Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉԳՏԱՆ

Նոյեմբեր 16,2005 00:00

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ
ՓԱՅՏԻԿ ՉԳՏԱՆ Երեկ «Հայելի» ակումբում իրենց սահմանադրական
«այո»-ով եւ «ոչ»-ով բանավիճում էին ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ՀԴԿ նախագահ
Արամ Սարգսյանը: Սահմանադրական փոփոխությունների փաստաթղթի բովանդակային բանավեճը
ողջ ընթացքում զուգահեռվեց քաղաքական զեղումներով: «Սահմանադրությունը
կախարդական փայտիկ չէ եւ հաջորդ օրը հանրապետությունը չի դառնալու դրախտավայր»,-
այս անկեղծության համար Արամ Գասպարիչը շնորհակալ եղավ Խոսրով Հարությունյանին եւ
ի պատասխան ստացավ. «Հեղափոխությունն էլ կախարդական փայտիկ չէ: Դուք ձեր կյանքը կապում
եք Քոչարյանի հետ: Իսկ մեր դիրքորոշումը կապ չունի որեւէ անձի հետ: Այն առնչվում
է մի փաստաթղթի, որն առաջիկա 10-15 տարիների կտրվածքով կարող է կենսունակ լինել»:
ՔԴՄ նախագահը նկատեց նաեւ, որ «1998-ին Քոչարյանին ամենաեռանդուն պաշտպանողը Դուք
(Արամ Գ. Սարգսյանը- Ն. Գ.) եք եղել»: Արամ Գասպարիչը պարզաբանեց, որ ինքը առաջարկվող
փոփոխություններին դեմ է ոչ միայն վատ առաջարկողի պատճառով, այլ փոփոխություններն
էլ լավագույնը կամ գոնե լավը չեն: Սկզբունքորեն նա դեմ չէ, որ հանրաքվեն հետաձգվի
եւ մեկ տարվա լուրջ աշխատանքի արդյունքում հասարակությանը ներկայացվի առավել կատարյալ
փաստաթուղթ, առավել հանդուրժելի մթնոլորտում: Ինչ վերաբերում է 1998-ին Քոչարյանին
պաշտպանելուն՝ «ՀԴԿ-ն այն ժամանակ գիտակցաբար պաշտպանեց Քոչարյանի թեկնածությունը,
որովհետեւ այն ժամանակ իշխանափոխության պատճառը ԼՂՀ հարցն էր, որի պաշտպանը Քոչարյանն
էր: Մենք նրան վստահում էինք այդ հարցում ու պաշտպանեցինք: Մենք այն ժամանակ չէինք
կարող կանխատեսել, թե պարոն Քոչարյանն ինչ կերպարանափոխություն է ունենալու ներքաղաքական
ոլորտում: Դա եղավ պատճառը, որ մեկ տարի հետո ես հրաժարական տվեցի»,- ասաց Ա. Սարգսյանը:
Խ. Հարությունյանը խորհուրդ տվեց թերթել 1994, 95, 96թթ. մամուլը. «Նույն
որակումներն իշխանություններին այն ժամանակ էին հնչում: Ավելին, պատերազմ հաղթանակած
նախագահին 94թ. սեպտեմբերի 17-ին ասում էիք՝ պիտի հրաժարական տա: Հիշո՞ւմ եք, որ
այդ ամենի արդյունքում ձեւավորվեցին հետեւյալ թեզերը՝ «Լեւոնը չլինի, ով ուզում է
լինի», «Հերիք եղավ, բոլ եղավ»… հիմա նույն բանն եք ասում»: Ն.
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել