Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲԻ ԳԼՈՒԽ ՉԻ

Նոյեմբեր 16,2005 00:00

Ասում
է Աշոտ Բլեյանը – Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի
եւ մյուս իշխանավորների այն հայտարարություններին, որ եթե սահմանադրական փոփոխությունները
չանցան, դա բնավ էլ չի նշանակում, որ իրենք պետք է հրաժարական տան: – Ստացվում
է, որ գործող Սահմանադրությունը իրոք որբ է եւ այդ որբի գլխի հետ ինչպես ասես կարելի
է վարվել՝ առանց պատասխանատվություն կրելո՞ւ: Սա 1995 թվականից, Սահմանադրության
ընդունման շրջանից եկող մտածողություն է: Հայտնի մարդիկ, քաղաքական կոչված ուժեր,
ովքեր այն ժամանակ թույլ չտվեցին, որ այդքան դժվար եւ օրինական ընթացակարգով ստեղծված
փաստաթուղթը նպաստի հասարակության իրավագիտակցության կայացմանը: Որ հասարակությունը
դա համարի իր իրավակարգի փաստաթուղթը: Հասարակությունից խլեցին սահմանադրական կարգի
նկատմամբ հարգանքը, զրկեցին նրան այդ կողմնորոշիչից, եւ հիմա մենք ականատես ենք վերջին
հարվածին: Պարտվողը հասարակությունն է, որը այսօր շատ մեծ աջակցության, ինքնավստահության
կարիք ունի: – 1995-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը գոնե հայտարարեց, որ եթե Սահմանադրությունը
չանցնի, ինքը հրաժարական կտա: – Լ. Տեր-Պետրոսյանի այդ ելույթը (1993թ.) լուրջ
պետական գործչի ելույթ էր: Գիտակցվում էին Սահմանադրություն ընդունելու կարեւորությունը
եւ պատասխանատվությունը: Ահա ինչու 1995-ին մենք ունեցանք իրավական ու լեզվական առումով
գրագետ փաստաթուղթ, առանց փակուղիների Սահմանադրություն: Ինչո՞ւ հանկարծ մի քանի
ընտրություն ֆուկ արած, ընտրական համակարգը ոչնչացրած իշխող քաղաքական ուժերը 2001-ից
չեն կարողանում մի անպաշտպան, հասարակական աջակցությունից զրկված սահմանադրություն
փոխել… Եթե խնդիրը Սահմանադրության փոփոխությունը լիներ, այս թամաշան չէր լինի:
Պատկերացրեք, որ թեկուզ հանրաքվեով այսօր առաջարկվեր մեկ էական հարց փոխել, ասենք՝
ճշտել երկքաղաքացիության նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Այդ փոփոխության
շուրջ վեճից հասարակությունը հաստատ կշահեր: Բայց հիմա՝ այս խառնաշփոթի, այս խորհրդային
պրոպագանդայի մեջ ի՞նչ հարց քննարկես, ո՞ւմ հետ քննարկես: Մի գլուխ թութակի պես կրկնում
են՝ «սա մի քայլ առաջ է», մարդ ապշում է. եթե տասնյակ տարբեր օրենքների հիմունքների
հարյուր փոփոխություն եք առաջարկում, ի՞նչ է նշանակում մեկ քայլ առաջ: Ո՞ր ուղղությամբ:
Սահմանադրությունը, ահա, որբի գլուխ է դարձել: – Ստեղծված իրադրության համար
շատ քաղաքական գործիչներ մեղադրում են ընդդիմությանը՝ որ անվճռական է, որ միանգամից
փողոց դուրս չի գալիս… – Ես չեմ ընդունում, երբ քաղաքական գործիչը, կուսակցությունը
դառնում է կոլեկտիվ խորհրդատու խորհրդարանական ընդդիմության: Ինչ առաջարկում են,
ինչը որ ուզում են՝ ուրիշն անի, իրենք թող անեն: Ես խորհուրդներ չեմ տալիս, ես ասում
եմ, որ հիմա մեզնից յուրաքանչյուրը նախեւառաջ պարտավոր է տեր կանգնել գործող Սահմանադրությանը:
Ես, օրինակ, այդ Սահմանադրության տերերից մեկն եմ, դա իմ ստեղծած պետության Սահմանադրությունն
է: Իմ կարծիքով, գործող Սահմանադրության ցանկացած փոփոխություն երեք պայմանի պետք
է բավարարի։ Նախ՝ պետք է հանել գործող Սահմանադրության ներածությունը: Սա պետության
Սահմանադրություն է, ոչ թե համազգային նպատակ կամ ցանկություն: Ներածությամբ պետք
է արձանագրել, որ սա այն պետության Սահմանադրությունն է, որը ստեղծվել է 1991թ. սեպտեմբերի
21-ի հանրաքվեով: 1995-ին դա չարվեց, որովհետեւ փորձ էր արվում քաղաքական առավել
ընդարձակ համաձայնություն ձեռք բերել: Երկրորդը՝ պետք է Սահմանադրությամբ ամրագրվեն
մեր պետության սահմանները: Այդ սահմանները չպետք է գծի եւ փոփոխի որեւիցե մի իշխանություն,
ես ուզում եմ հենց սկզբից լինել ճանաչված պետության քաղաքացի: Սա մեզ անհրաժեշտ է
նաեւ Արցախի հետ կապված հետագա քայլերում, որպեսզի ամեն ինչ լինի իրավական եւ սահմանադրական:
Երրորդը՝ պետք է հարգել պետության քաղաքացուն, նրա ինքնիշխանությունը: Իսկ հարգելը
Սահմանադրություն փոխելու մեթոդի մեջ երեւում է: Այս անհարգալից վերաբերմունքը հասարակության,
պետություն ստեղծած քաղաքացիների նկատմամբ ցինիզմի հրապարակային ցուցադրում է: Թերթերով,
հեռուստատեսությամբ պետական իշխանությունն ամեն վայրկյան ստորացնում է իր քաղաքացուն:
– Եթե փորձենք կանխատեսել՝ ի՞նչ կստացվի 27-ին եւ դրանից հետո: – Եթե
ամեն ինչ այսպես շարունակվի՝ ցանկացած արդյունքի դեպքում հասարակությունն արդեն պարտված
է: Իրեն հարգող մարդը պարզապես քվեարկության չի գնա, եթե ինքը կոճակ սեղմող չի, ստրուկ
չի, գրպանահատ չի ու չի ուզում հերթական անգամ մի բան փախցնի: Ինչի՞ն է կողմ կամ
դեմ քվեարկելու: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել