Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԿԱ՛ ԱՅԴՊԻՍԻ ՆԱԽԱԳԱՀ, ՈՐԸ ՀՈՂ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

Նոյեմբեր 16,2005 00:00

Սահմանների փոփոխության
կապակցությամբ մտահոգությունները փարատելու համար երեկ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների
հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ
Էռնեստ Սողոմոնյանը: Նա միացել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար
Լեւոն Մկրտչյանին եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին: Համալսարանի մասնաճյուղի
ռեկտորը զգուշացրեց, թե ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված է սահմանադրական փոփոխությունների
տեղեկատվական կենտրոն՝ պատասխանում են քաղաքացիների հարցերին եւ իրենք էլ այժմ ունեն
բավական հարցեր: Սակայն առաջին հարցը տվեց մասնաճյուղի դասախոս Արտակ Ճաղարյանը:
Իջեւանի այս բնակչին հետաքրքրում էր խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքը՝
Երեւանի քաղաքապետի ուղղակի՞, թե՞ անուղղակի ընտրության կողմնակից են: ՀՅԴ խմբակցության
ղեկավարն ի պատասխան ասաց. «Մեր երկրի համար դժվարությունն այն է, որ Երեւանում կենտրոնացած
է բնակչության զգալի հատվածը: Եվ տեսականորեն հնարավոր է, որ Երեւանի քաղաքապետն
ընտրվի ավելի շատ ձայներով (եթե ուղիղ ընտրվի), քան հանրապետության նախագահը: Երկու
առաջնային մանդատ ունեցողների ձայների լուրջ խնդիր կա այստեղ, որը, որոշակի իմաստով,
մտահոգություն առաջացնում է»: Լեւոն Մկրտչյանը հայտնեց, թե խմբակցությունը դեռ չի
կողմնորոշվել՝ ընտրությունների ո՞ր մի տարբերակի կողմնակից լինեն. «Իմ անձնական տեսակետով՝
երեւի ավելի ճիշտ կլինի, որ երեւանցիներն իրենք ընտրեն իրենց քաղաքապետին: Բայց գիտակցում
եմ այն վտանգը, որի մասին ասվում է»: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը
եւս հայտնեց, թե չեն քննարկել այդ հարցը. «Ցանկացած պարագայում ինքս հակված եմ ուղղակի
ընտրության տարբերակին: Եվ առանձնապես վտանգ էլ չեմ տեսնում, քանի որ միջազգային
պրակտիկայում գործում է նաեւ այսպիսի սկզբունք, որ բոլոր երկրներում, որոնց մայրաքաղաքների
քաղաքապետերն ընտրովի են՝ հիմնականում հավակնում են նախագահի պաշտոնին: Նախադեպերը
շատ են, եւ համոզված եմ՝ էլի կլինեն»: Էռնեստ Սողոմոնյանն էլ իր հերթին հետեւյալ
համեմատությունն արեց. «Հայաստանն իր կառուցվածքով նման է շերեփուկի՝ մեծ գլուխ,
փոքր մարմին: Մեծ գլուխը Երեւանն է, մարմինը՝ մարզերը»: Այս պատճառով նպատակահարմար
է համարում անուղղակի ընտրությունը: Բնագիտական ֆակուլտետի ուսանող Հայկ Ամալյանը
հետաքրքրվեց, թե արդյոք ԱԺ-ին այդքան կայացա՞ծ են համարում որ նոր լիազորություններ
են փոխանցում: Լեւոն Մկրտչյանն ասաց, թե հասկանում է հարցի ենթատեքստը. «Հասարակության
մեջ, ինչ-ինչ հիմքեր ունենալով, որոշակիորեն նկատվում է ԱԺ-ի հեղինակության անկում:
Բայց մենք հստակ պետք է ամրագրենք նաեւ մեկ այլ փաստ՝ աշխարհի բոլոր երկրներում խորհրդարանները
տվյալ հասարակության հայելին են: Չի՛ կարող խորհրդարանը լինել ինչ-որ բարձր արժեքների
կրող, քաղաքական մշակույթի իսկապես օրինակելի մի տեղ, եւ պատգամավորները բավարարեն
այդ պահանջներին, եթե հասարակությունն իր մակարդակով, կյանքով ու կենցաղով չի հասել
դրան: Ուրեմն՝ չպիտի քննադատենք մեր խորհրդարանին՝ միայն իբրեւ ԱԺ-ի որակ. այն այնուհանդերձ
ընտրում ենք մե՛նք՝ հասարակությունը: Ի՞նչ ձեւով ենք ընտրում՝ խախտումներով, ուրեմն՝
Ազգային ժողովի որակն էլ այդ ընտրական ձեւի արդյունքն է»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը
նաեւ նկատեց, թե ԱԺ լիազորությունները սահմանափակ են՝ չի կարողանում լիարժեք իրականացնել
իր վերահսկողական գործառույթները. «Ուստի հասարակության լավ շերտերն առանձնապես չեն
պայքարում ԱԺ-ի համար: Մտավորականներն անգամ շատ քիչ ցանկություն են հայտնում մտնել
ցանկերի մեջ, պայքարել ընտրվելու համար»: Հույս հայտնեց, թե ԱԺ դերակատարության մեծացումը
կպահանջի նաեւ որակի կենտրոնացում: Համահունչ պատասխան տվեց նաեւ Գագիկ Մելիքյանը,
թե ինքներս ենք ընտրում պատգամավորներին. «Եթե լավը չէր, արժանի չէր՝ պետք է չընտրեին,
թեկուզ կաշառքով»: Մի ուսանող հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է խորհրդարանին իրավասություն
տրվել վավերացնել սահմանների փոփոխության վերաբերյալ միջազգային պայմանագրեր: Լեւոն
Մկրտչյանն այս առիթով անդրադարձավ ոչ միայն Մեղրիում իրականացվող ծրագրերին՝ ճանապարհի
կառուցում, գործարանների վերագործարկում, ապացուցելու համար, թե անհիմն են այս դրույթը
Մեղրիի հանձնման հետ կապելու մտահոգությունները, ոչ միայն պատճառաբանեց, թե ըստ էության՝
այս կապակցությամբ Սահմանադրություն է փոխանցվել այսօր իսկ գործող օրենսդրության
մեջ առկա դրույթը, այլ նաեւ հավելեց մի նոր փաստարկ: «Սեւրի պայմանագիրը չգործեց,
քանի որ չվավերացվեց այդ երկրների խորհրդարանների կողմից»,- ասաց պարոն Մկրտչյանը:
Իսկ Հնչակյան կուսակցության ատենապետն ազդարարեց. «Չի՛ ծնվել դեռ այն զույգը, որը
պիտի մեծանա, հասունանա, սիրահարվի, արու զավակ ունենա, որը դառնա նախագահ, ու մենք
հող տանք մեր Հայաստանից: Նոր Սահմանադրությունը միգուցե նպաստի մեր ազգային իղձի
լուծմանը՝ Ղարաբաղի միավորմանը Հայաստանին… Լրիվ հանգիստ եղեք՝ այդ հոդվածը կարող
է օգնել մեր դարավոր իղձը լուծելու համար, եւ ինչու չէ՝ նաեւ իղձե՛րը»: Որքան
էլ զարմանալի է՝ սույն ոգեշունչ խոստմանը չհետեւեցին ծափեր: Լեփ-լեցուն դահլիճն ինքնաբուխ,
առանց ռեկտորի արձագանքին սպասելու ծափահարեց միայն մի դեպքում, երբ դասախոսներից
մեկը կրթության եւ գիտության նախկին նախարարին հարց ուղղեց, թե արդյոք մի քանի ասպիրանտի
հարց լուծելով թուլանալո՞ւ է բանակը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Վերադարձին իրականություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի համեմատությունը: Սեւանից
անցնելուց հետո պարզվեց, որ «այո» քարոզարշավը լուսաբանող լրագրողներին փոխադրող
մեքենայի արագությունը էն չի, մի քիչ աղմուկը շատ է, ծխին նայելով՝ իրազեկները եզրակացրին,
թե մեքենան յուղ է վառում, եւ վարորդն անգամ մի պահ փորձեց օգնության դիմել՝ բուքսիրով
հետ գալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել