Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբեր 16,2005 00:00

ԱՊԱՐԱՆՈՒՄ ԼԱՐՎԱ՞Ծ Է Թե՞ դա հորինված է Ապարանում քաղաքապետի ընտրությունները նշանակված են առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին: Այսօր քաղաքապետի երկու թեկնածու կա՝ գործող քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյան եւ Գոռ Աբրահամյան: Ապարանյան ընտրություններում առանցքային դերակատարում ունի «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը՝ իր պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: «Նիգ-Ապարանի» վերնախավի աջակցությունն այս ընտրություններում վայելում է Գ. Աբրահամյանը: Այդուհանդերձ, ապարանցիներից ոմանց գնահատմամբ, գործող քաղաքապետի վերընտրվելու շանսերը Գոռ Աբրահամյանի մրցակցության պարագայում բավականին մեծ են: Սա այն դեպքում, եթե ընտրությունը թողնեն ընտրողներին եւ վարչական ու այլ տիպի ճնշամիջոցներ չկիրառվեն: «Ընտրված ցանկացած քաղաքապետի ես շնորհավորելու եմ: Ինչ վերաբերում է թողնել-չթողնելուն՝ ժողովուրդն է թողնում կամ չի թողնում»,- ի պատասխան հայտարարեց Գ. Աբրահամյանին այս ընտրություններում սատարող ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ապարանյան մեր աղբյուրների ասելով, գործող քաղաքապետին ընդունում են ու դրա մասին գիտի նաեւ Գ. Աբրահամյանը, որն այնքան էլ հակված չի եղել առաջադրվելու, բայց նրան համոզելու մեծ վարպետություն է դրսեւորել հենց Լ. Խաչատրյանը: Հիմնականում հենց նրա ջանքերով է եղել նաեւ, որ Աղվան Հովսեփյանը հակվել է աջակցելու Գ. Աբրահամյանին: Բայց Ապարանում «դրսի» ապարանցիների միջամտությունը քաղաքապետի ընտրություններին որոշակի դժգոհություն է առաջացրել, որն էլ Ապարանում ապրող ընտրողների կողմից մեծ հակազդեցություն է առաջացրել Գ. Աբրահամյանի թիմակիցների նկատմամբ: Այդուհանդերձ, որքանով է ազդելու «դրսի» աջակցույթունը քաղաքապետի ընտրության վրա: «Ես՝ որպես շտաբի ղեկավար, այն տեսակետին եմ, որ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ով է լինելու Ապարանի քաղաքապետը»,- երեկ մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Ռ. Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Մյասնիկ Մալխասյանը: Ըստ նրա, Ապարանում ստեղծված լարվածությունն էլ «ավելի շատ «դրսի» ու մասնավորապես ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի ու նրա կողմնակիցների ակտիվ ջանքերով է ստեղծվել»: Դրան Լյովա Խաչատրյանը հակադարձում է. «Ապարանում լարվածություն չկա, դա հորինված «լարվածություն» է: Կիրակի ընտրություններ կլինեն, եւ ժողովուրդն իր խոսքը կասի, եւ ում ընտրի ժողովուրդը՝ նա էլ քաղաքապետ կդառնա»: «Իրավիճակը Ապարանում, իրոք, լարված է, բայց ժողովուրդը բավականին ամուր է կանգնած: Ժողովուրդը չի ընդունում դրսից եկող միջամտությունն ու թելադրանքը: Դա ավելի շատ արվում է Լյովա Խաչատրյանի կողմից, գլխավոր դատախազի միջամտությունը ես անձամբ չեմ տեսել: Ինձ թվում է, գլխավոր դատախազը լավ է պատկերացնում իրավիճակը եւ գիտի, որ Գոռ Աբրահամյանը Ապարանում զրո տոկոս վստահություն է վայելում»,- ասաց Մ. Մալխասյանը: Այստեղ խոսվում է նաեւ քաղաքապետին սատարողների դեմ կիրառվող ճնշումների մասին: Ըստ այդմ, եղել են նաեւ մարդկանց, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, օրինակ, Ապարանի էլցանցի աշխատակիցների, աշխատանքից հեռացնելու դեպքեր: «Մեր կողմից նման որեւէ բան չի եղել: Իրենք (Ռ. Պետրոսյանի թիմակիցները- Ն. Մ.) են այսօր ահաբեկում մարդկանց: Երկուշաբթի օրն էլ կանգեցրել էին մեր տղաներին (Գ. Աբրահամյանի կողմնակիցներին-Ն. Մ.), թե՝ կխփենք, գերեզմանի քար կդնենք վրաներդ: Մեր կողմից նման ոչ մի բան չկա»,- հայտարարեց Լ. Խաչատրյանը: Հնարավո՞ր է, որ ընտրությունների օրը Ապարանում լարվածությունը հանգեցնի բախումների: «Մենք մեր կողմից հնարավորին ամեն ինչ կանենք, որ լարվածություն չլինի: Եթե բախումներ լինեն, ապա դրա պատասխանատվությունը կրելու է մրցակից կողմը: Այդ իմաստով մեզանից ոչինչ կախված չէ»,- երեկ հայտարարեց գործող քաղաքապետի նախընտրական շտաբի պետ Մ. Մալխասյանը: «Պատասխանատվությունը՝ հասարակական կարգի պահպանումը, դրված է օրինապահ մարմինների վրա եւ նրանք էլ միջոցներ կձեռնարկեն, որ նման բախումներ չլինեն ու պատասխանատվությունն էլ կկրեն: Դրանք հորինված բաներ են՝ մարդկանց գրգռելու համար: Չի ստացվելու: Ժողովուրդը հանգիստ գնալու է իր ընտրությունն անելու: Ում էլ ընտրի՝ ես շնորհավորելու եմ: Ես կցանկանայի, որ Գ. Աբրահամյանն ընտրվի, որովհետեւ նա փորձ ունի, աշխատել է այդ պաշտոններում, եղել է Ռ. Պետրոսյանի ուսուցիչը: Ռազմիկը մեր ընկերն է ու ընկեր էլ մնալու է: Մյասնիկն ինչքան էլ փորձի խառնել Ապարանում՝ չի ստացվելու: Մյասնիկների ժամանակներն անցել են, էլ չկա 90-ականների այն շարժիչ ուժը, որ թույլ տա Մյասնիկին Ապարանը խառնել ու իր սուտը ավտոմատներով ու տանկերով հաստատել»,- հակադարձեց Լ. Խաչատրյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930