Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 16,2005 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲԻ ԳԼՈՒԽ ՉԻ Ասում է Աշոտ Բլեյանը – Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս իշխանավորների այն հայտարարություններին, որ եթե սահմանադրական փոփոխությունները չանցան, դա բնավ էլ չի նշանակում, որ իրենք պետք է հրաժարական տան: – Ստացվում է, որ գործող Սահմանադրությունը իրոք որբ է եւ այդ որբի գլխի հետ ինչպես ասես կարելի է վարվել՝ առանց պատասխանատվություն կրելո՞ւ: Սա 1995 թվականից, Սահմանադրության ընդունման շրջանից եկող մտածողություն է: Հայտնի մարդիկ, քաղաքական կոչված ուժեր, ովքեր այն ժամանակ թույլ չտվեցին, որ այդքան դժվար եւ օրինական ընթացակարգով ստեղծված փաստաթուղթը նպաստի հասարակության իրավագիտակցության կայացմանը: Որ հասարակությունը դա համարի իր իրավակարգի փաստաթուղթը: Հասարակությունից խլեցին սահմանադրական կարգի նկատմամբ հարգանքը, զրկեցին նրան այդ կողմնորոշիչից, եւ հիմա մենք ականատես ենք վերջին հարվածին: Պարտվողը հասարակությունն է, որը այսօր շատ մեծ աջակցության, ինքնավստահության կարիք ունի: – 1995-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը գոնե հայտարարեց, որ եթե Սահմանադրությունը չանցնի, ինքը հրաժարական կտա: – Լ. Տեր-Պետրոսյանի այդ ելույթը (1993թ.) լուրջ պետական գործչի ելույթ էր: Գիտակցվում էին Սահմանադրություն ընդունելու կարեւորությունը եւ պատասխանատվությունը: Ահա ինչու 1995-ին մենք ունեցանք իրավական ու լեզվական առումով գրագետ փաստաթուղթ, առանց փակուղիների Սահմանադրություն: Ինչո՞ւ հանկարծ մի քանի ընտրություն ֆուկ արած, ընտրական համակարգը ոչնչացրած իշխող քաղաքական ուժերը 2001-ից չեն կարողանում մի անպաշտպան, հասարակական աջակցությունից զրկված սահմանադրություն փոխել… Եթե խնդիրը Սահմանադրության փոփոխությունը լիներ, այս թամաշան չէր լինի: Պատկերացրեք, որ թեկուզ հանրաքվեով այսօր առաջարկվեր մեկ էական հարց փոխել, ասենք՝ ճշտել երկքաղաքացիության նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Այդ փոփոխության շուրջ վեճից հասարակությունը հաստատ կշահեր: Բայց հիմա՝ այս խառնաշփոթի, այս խորհրդային պրոպագանդայի մեջ ի՞նչ հարց քննարկես, ո՞ւմ հետ քննարկես: Մի գլուխ թութակի պես կրկնում են՝ «սա մի քայլ առաջ է», մարդ ապշում է. եթե տասնյակ տարբեր օրենքների հիմունքների հարյուր փոփոխություն եք առաջարկում, ի՞նչ է նշանակում մեկ քայլ առաջ: Ո՞ր ուղղությամբ: Սահմանադրությունը, ահա, որբի գլուխ է դարձել: – Ստեղծված իրադրության համար շատ քաղաքական գործիչներ մեղադրում են ընդդիմությանը՝ որ անվճռական է, որ միանգամից փողոց դուրս չի գալիս… – Ես չեմ ընդունում, երբ քաղաքական գործիչը, կուսակցությունը դառնում է կոլեկտիվ խորհրդատու խորհրդարանական ընդդիմության: Ինչ առաջարկում են, ինչը որ ուզում են՝ ուրիշն անի, իրենք թող անեն: Ես խորհուրդներ չեմ տալիս, ես ասում եմ, որ հիմա մեզնից յուրաքանչյուրը նախեւառաջ պարտավոր է տեր կանգնել գործող Սահմանադրությանը: Ես, օրինակ, այդ Սահմանադրության տերերից մեկն եմ, դա իմ ստեղծած պետության Սահմանադրությունն է: Իմ կարծիքով, գործող Սահմանադրության ցանկացած փոփոխություն երեք պայմանի պետք է բավարարի։ Նախ՝ պետք է հանել գործող Սահմանադրության ներածությունը: Սա պետության Սահմանադրություն է, ոչ թե համազգային նպատակ կամ ցանկություն: Ներածությամբ պետք է արձանագրել, որ սա այն պետության Սահմանադրությունն է, որը ստեղծվել է 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեով: 1995-ին դա չարվեց, որովհետեւ փորձ էր արվում քաղաքական առավել ընդարձակ համաձայնություն ձեռք բերել: Երկրորդը՝ պետք է Սահմանադրությամբ ամրագրվեն մեր պետության սահմանները: Այդ սահմանները չպետք է գծի եւ փոփոխի որեւիցե մի իշխանություն, ես ուզում եմ հենց սկզբից լինել ճանաչված պետության քաղաքացի: Սա մեզ անհրաժեշտ է նաեւ Արցախի հետ կապված հետագա քայլերում, որպեսզի ամեն ինչ լինի իրավական եւ սահմանադրական: Երրորդը՝ պետք է հարգել պետության քաղաքացուն, նրա ինքնիշխանությունը: Իսկ հարգելը Սահմանադրություն փոխելու մեթոդի մեջ երեւում է: Այս անհարգալից վերաբերմունքը հասարակության, պետություն ստեղծած քաղաքացիների նկատմամբ ցինիզմի հրապարակային ցուցադրում է: Թերթերով, հեռուստատեսությամբ պետական իշխանությունն ամեն վայրկյան ստորացնում է իր քաղաքացուն: – Եթե փորձենք կանխատեսել՝ ի՞նչ կստացվի 27-ին եւ դրանից հետո: – Եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ ցանկացած արդյունքի դեպքում հասարակությունն արդեն պարտված է: Իրեն հարգող մարդը պարզապես քվեարկության չի գնա, եթե ինքը կոճակ սեղմող չի, ստրուկ չի, գրպանահատ չի ու չի ուզում հերթական անգամ մի բան փախցնի: Ինչի՞ն է կողմ կամ դեմ քվեարկելու: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930