Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կեղծելու

Նոյեմբեր 16,2005 00:00

Կեղծելու մեխանիկան Ընդդիմությանը թվում է, թե ինքը կեղծիքների մեխանիզմներին ծանոթ է Հայաստանում հիմա շատերն են համոզված, որ առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն «անցնելու» է, բայց միեւնույն ժամանակ շատ քչերն են հավատում, որ հանրաքվեի «այո»-ն լինելու է առանց ընտրակեղծիքների: Այդպես մտածողների բերած փաստարկներից մեկը ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հեղինակների ագրեսիվ քարոզչությունն է, այլեւ «Ընտրական օրենսգրքում» դեռ մայիսին կատարված փոփոխություններն ու ԿԸՀ վերջին որոշումները: Թե «ԸՕ»-ում եւ ԿԸՀ որոշումներում թաքնված ի՞նչ սողանցքեր են թողնվել ու թե էլի ի՞նչ մեխանիզմներ կան հանրաքվեն կեղծելու համար՝ մեզ հետ զրույցում ներկայացրեց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի անդամ Ֆելիքս Խաչատրյանը: Նրա համոզմամբ՝ «Սահմանադրության հանրաքվեն կեղծելուն միտված գործընթացը սկսվել է դեռ մինչեւ «Սահմանադրական փոփոխությունների մասին» օրինագծի մշակումը եւ հանրաքվեի օրը նշանակելը», երբ իշխանությունները «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարեցին՝ օրենքում ամրագրելով մի դրույթ, որով հանձնաժողովի անդամին իրավունք վերապահվեց ինքնուրույն ընտրել չկարողացող ընտրողին քվեախցիկ ուղեկցել: «Դա ընտրական հանձնաժողովի անդամներին հնարավորություն է տալիս ոչ միայն ընտրողին թելադրել, թե նա որ վանդակում պետք է անհրաժեշտ նշում անի, այլեւ վերահսկել ընտրողի քվեարկությունը»,- նկատեց Ֆ. Խաչատրյանը: Ըստ նրա, հանրաքվեն կեղծելու մեկ այլ տարբերակ է քաղաքացուն ձայնի իրավունքից զրկելը: «Մոտ 200 հազար քաղաքացիներ, հիմնականում՝ սոցիալապես անապահովներ, ովքեր ունեն նախկին ԽՍՀՄ նմուշի «կարմիր» անձնագրեր, հանվում են ընտրացուցակներից: Սա երկու նպատակ է հետապնդում. սոցիալապես անապահով մարդկանց՝ պոտենցիալ «ոչ» ասողներին «մաքրում» են ցուցակներից՝ Սահմանադրության «այո»-ի համար անհրաժեշտ շեմն արհեստականորեն իջեցնելու համար: «ԸՕ»-ի համաձայն, ընտրացուցակների վերջնական տարբերակը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստանում, ու այդպես է լինելու նաեւ հանրաքվեի ժամանակ, ինչը նշանակում է, որ ԸԸՀ-ները զրկված են լինելու հանրաքվեի ընթացքը ընտրացուցակների միջոցով վերահսկելուց: Բացի այդ, ԿԸՀ-ն բոլորովին վերջերս մի որոշում ընդունեց, ըստ որի՝ ընտրությունների ժամանակ ԿԸՀ ընդունած որոշումները տարածվում են նաեւ հանրաքվեն սպասարկող ընտրական հանձնաժողովների վրա: Այստեղ բացահայտ հակասություններ կան: Օրինակ, ընտրությունների ժամանակ տեղամասային հանձնաժողովը ԸԸՀ-ներին ներկայացնում է ամփոփիչ արձանագրության մեկ օրինակ: «Հանրաքվեի մասին օրենքում» ասվում է, որ տեղամասային հանձնաժողովները ԸԸՀ-ին ներկայացնում են ամփոփիչ արձանագրության երկու օրինակ: Բայց ըստ ԿԸՀ ընդունած այս որոշման՝ հանրաքվեի ժամանակ է ԸԸՀ-ին ներկայացվելու տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության մեկ օրինակ: Սա պատահական չի արվել: Հարցնում եմ՝ ի՞նչ եք անում, պատասխանում են՝ մենք սկզբունքն ենք ասում, խոսքը կարգի մասին է, ու ընդունում են»,- մատնանշեց Ֆ. Խաչատրյանը: Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքները «նկարելուն», ապա Ֆ. Խաչատրյանի ասելով՝ դա եւս տարբերակ է, բայց ավելի դժվար իրագործելի ու աշխատատար է: «Տվյալ դեպքում ԿԸՀ-ում դժվար կլինի թվեր նկարել, որովհետեւ ԿԸՀ-ն ընդամենը 41 ԸԸՀ-ից քվեարկության արդյունքների մասին ամփոփ արձանագրություններ է ստանալու, որոնք պարբերաբար՝ 3 ժամը մեկ, հրապարակելու է՝ ըստ տեղամասերի: Գործնականում դրանք ԿԸՀ-ում կեղծելը հնարավոր չի լինելու: Կեղծիքը սկսվելու է տեղամասային հանձնաժողովներում: Ի՞նչ են անելու. հանձնաժողովի ընդդիմադիր ներկայացուցիչներին աշխատելու են կամ կաշառել, կամ մեկուսացնել ու իրենց անդամների կողմից քվեարկած ընտրողների թիվը արհեստականորեն մեծացնել, հետո համապատասխան արձանագրություններ կազմել ու ուղարկել ԸԸՀ-ներ: Բայց, կարծում եմ, այս զեղծարարների մակարդակը չի բավարարի, որ բոլոր թվերը համապատասխանեցնեն ըստ ստորագրությունների, քվեարկված ու մարված քվեաթերթիկների, ելունդների համարների եւ այլն: Դրա համար պետք է ունենալ համասեռ, «համերաշխ» հանձնաժողով՝ տեղում կեղծիքներ անելու համար: Բացի այդ, մեր բողոքների դեպքում այդ կեղծիքները հեշտությամբ ի հայտ կգան»,- հույս հայտնեց Ֆ. Խաչատրյանը՝ նկատելով, որ դա, թերեւս, անխուսափելի կլինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել