Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՅԵՄԲԵՐԻ

Նոյեմբեր 16,2005 00:00

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՀՐԱՇՔՆԵՐ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ ՉԵՆ ԼԻՆԻ Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ – Պարոն Թորոսյան, կասկածներ կան, որ իշխանությունները մտադիր են կեղծել հանրաքվեի արդյունքները, արդյոք միջազգային դիտորդների ներկայությունը որեւէ զսպիչ ազդեցություն կունենա՞ իշխանությունների այդ ցանկության վրա: – Կարծում եմ, այս կամ այն հարցի հետ կապված միշտ էլ կարելի է կասկածներ հորինել եւ հետո հարցադրումներ անել. սա ինքնին անհեթեթություն է, եւ կարծում եմ, որ Հայաստանում չկա որեւէ մեկը, թե չի հասկանում, որ կարեւոր է հանրաքվեն անցնի միջազգային չափանիշներին բավարարող պայմաններում: – Ընդդիմության մեջ հետեւյալ կարծիքը եւս կա, որ սահմանադրական «այո»-ն քարոզելուն կցված են այնպիսի անձինք, որոնց միայն տեսքն ու կենսագրական որոշ մանրամասներ արդեն ինքնին հակաքարոզչություն են, եւ այդ մարդիկ իրենց մասնակցությամբ իրականում ոչ թե օգնում, այլ խանգարում են «այո»-ի ապահովմանը: – Սա հերթական փորձն է սահմանադրական փոփոխությունների խնդիրը բոլորովին այլ հարթություն տեղափոխելու. սկզբում փորձ արվեց հարցը տեղափոխել իշխանություն-ընդդիմություն հակամարտության հարթություն, սա կարծես այնքան էլ հաջողություն՝ չունեցավ, հիմա էլ հորինել են մի նոր հարթություն, ձեր ասած անձերի հետ կապված եւ այլն: Սահմանադրական փոփոխությունների գործընթացը վերաբերում է ոչ թե այս կամ այն անձին, այլ փաստաթղթին, եւ մարդիկ պիտի հետեւություն անեն ոչ թե որեւէ մեկի արտաքինով, հաճելի կամ տհաճ լինելով, այլ՝ ըստ փաստաթղթի բովանդակության: Այս նոր հարթության առաջադրումը, համոզված եմ, եւս մեկ ապացույց է այն բանի օգտին, որ ընդդիմությունը փաստաթղթի հետ կապված որեւէ լուրջ հարցադրում չունի: – Կարծիք կա, որ ոչ թե պետք է սահմանադրությունը փոխել, այլ իշխանությանը, որովհետեւ հասարակ մարդկանց համար միեւնույն է, թե ինչն են խախտում իշխանությունները՝ գործող ձեր ասած վատ սահմանադրությունը, թե փոփոխված լավ նորը, միեւնույն է՝ այս իշխանությունների խախտելու սովորությունն արմատացած է: – Նախ ասեմ, որ նման բաներ ասելը տգիտություն է, եւ նման բաներ ասողները բացարձակապես չեն պատկերացնում, թե ինչ է սահմանադրությունը. այն ոչ միայն գեղեցիկ արտահայտությունների ժողովածու պիտի լինի, այլ՝ իսկապես լավ սահմանադրությունը պիտի պարունակի նորմեր, որոնք հնարավորություն կտան այդ լավ դրույթների իրականացմանը, եւ հնարավորություն կտան նրանց, ում չի բավարարում իշխանության այս կամ այն ներկայացուցչին պատասխանատվության կանչել: Խնդիրն այն է, որ լինի այնպիսի սահմանադրություն, որը կպարունակի մեխանիզմներ, որոնք ե՛ւ սահմանադրությունը կպաշտպանեն, ե՛ւ քաղաքացիներին: Իսկ այս նախագիծը հենց այդպիսին է: – Ընդդիմությունն այսուհետեւ համատեղ է հանդես գալու եւ միասնական ընդդիմությունը այսօրվանից քարոզելու է նույն բանը՝ բոյկոտ սահմանադրական հանրաքվեին: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը: – Իհարկե, լավ է, որ մարդիկ ի վերջո կարողացան ընդհանուր որոշում գտնել, սակայն շատ ցավալի է, որ դրա համար ամիսներ պետք եղան: Իրենք ի վերջո մտածեցին, որ «ոչ»-ը առանձնապես գրավիչ չէ, եւ շատ քիչ մարդիկ են գնալու եւ դեմ քվեարկելու: Մյուս կողմից, ցանկացած ընտրության նկատմամբ անտարբերներին այս քայլով կփորձեն հայտարարել որպես իրենց կողմնակիցներ: Սակայն իրենց պետք է հիշեցնել, որ ընտրողների 45 տոկոսը սովորաբար չի գնում քվեարկության, այնպես որ, եթե վերջում հաշվեն, ստիպված կլինեն չմասնակցողների, բոյկոտողների այդ 45 տոկոսը հանել եւ չվերագրել ընդդիմությանը: Այս կարգի մանր խորամանկությունները, կարծում եմ, չեն անցնի, վաղուց ժամանակները փոխվել են: – Ուրեմն, այդ դեպքում իշխանություննե՞րը ինչպես են ապահովելու մասնակիցների բավարար թիվը, որովհետեւ դուք էլ հաստատեցիք, որ ընտրողների մի զգալի մասը, անկախ նրանից, թե ինչ է՝ ընտրություն կամ հանրաքվե, ընդհանրապես ընտրատեղամաս գնալու սովորություն չունի, մի մասը երկրում չէ, եւ այլն: Քվորումը ինչպե՞ս եք ապահովելու այս իրավիճակում: – Քվորումը ոչ թե իշխանությունները պիտի ապահովեն, այլ ընտրողները. այստեղ շատ ավելի կարեւոր խնդիր կա՝ մարդկանց իրազեկումը, դա անհամեմատ ավելի կարեւոր է, քան քարոզչությունը, որովհետեւ, եթե մարդիկ իսկապես ճիշտ տեղեկացվեն, թե ինչ է սա, ինչ փաստաթուղթ է, մարդիկ շատ հեշտությամբ իրենց խնդիրը կկատարեն եւ կողմ կքվեարկեն: Հատուկ քարոզելու խնդիր չի էլ լինի: – Այսինքն՝ նոյեմբերի 28-ին հրա՞շք է տեղի ունենալու, եւ նոր սահմանադրության պարագայում, եթե անցնի, իշխանությունները դառնալու են բարի հրեշտա՞կ, կոռուպցիան վերանալո՞ւ է, օրենքները գործելո՞ւ են, տնտեսական աճը դառնալու է 30 տոկո՞ս: – Իհարկե՝ ոչ. նոյեմբերի 28-ին մեկ բան պարզ կլինի, որ ժողովուրդը կողմ է քվեարկել, մնացածը՝ սահմանադրական փոփոխությունների հնարավորությունների օգտագործումը պահանջելու է որոշակի ամենօրյա աշխատանք: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել