Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ

Նոյեմբեր 15,2005 00:00

Առայժմ լավը քիչ է Ըստ Բարմենների հայկական ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Վահագն Բաբայանի՝ միջազգային չափանիշներով ռեստորաններն ու բարերը թվարկելիս ազատ մատներ կմնան: Բարմենների հայկական ասոցիացիան վերջապես հոկտեմբերի 20-ին Հելսինկիում ինտեգրվեց Բարմենների միջազգային ասոցիացիային: «Ռեժինե» հյուրանոցի հանդիպումների սրահում նոյեմբերի 17-ին այս առիթով կկայանա ԶԼՄ-ների հետ հանդիպում եւ ասոցիացիայի առաջին համաժողովը: «Առավոտը» ժամանակին տեղեկացրել է ասոցիացիայի աշխատանքների մասին: Հիշեցնենք, որ այն Հայաստանում գործում է 2002-ից եւ, ինչպես ժամանակին մեզ հայտնել էր ասոցիացիայի նախագահը, միջազգային կառույցին անդամագրվելը հնարավորություն կընձեռի հայ բարմեններին՝ մասնակցելու համաշխարհային մրցույթների, ստուգատեսների, ինչը ենթադրում է այդ ոլորտի առաջընթաց մեր երկրում: – Ի՞նչ կփոխվի միջազգային ասոցիացիային անդամակցելուց հետո, եւ արդյո՞ք առանց դրա հնարավոր չէր միջազգային չափանիշներին համապատասխան աշխատաոճ: Եվ, ի վերջո, ինչ ասել է միջազգային չափանիշ: – Բարմենների միջազգային ասոցիացիային անդամակցումը արդեն մեզ բերեց միջազգային ճանաչման եւ Հայաստանում գործող ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ու ներմուծող ընկերությունների հետ սերտ համագործակցության: Արդեն ցանկացած միջոցառման, որ հովանավորվում է վերջիններիս կողմից, ակտիվորեն մասնակցում են մեր ասոցիացիայի անդամները: Միջազգայինի շարքերում տեղ գրավելու համար երեք տարի մասնակցել ենք համաժողովների (անդամ դառնալու պայմաններից մեկն է) Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, պայման հանդիսացող 50 անդամի փոխարեն ունենք 74-ը: Հավաստիացնում եմ, որ ասոցիացիայի անդամները մինչեւ միջազգայինի անդամ դառնալը նույնպես աշխատել են միջազգային չափանիշներով: Միջազգային չափանիշներ են ապահովում նաեւ բարմենի ներքին կուլտուրան եւ ընդհանուր աշխատանքը: Սկսեմ ամենապարզունակ թվացողից, որը կարող է առաջին հայացքից մանրուք թվալ: Այսպես. բարի ետեւում չուտել, չխոսել, չծամել, ամենակարեւորը՝ չծխել: Հաճախորդի հետ լինել բարեկիրթ եւ հետեւել սպասարկման ընդունված կանոններին: Օրինակ, պատվիրած խմիչքը (կոկտեյլ թե մաքուր խմիչք) պատրաստել հաճախորդի աչքի առջեւ, կարողանալ լսել նրան, սպասարկման համար բոլոր գործիքներն ու սպասքը պահել մաքուր վիճակում եւ այլն: – Որտե՞ղ կարող է ցանկացողը սովորել եւ դառնալ բարի ու ռեստորանի համապատասխան մասնագետ: – Դեկտեմբերի 1-ից կսկսի գործել մեր ասոցիացիայի ուսումնական կենտրոնը, որտեղ կպատրաստվեն եւ կվերապատրաստվեն պրոֆեսիոնալ բարմեններ եւ այլ մասնագետներ: Ուսման ընթացքը կենտրոնում կտեւի վեց շաբաթ, ոչ թե երկու շաբաթ, ինչպես ընդունված է աշխարհի նմանատիպ շատ կենտրոններում: Դրա բացատրությունը մեկն է. մեզ մոտ այս բնագավառում թերացումներ շատ կան, օրինակ՝ մասնագիտական օտար լեզվի, երաժշտական ճաշակի ու հոգեբանական խնդիրների հետ կապված: Այս ամենը կուսուցանվի մասնագիտական դասընթացներին զուգահեռ: Օրինակ՝ պրակտիկ աշխատանք խմիչքների հետ, այցելություններ խմիչք արտադրող ձեռնարկություններ եւ այլն: – Հանրապետությունում բազմաթիվ սրճարան-ռեստորաններին ասոցիացիան կարո՞ղ է ապահովել մասնագետներով կամ հսկել դրանց գործունեությունը: – Ներկայումս կան սրճարաններ, բարեր, որտեղ եթե անգամ չեն աշխատում մեր ասոցիացիայի անդամները, ապա գոնե հսկվում են մեր կողմից: Ամբողջ դաշտը հնարավոր չէ, ձեր ասած բառով՝ հսկել: Դրա համար կպահանջվի բավական երկար ժամանակ: Եվ «հսկելը» տեղին չէ ասված: Ի վերջո՝ ամեն մարդ անկախ է, սա դիկտատուրա չէ: Աշխատանքի ընթացքում այս կամ այն բարի, սրճարանի տերը կզգա, որ պարզապես անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ աշխատող: Զարգացած երկրներում անցկացված սոցիոլոգիական արդյունքների արդյունքում՝ նման վայրերի հաճախորդների 99%-ը ուշադրությունը կենտրոնացնում է սպասարկման որակին: Աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում կարելի է, ինչու չէ, վերահսկել ոլորտը: Այսօր միջազգային չափանիշներով ռեստորաններ, բարեր ունենք, բայց դրանք կարելի է հաշվել մատների վրա: Ընդ որում՝ մի քանի մատ ազատ կմնա: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել