Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կոոպերատիվ» գրվածների փողերը տվին

Նոյեմբեր 16,2005 00:00

Համենայնդեպս՝
կառավարության որոշմամբ 1987-91թթ. սկսված ու ավարտված կոոպերատիվ
շենքերի մի մասը մնաց անավարտ, իսկ դրանց համար վճարած մարդիկ՝ չփոխհատուցված: Դեռեւս
1997-ին կառավարությունն այդ փոխհատուցման գումարը ընդունեց որպես պետական պարտք,
2003-ին բյուջեում առանձնացրեց գումար, բայց չվճարեց՝ փաստաթղթերի կիսատ-պռատության
պատճառով. կոոպերատիվ ընկերությունները լուծարվել էին եւ հայտնի չէր, թե ով ինչքան
է վճարել: Հավելյալ ուսումնասիրություններից հետո ճշտվել են, թե քանի կոոպերատիվ
ընկերություններ կային, եւ ինչ վիճակում են նրանց կիսակառուցած շենքերը: Ասենք, որ
կառավարության որոշմամբ անավարտ շենքերն արդեն մասնավորեցվում են: Թե ինչքա՞ն գումար
է կուտակվել դրանց վաճառքից՝ պարզ չէ, բայց երեկ կառավարությունը կրկին որոշում է
ընդունել փոխհատուցել կոոպերատիվի համար վճարումներ արած ու այդպես էլ տուն չստացածներին:
Գործընթացը ղեկավարում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Նախարարի գլխավոր
խորհրդական Հայկ Դավթյանը հայտնեց, որ ժամանակին վճարված 10000 ռուբլու դիմաց քաղաքացին
կստանա մոտ 1,7 մլն դրամ կամ 3700 դոլար, ավելի քիչ կամ շատը՝ ըստ այդ հաշվարկի:
Կառավարության առաջին որոշումից հետո կոոպերատորներն աշխուժացել են՝ 37-ն էին, դարձել
են 68 ընկերություն (նույնքան էլ՝ շենք) կամ 3000 ընտանիք: Սակայն փոխհատուցման կարժանանան
առաջին փուլում՝ 1987-91 թթ. գրանցված ընկերությունները, մնացածինը կվերսկսվի 2010-ին:
Գումարը կբաշխվի հերթով՝ յուրաքանչյուր ընկերության համար լրատվամիջոցներով կտրվի
պաշտոնական հայտարարություն: Հաշվառման ժամանակ պարզվել է, որ շատերը հանրապետությունում
չեն, բայց նրանք հնարավորություն ունեն իրենց ընկերության մասին հայտարարության հրապարակումից
հետո 3 տարվա ընթացքում գալ եւ ստանալ գումարը: Ավելի ուշ՝ դատական կարգով: Իսկ ովքեր
հայրենիքում են, հայտարարության հրապարակումից հետո պետք է գան ֆինանսների նախարարություն,
իրենց հետ վերցնելով վճարած գումարի անդորրագիրն ու անձնագիրը, եւ մեկ շաբաթվա ընթացքում
բանկային փոխանցումով կստանան գումարը: Եթե կորցրել են կամ չեն պահպանել անդորրագիրը,
ըստ խորհրդականի՝ «լուծում չունենք, ոչնչով չենք կարող օգնել, ընկերությունները լուծարվել
են, եւ մենք չենք կարող որեւէ տեղեկություն ստանալ, նույնիսկ՝ արխիվից»: Նման հավանականությունը
մեծ է հատկապես երկրաշարժի տակ «ընկածների» համար: Խորհրդականը գտնում է, որ «թող
բավարարվեն նրանով, որ պետությունն անվճար տուն է տվել իրենց»: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել