Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ

Նոյեմբեր 15,2005 00:00

ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԵՆՔ ԿՐՈՒՄ Չինաստանի Մանյան քաղաքում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի աշխարհի 13-րդ առաջնությունը, որին մասնակցում է ռեկորդային թվով՝ 87 երկրների կաշվե ձեռնոցի 800 վարպետ: Հայաստանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցավայր է գործուղել վեց բռնցքամարտիկի: Նրանք են. 54 կգ՝ Գաբրիել Տոլմաջյան, 60՝ Հրաչյա Ջավախյան, 64՝ Արտյոմ Հովհաննիսյան, 69՝ Սամվել Մաթեւոսյան, 75՝ Անդրանիկ Հակոբյան եւ 81՝ Արտակ Մալումյան: Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կիրակի օրը 11 քաշային կարգերից ութում արդեն կայացել են առաջին մենամարտերը: Ցավոք, մեր հավաքականը հենց մեկնարկում արդեն երկու կորուստ է տվել: Հրաչյա Ջավախյանը միավորների շոշափելի տարբերությամբ՝ 18:29, զիջել է Կանադան ներկայացնող Իբրահիմ Քամալին: Ավելի խոշոր տարբերությամբ է պարտվել 64 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Հովհաննիսյանը: Գերմանացի Մարտին Դրեսենը հայ բռնցքամարտիկին հաղթել է միավորների 36:15 տարբերությամբ: Առաջին օրը միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանն է բացահայտ առավելությամբ պայքարից դուրս մղել խորվաթ Մաթեյ Մատկովիչին: Մեր մյուս բռնցքամարտիկների մրցելույթների մասին երեկ առավոտյան դեռ որեւէ տեղեկություն չկար: Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ծանրամարտի տղամարդկանց աշխարհի 74-րդ առաջնությունում (Հայաստանը կանանց մրցաշարում ներկայացուցիչ չունի) վատ են մեկնարկել նաեւ մեր ծանրորդները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանը 69 կգ քաշային կարգում հայտավորել էր երկու հոգու՝ Արմեն Ղազարյանին եւ Արթուր Դանիելյանին, որոնք երկուսն էլ հանդես էին գալիս ուժեղների «A» խմբում: Արմենը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ հաղթահարել է 137 կգ-ն ու պատվիրել 142 կգ: Սակայն այդ քաշը նրան ենթարկվել է միայն վերջին փորձում: Դա այդ վարժությունում եղել է վեցերորդ ցուցանիշը: Հրում վարժությունում պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվել է: Առաջին մոտեցումը 176 կգ-ին ձախողվել է: Արմենը ստիպված է եղել նույն քաշին մոտենալ նաեւ երկրորդ անգամ: Բարեբախտաբար, մոտեցումը հաջող է ստացվել (4-րդ արդյունք): Սակայն նրա կամքին չի ենթարկվել 181 կիլոգրամը եւ երկամարտի 318 կիլոգրամով հայ ծանրորդը բավարարվել է 4-րդ տեղով: Այս քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արթուր Դանիելյանը, նույնպես երկու վարժությունում իրեն վերապահված վեց մոտեցումից հաջող է իրացրել երեքը եւ 137+172=309 կգ-ով հանգրվանել 7-րդ հորիզոնականում: Խայտառակ մրցելույթ է ունեցել Հովհաննես Ամրեյանը, որը հանդես պետք է գար մեր ավանդաբար ուժեղ համարվող 77 կգ քաշային կարգում: Նույնպես ուժեղների խմբում ընդգրկված լինելով՝ նա պոկումում երկու անգամ չի կարողացել բարձրացնել իր իսկ պատվիրած 155 կգ-ն: Հույս ունենալով ինչ-որ կերպ փրկել իրադրությունը՝ նա վերջին փորձով մոտեցել է 156 կիլոգրամին ու կրկին քաշը չի ենթարկվել նրան: Այդուհանդերձ, Ամրեյանը որոշել է մրցահարթակ մտնել նաեւ հրում վարժությունում: Բայց ճակատագիրն այդ օրը նրանից երես էր թեքել: Առաջին մոտեցմամբ չսանձելով նաեւ 185 կիլոգրամը՝ Հովհաննեսն այնուհետեւ, ըստ պաշտոնական ցուցակի, հրաժարվել է վերջին երկու մոտեցումներից: Երեկ ասպարեզ էին մտնելու 85 կգ քաշայիններ Արսեն Մելիքյանն ու Տիգրան Դավթյանը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել