Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ

Նոյեմբեր 16,2005 00:00

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉԳՏԱՆ Երեկ «Հայելի» ակումբում իրենց սահմանադրական «այո»-ով եւ «ոչ»-ով բանավիճում էին ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Սահմանադրական փոփոխությունների փաստաթղթի բովանդակային բանավեճը ողջ ընթացքում զուգահեռվեց քաղաքական զեղումներով: «Սահմանադրությունը կախարդական փայտիկ չէ եւ հաջորդ օրը հանրապետությունը չի դառնալու դրախտավայր»,- այս անկեղծության համար Արամ Գասպարիչը շնորհակալ եղավ Խոսրով Հարությունյանին եւ ի պատասխան ստացավ. «Հեղափոխությունն էլ կախարդական փայտիկ չէ: Դուք ձեր կյանքը կապում եք Քոչարյանի հետ: Իսկ մեր դիրքորոշումը կապ չունի որեւէ անձի հետ: Այն առնչվում է մի փաստաթղթի, որն առաջիկա 10-15 տարիների կտրվածքով կարող է կենսունակ լինել»: ՔԴՄ նախագահը նկատեց նաեւ, որ «1998-ին Քոչարյանին ամենաեռանդուն պաշտպանողը Դուք (Արամ Գ. Սարգսյանը- Ն. Գ.) եք եղել»: Արամ Գասպարիչը պարզաբանեց, որ ինքը առաջարկվող փոփոխություններին դեմ է ոչ միայն վատ առաջարկողի պատճառով, այլ փոփոխություններն էլ լավագույնը կամ գոնե լավը չեն: Սկզբունքորեն նա դեմ չէ, որ հանրաքվեն հետաձգվի եւ մեկ տարվա լուրջ աշխատանքի արդյունքում հասարակությանը ներկայացվի առավել կատարյալ փաստաթուղթ, առավել հանդուրժելի մթնոլորտում: Ինչ վերաբերում է 1998-ին Քոչարյանին պաշտպանելուն՝ «ՀԴԿ-ն այն ժամանակ գիտակցաբար պաշտպանեց Քոչարյանի թեկնածությունը, որովհետեւ այն ժամանակ իշխանափոխության պատճառը ԼՂՀ հարցն էր, որի պաշտպանը Քոչարյանն էր: Մենք նրան վստահում էինք այդ հարցում ու պաշտպանեցինք: Մենք այն ժամանակ չէինք կարող կանխատեսել, թե պարոն Քոչարյանն ինչ կերպարանափոխություն է ունենալու ներքաղաքական ոլորտում: Դա եղավ պատճառը, որ մեկ տարի հետո ես հրաժարական տվեցի»,- ասաց Ա. Սարգսյանը: Խ. Հարությունյանը խորհուրդ տվեց թերթել 1994, 95, 96թթ. մամուլը. «Նույն որակումներն իշխանություններին այն ժամանակ էին հնչում: Ավելին, պատերազմ հաղթանակած նախագահին 94թ. սեպտեմբերի 17-ին ասում էիք՝ պիտի հրաժարական տա: Հիշո՞ւմ եք, որ այդ ամենի արդյունքում ձեւավորվեցին հետեւյալ թեզերը՝ «Լեւոնը չլինի, ով ուզում է լինի», «Հերիք եղավ, բոլ եղավ»… հիմա նույն բանն եք ասում»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930