Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարսկական ցուցահանդես՝ ոչ պարսկական ապրանքներով

Նոյեմբեր 16,2005 00:00

Երեկ «Դինամո» մարզադահլիճում
բացվեց Իրանի Մազանդարան նահանգի արտադրանքների ցուցահանդեսը, որին մասնակցում էր
մոտ 50 ձեռնարկություն: Այն կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության
նախարարության եւ Մազանդարանի նահանգապետարանի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի
շրջանակներում: Ըստ կազմակերպիչների՝ «ցուցահանդեսի հիմնական նպատակը Հայաստանի առեւտրականներին
ու սպառողներին Մազանդարանի կարողությունների, տեխնոլոգիայի, արտադրանքների ու դրանց
փաթեթավորման հնարավորություններին ծանոթացնելն է»: Սակայն հայ առեւտրականներից քչերին
էր հաջողվում «ծանոթանալ» այդ ամենին, քանի որ տաղավարների ներկայացուցիչները, բացի
պարսկերենից ու վատ անգլերենից, ուրիշ ոչ մի լեզու չէին հասկանում: Միայն 1-2 տաղավարներ
ունեին հայերենից մի փոքր «գլուխ հանող» թարգմանչուհիներ, եւ եթե պարսիկները տեսնում
էին, որ շատ ես տանջվում՝ որեւէ ապրանքի գինը ճշտելու համար, կողքի տաղավարներից
խնդրելով-աղաչելով թարգմանչուհուն տանում էին: Բացի այդ, թեեւ արտադրողները
հավաստիացրին, որ հայաստանյան շուկայում իրենց արտադրանքը վաղուց ներկայացված է,
բայց դրանց վրա մակնշումը միայն պարսկերեն էր, տաղավարների մոտ տեղադրված գովազդային
պաստառներն ու ընկերության մասին բնութագրականը՝ նույնպես: Միայն մի տեղ կար հայերեն
ցուցատախտակ, այն էլ՝ բազմաթիվ սխալներով. «Ամեն տեսակի կանացի եւ տղամարդու հագուստների
ահտադրող ընկերություն»: Եվ հետո, ցուցահանդեսն ամենեւին էլ չէր ներկայացնում պարսկական
արտադրանքը, տաղավարներում ներկայացված որ ապրանքին ձեռք տվեցինք, ասում էին՝ հոլանդական
է, թուրքական կամ եվրոպական: Օրինակ՝ տարբեր տեսակի զարդեղեն ներկայացնող «Ղաեմ»
ընկերության ապրանքների մեծ մասը թուրքական զարդեր էր, սակայն տաղավարի ներկայացուցիչը
դրան այլ բացատրություն տվեց. «Սրանք պարսկական են, թուրքերը տանում են, փաթեթավորում
ու թուրքականի տակ արտահանում այստեղ»: Ցուցահանդեսի հիմնական այցելուները
պարսիկներ էին, որոնք եկել էին իրենց կարոտն առնելու եւ պարսկական «լոխում-հելվեներից»
համտեսելու: Սակայն, ըստ հայ այցելուների, «էս պարսիկները հեչ հյուրասեր չեն, մի
բան չեն տալիս ուտենք»: Իսկապես, պարսիկները չէին տիրապետում հրավիրելու, հյուրասիրելու
արվեստին, համտեսի համար ոչինչ ներկայացված չէր: Նույնիսկ Իրանի մրգերը ներկայացնող
«Բազար Խազար» ընկերության տաղավարում մրգերի փոխարեն պարզապես պատերին փակցրել էին
դրանց լուսանկարները: Երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչո՞ւ մրգերից չեն բերել, տաղավարի
ներկայացուցիչը ոչինչ չհասկացավ ու ռուսերեն «յա բիզնեսմեն» ներկայանալուց հետո սեղանի
տակից հանեց մանդարինի ու նարինջի նկարներով եւս 1-2 ալբոմ ու սկսեց ցուցադրել: Ընդհանրապես
պարսկական արվեստը ներկայացնող տաղավարներում գլխավորապես աֆրիկյան ոճի քանդակներ
էին, եգիպտական բուրգերի, նաեւ Հիսուս Քրիստոսի եւ Մարիամ աստվածածնի նկարներ: Հ.
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել