Բուհերը լծված են քննարկումներին ու քարոզին Հանրաքվեի քարոզարշավին «այո»-ի հարցում մեծ թափով իրենց լուման են բերում ՀՀ բուհերի ղեկավարները Համապատասխան ամբիոններում կազմակերպվող դասերից զատ, նույնիսկ առանձին դասաժամեր են նվիրվում սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթի քննարկմանը: Տնտեսագիտական ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնյաների հետ հանդիպումներից զատ, իրենց բուհի 5 դասախոսներ, ովքեր «իրավունք» առարկա են դասավանդում, սահմանադրության թեմայով պաշտոնապես դասեր են անցկացնում, սակայն հիմնական դասաժամերից դուրս: Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանից տեղեկացանք, որ իրենք պաշտոնյաների հետ քննարկումներ չեն արել, սակայն հասարակագիտության ամբիոնն ուսանողների հետ քննարկումներ կազմակերպում է՝ «որպեսզի ամենքն իր բնակության վայրում կողմնորոշվի»: Բուհերից ամենաակտիվն այս առումով Ագրարային համալսարանն է: Վերջինս արդեն 2 մեծ հանդիպում է կազմակերպել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար՝ տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ: Իրենք՝ դասախոսները շատ անհրաժեշտ են համարում նմանատիպ հանդիպումները, եւ նաեւ՝ դասախոս-ուսանող շփումները այս թեմայի շուրջ: Եվ քանի որ մեզ հետ զրույցում դասախոսական կազմը միայն դրական կարծիքներ էր արտահայտում սահմանադրության նոր տաբերակի վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ ուսանողների հետ նրանք ոչ թե պարզապես քննարկում են առանձին դրույթներ, այլ պարզապես «այո» են քարոզում: «Այն երկու կետերը, որ անընդհատ քննարկվում եւ շահարկման առարկա են դարձել՝ նախագահի անձեռնմխելիությանն ու երկքաղաքացիությանը վերաբերող, անհրաժեշտ է մանրամասն մեկնաբանել, որովհետեւ կարդալով չի հասկացվում: Սահմանադրությունն անպայմանորեն պետք է կետ առ կետ մեկնաբանվի: Հաճախ դասերի ժամանակ էլ ուսանողները հարցնում են, մենք պատասխանում ենք»,- ասում է բուհի արհկոմի նախագահ Հենրիկ Զաքարյանը: Մեր հարցին, թե արդյոք ճի՞շտ է շուրջ մեկ ամիս մոռանալ դասերը եւ լծվել սահմանադրական քննարկումներին, պրն Զաքարյանը պատասխանեց. «Ոչ, այդպես չէ: Մենք դասից հետո ենք բացատրում, ես դասերի ժամանակ ասելով՝ նկատի ունեի դասերից հետո: Երեխաները հարցնում են, մենք էլ բոլոր հարցերին պատասխանում ենք: Ինչու ոչ՝ թող դասերն էլ նվիրեն, մեկնաբանեն՝ որն է լավը, որն է վատը, բոլոր հարցերին պետք է պատասխանել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ