջողության մատնվել 172 կգ-ն բարձրացնելիս եւ միայն վերջին փորձով է կարողացել սանձել պատվիրված քաշը (6-րդ արդյունք): Երկրորդ վարժությունում Տիգրանը ցույց է տվել 202 կգ եւ երկամարտի 374 կիլոգրամով տեղ զբաղեցրել 8-րդ հորիզոնականում: Դոհայում մեր մարզիկներից ասպարեզում մնացել է միայն գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը, որի հերթը դեռ չի հասել: Հուսանք, որ գոնե նա որեւէ մեդալ կնվաճի՝ սփոփելով հայ մարզասերին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ