Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ

Նոյեմբեր 16,2005 00:00

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԳԵՅԵՐԻՑ ՆԱՄԱԿ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ Իսկ Հելսինկյան ընկերակցությունում ահազանգերի «անշլագ» է Տարբեր երկրներ տարբեր կերպ են նայել ու նայում համասեռամոլությանը: Մեր պետությունը այս երեւույթի նկատմամբ, մեծ հաշվով, լռողի դերում է: Վերջերս, «այո»-ի քարոզարշավի շրջանակներում, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հնչած միամիտ մի հարցի, այն է՝ «այդ օրենքով» (նկատի ուներ ՀՀ նոր սահմանադրությունը) չի արգելվում նաեւ համասեռամոլությունը, մենք պետք է եվրոպացիներից ամեն ինչ ընդօրինակե՞նք, ՀՀ ԱԳ նախարարի կողմից հնչեց ոչ պակաս միամիտ պատասխան. «Համասեռամոլությունը թույլատրող դրույթ նախագծի մեջ չկա: Ընդհակառակը, այնտեղ շատ հստակ ասվում է, որ ընտանիք կարող են կազմել միայն տղան եւ աղջիկը»: Թվում է, թե այս «դաշտում» հայերս խնդիր չունենք: Բայց դա միայն առաջին հայացքից: Վստահ ենք՝ ոչ մի պաշտոնյա կամ շարքային քաղաքացի չի հերքի այն իրողությունը, երբ նորանկախ Հայաստանի առաջին տարիներին հայ երիտասարդներից ոմանք՝ մեր երկրից փախչելու համար, քաղաքական ապաստան էին խնդրում եվրոպաներում, պատճառաբանելով իրենց՝ սեռական փոքրամասնություն լինելը: Վերջերս «Առավոտում» հյուրընկալված մեր հայրենակից Ջիմի Վարթիվարյանը Նորվեգիայից տեղեկացրեց, որ այս ամռանը իրենց երկիր են մուտք գործել հայաստանցի երկու միասեռականներ: Նրանց ներառել էին համապատասխան միություն՝ պարզելու, թե իսկապես այդպիսին են, թե «ձեւացնում են»: «Ինձ՝ որպես հայ համայնքի ներկայացուցիչ, հրավիրեցին ոստիկանություն, ստորագրություն վերցրին, որ ես երաշխավորում եմ երիտասարդների հանցագործ չլինելը: Հետո նրանց անմիջապես տարան գեյերի միություն»,- հայտնեց Ջ. Վարթիվարյանը: Հետագայում հետաքրքրվելով տղաների ճակատագրով, Վարթիվարյանը պարզել էր, որ «խորամանկ երիտասարդները առանց ստուգվելու դուրս են պրծել»: 1995 թ. ՄԱԿ-ը որոշում է կայացրել սեռական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման եւ մարդու իրավունքների խախտման մասին: Թե Հայաստանում ինչ վիճակ է այս առումով՝ հետաքրքրվեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանից եւ Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանից: Տիկին Ալավերդյանի պատասխանը կարճ էր. «Օմբուդսմենը կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ այդ իրավունքները ոտնահարվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Իսկ նման դիմումներ իմ գործունեության ընթացքում դեռ չեմ ստացել»: Հարցին՝ սեփական նախաձեռնությամբ հնարավոր չէ՞ հետաքրքրվել նման մարդկանց ճակատագրով, տիկին Ալավերդյանն ասաց. «Դրա համար պետք է լինի գոնե մեկ ահազանգ»: Ի տարբերություն Լ. Ալավերդյանի՝ Մ. Դանիելյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում բազմիցս են իրեն դիմել, նույնիսկ Բելգիայի, Հոլանդիայի, Դանիայի փախստականների միություններից ստացել է նամակներ, խնդրանքով՝ ներկայացնել, թե Հայաստանում ինչպես են պաշտպանված արվամոլներն ու լեսբուհիները: Ընդ որում, ըստ մեր զրուցակցի, չգիտես ինչու, հայաստանյան լեսբուհիների մասին ոչինչ չի բարձրաձայնվում: Իսկ իշխանավորներն էլ եթե ինչ-որ բան այնուամենայնիվ բարձրաձայնում են, ապա պատրանք ստեղծելու եւ Եվրախորհրդին ապացուցելու համար իրենց դեմոկրատ լինելը: «Պետք է դուրս գալ ընդհատակից: Ավելի ճիշտ՝ օգնել այդ մարդկանց հանգիստ ապրելու»: Պարոն Դանիելյանը հայտնեց նաեւ, որ այս տարի դեռեւս ոչ մի գեյից չի ստացել իրավունքները ոտնահարվելու մասին ահազանգ: Իսկ ընդհանուր առմամբ նա գտնում է, որ արվամոլությունը չպետք է դարձնել հարցերի հարց. «Ասում են, որ իբր մեզ մոտ գեյերի գործունեությունը քրեորեն չի հետապնդվում: Այդ դեպքում ինչո՞ւ են ահազանգում այդ մարդիկ եւ խնդրում իմ պաշտպանությունը: Իսկ երբ ես կապվում եմ ոստիկանության հետ, նրանք ինձ պատասխանում են՝ լավ, էլ նման բան չի լինի: Մինչդեռ մարդու իրավունքները բարձր են պետական ու ազգային խնդիրներից»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930