ՌՈՒՍԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՔԻՉ ԳԻՏԵՆ Հայաստանի մասին «գրեք նուրբ, զգույշ եւ օբյեկտիվ»,- երեկ իր ելույթում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հորդորում էր ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում նոյեմբերի 13-14-ին անցկացվեցին Ռուսաստանյան մամուլի օրեր: Այս առիթով երեկ հրավիրվել էր կլոր սեղան՝ Ռուսաստանի հայտնի լրատվամիջոցների, հրատարակիչների ղեկավարների եւ Հայաստանի ԶԼՄ-ների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննակվեցին այն խնդիրները, որոնք առկա են երկու երկրների մամուլում: Քննարկումն անցավ երկկողմ «խայթոցներով»՝ մերոնք պնդում էին, որ Հայաստանը ռուսական մամուլում քիչ է լուսաբանվում, երբեմն էլ ոչ ճիշտ, ռուսներն էլ հակադարձում էին, որ պասիվություն կա հայկական կողմից, որ իրենք չեն կարող էջեր նվիրել Հայաստանի մասին նյութերին: Այսպես, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը մոնիտորինգ էր անցկացրել, թե 2005-ի հոկտեմբերին քանի նյութ է տպագրվել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասին ռուսական թերթերում եւ ամսագրերում: Պատկերը հետեւյալն էր՝ կենտրոնական թերթերում Հայաստանին անդրադարձել էին 488, Վրաստանին՝ 1046, Ադրբեջանին՝ 785 անգամ: Թերեւս մերոնց չվշտացնելու համար «Օգոնյոկ» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակը կարծիք հայտնեց՝ գուցե Հայաստանն իրեն այնքան լավ է պահում, որ ռուսական թերթերում հայերին վրացիների պես հաճախ չեն հիշում: Ըստ Լոշակի՝ ռուսների համար գոյություն ունի երկու Հայաստան՝ մեկը բուն Հայաստանում, մյուսը՝ իր երկրում («Օգոնյոկի» խմբագրի համոզմամբ՝ հայերը Ռուսաստանում այնքան շատ են, որ համարյա Հայաստան են- Հ. Ե.): Վ. Լոշակը թեժ բանավեճերի տեղիք տվեց: Մթնոլորտը մեղմելու փորձ արեց Վ. Սողոմոնյանը. «Խնդիրն այն չէ, որ ռուսական թերթերում մեզ գովեն, երկար գրեն մեր մասին կամ, ինչպես մի հայտնի լրագրող ինձ ասաց, թող գրեն նուրբ, զգույշ եւ օբյեկտիվ (նկատի ունի Յա. Զասուրսկուն- Հ. Ե.): Երբ Ռուսաստանի թերթերում ոչ օբյեկտիվ ենթադրություններ են անում Հայաստանի մասին՝ դա նորմալ չէ: Ավելի լավ է ամեն ինչ լինի օբյեկտիվ»: Հայկական ԶԼՄ-ներին անհանգստացնում էին նաեւ հետեւյալ հարցերը՝ Հայաստանում ռուսական թերթեր գալիս են քիչ քանակությամբ եւ գուցե մի քանի տարի անց ռուսերենի իմացությամբ լրագրողներ ընդհանրապես չլինեն, համարյա չկան ռուսաստանյան ԶԼՄ-ների սեփական թղթակիցներ Հայաստանում: Վերջին առիթով ՌԴ պարբերական մամուլի հրատարակիչների գիլդիայի նախագահ Լեոնիդ Մակարոնը խոստացավ երիտասարդ լրագրողների վերապատրաստման դասընթացներ կազմակերպել Մոսկվայում: Փոքրիկ հարցախույզի միջոցով պարզեցինք, որ ռուսական ԶԼՄ- ների ներկայացուցիչների մեծ մասը աղոտ պատկերացում ունի Հայաստանյան ԶԼՄ-ների մասին: Օրինակ՝ Վ. Լոշակն «Առավոտին» ասաց, որ այս օրերին ընդամենը հասցրել է ծանոթանալ հայկական ԶԼՄ-ների ցանկին ու ներկայացուցիչներին, բայց նրանց գործունեության մասին ոչինչ չի կարող ասել: Լ. Մակարոնն անգամ դժվարացավ լրատվամիջոցների անուններ հիշել, պատճառաբանելով դրանց ռուսերեն տարբերակի բացակայությամբ: Նկատենք, որ Ռուսաստանում պաշտոնապես գրանցված է 60 հազար անուն տպագիր մամուլ, որից 40 հազարը թերթեր են, իսկ մնացածը՝ ամսագրեր: Ըստ Լ. Մակարոնի՝ այս թիվն արտացոլում է ռուսաստանյան մամուլի ազատությունը. «Յուրաքանչյուր փող ունեցող մարդ կարող է սեփական թերթ ունենալ»: Ըստ նրա՝ անկանխատեսելի է ռուսաստանյան լրագրողի աշխատավարձը. այն կարող է լինել ցածր, բայց երբեմն էլ գերազանցել եվրոպական ԶԼՄ-ների սահմանած աշխատավարձերը, ինչը կախված է ոչ միայն լրագրողի պրոֆեսիոնալիզմից, այլեւ ԶԼՄ-ի իմիջից եւ հայտնիությունից: Երեկ ռուսական պատվիրակությունը հանդիպեց նաեւ Ռուս- հայկական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ՊՆ նախարար Սերժ Սարգսյանին: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ