Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊԱՐԱՆՈՒՄ ԼԱՐՎԱ՞Ծ Է

Նոյեմբեր 16,2005 00:00

Թե՞
դա հորինված է Ապարանում քաղաքապետի ընտրությունները նշանակված
են առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին: Այսօր քաղաքապետի երկու թեկնածու կա՝ գործող
քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյան եւ Գոռ Աբրահամյան: Ապարանյան ընտրություններում առանցքային
դերակատարում ունի «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը՝ իր պատվավոր նախագահ,
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: «Նիգ-Ապարանի» վերնախավի աջակցությունն
այս ընտրություններում վայելում է Գ. Աբրահամյանը: Այդուհանդերձ, ապարանցիներից ոմանց
գնահատմամբ, գործող քաղաքապետի վերընտրվելու շանսերը Գոռ Աբրահամյանի մրցակցության
պարագայում բավականին մեծ են: Սա այն դեպքում, եթե ընտրությունը թողնեն ընտրողներին
եւ վարչական ու այլ տիպի ճնշամիջոցներ չկիրառվեն: «Ընտրված ցանկացած քաղաքապետի ես
շնորհավորելու եմ: Ինչ վերաբերում է թողնել-չթողնելուն՝ ժողովուրդն է թողնում կամ
չի թողնում»,- ի պատասխան հայտարարեց Գ. Աբրահամյանին այս ընտրություններում սատարող
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ապարանյան մեր աղբյուրների ասելով, գործող
քաղաքապետին ընդունում են ու դրա մասին գիտի նաեւ Գ. Աբրահամյանը, որն այնքան էլ
հակված չի եղել առաջադրվելու, բայց նրան համոզելու մեծ վարպետություն է դրսեւորել
հենց Լ. Խաչատրյանը: Հիմնականում հենց նրա ջանքերով է եղել նաեւ, որ Աղվան Հովսեփյանը
հակվել է աջակցելու Գ. Աբրահամյանին: Բայց Ապարանում «դրսի» ապարանցիների միջամտությունը
քաղաքապետի ընտրություններին որոշակի դժգոհություն է առաջացրել, որն էլ Ապարանում
ապրող ընտրողների կողմից մեծ հակազդեցություն է առաջացրել Գ. Աբրահամյանի թիմակիցների
նկատմամբ: Այդուհանդերձ, որքանով է ազդելու «դրսի» աջակցույթունը քաղաքապետի
ընտրության վրա: «Ես՝ որպես շտաբի ղեկավար, այն տեսակետին եմ, որ ժողովուրդն ինքը
պետք է որոշի, թե ով է լինելու Ապարանի քաղաքապետը»,- երեկ մեր հարցադրմանն ի պատասխան՝
ասաց Ռ. Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Մյասնիկ Մալխասյանը: Ըստ նրա, Ապարանում
ստեղծված լարվածությունն էլ «ավելի շատ «դրսի» ու մասնավորապես ԱԺ պատգամավոր Լյովա
Խաչատրյանի ու նրա կողմնակիցների ակտիվ ջանքերով է ստեղծվել»: Դրան Լյովա Խաչատրյանը
հակադարձում է. «Ապարանում լարվածություն չկա, դա հորինված «լարվածություն» է: Կիրակի
ընտրություններ կլինեն, եւ ժողովուրդն իր խոսքը կասի, եւ ում ընտրի ժողովուրդը՝ նա
էլ քաղաքապետ կդառնա»: «Իրավիճակը Ապարանում, իրոք, լարված է, բայց ժողովուրդը
բավականին ամուր է կանգնած: Ժողովուրդը չի ընդունում դրսից եկող միջամտությունն ու
թելադրանքը: Դա ավելի շատ արվում է Լյովա Խաչատրյանի կողմից, գլխավոր դատախազի միջամտությունը
ես անձամբ չեմ տեսել: Ինձ թվում է, գլխավոր դատախազը լավ է պատկերացնում իրավիճակը
եւ գիտի, որ Գոռ Աբրահամյանը Ապարանում զրո տոկոս վստահություն է վայելում»,- ասաց
Մ. Մալխասյանը: Այստեղ խոսվում է նաեւ քաղաքապետին սատարողների դեմ կիրառվող
ճնշումների մասին: Ըստ այդմ, եղել են նաեւ մարդկանց, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների
ընտանիքների անդամների, օրինակ, Ապարանի էլցանցի աշխատակիցների, աշխատանքից հեռացնելու
դեպքեր: «Մեր կողմից նման որեւէ բան չի եղել: Իրենք (Ռ. Պետրոսյանի թիմակիցները-
Ն. Մ.) են այսօր ահաբեկում մարդկանց: Երկուշաբթի օրն էլ կանգեցրել էին մեր տղաներին
(Գ. Աբրահամյանի կողմնակիցներին-Ն. Մ.), թե՝ կխփենք, գերեզմանի քար կդնենք վրաներդ:
Մեր կողմից նման ոչ մի բան չկա»,- հայտարարեց Լ. Խաչատրյանը: Հնարավո՞ր է,
որ ընտրությունների օրը Ապարանում լարվածությունը հանգեցնի բախումների: «Մենք մեր
կողմից հնարավորին ամեն ինչ կանենք, որ լարվածություն չլինի: Եթե բախումներ լինեն,
ապա դրա պատասխանատվությունը կրելու է մրցակից կողմը: Այդ իմաստով մեզանից ոչինչ
կախված չէ»,- երեկ հայտարարեց գործող քաղաքապետի նախընտրական շտաբի պետ Մ. Մալխասյանը:
«Պատասխանատվությունը՝ հասարակական կարգի պահպանումը, դրված է օրինապահ մարմինների
վրա եւ նրանք էլ միջոցներ կձեռնարկեն, որ նման բախումներ չլինեն ու պատասխանատվությունն
էլ կկրեն: Դրանք հորինված բաներ են՝ մարդկանց գրգռելու համար: Չի ստացվելու: Ժողովուրդը
հանգիստ գնալու է իր ընտրությունն անելու: Ում էլ ընտրի՝ ես շնորհավորելու եմ: Ես
կցանկանայի, որ Գ. Աբրահամյանն ընտրվի, որովհետեւ նա փորձ ունի, աշխատել է այդ պաշտոններում,
եղել է Ռ. Պետրոսյանի ուսուցիչը: Ռազմիկը մեր ընկերն է ու ընկեր էլ մնալու է: Մյասնիկն
ինչքան էլ փորձի խառնել Ապարանում՝ չի ստացվելու: Մյասնիկների ժամանակներն անցել
են, էլ չկա 90-ականների այն շարժիչ ուժը, որ թույլ տա Մյասնիկին Ապարանը խառնել ու
իր սուտը ավտոմատներով ու տանկերով հաստատել»,- հակադարձեց Լ. Խաչատրյանը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել