Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՆ

Նոյեմբեր 15,2005 00:00

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՋԱԿՑԵՑ ԿԱՎԱՏՆԵՐԻՆ Կրկին մեղմ պատիժներ են նշանակվել սեռական ստրկության կազմակերպիչներին Նոյեմբերի 11-ին Էջմիածին քաղաքում Արմավիրի առաջին ատյանի դատարանում ավարտվեց մարդկանց վաճառքի գործով ընթացող մի դատավարություն: Այդ օրը դատարանը հրապարակեց դատավճռի եզրափակիչ մասը, այսինքն՝ միայն պատիժները: Երեք ամբաստանյալների համար դատավոր Տիգրան Պետրոսյանը ակնհայտ մեղմ պատիժ է սահմանել՝ կիրառելով Քրօրի 64-րդ հոդվածը: Այս հոդվածը կիրառվում է բացառիկ հանգամանքների առկայության դեպքում: Օրինակ՝ երբ ամբաստանյալն աջակցում է «խմբի կատարած հանցանքը բացահայտելուն», երբ կան մի քանի մեղմացուցիչ հանգամանքներ եւ այլն: Ամբաստանյալները չորսն էին՝ Սիմոն Ներսիսյանը, Նանասիլ Առաքելյանը, Թամարա Մակարովան եւ Պատվական Մալխասյանը: Վերջինս սեպտեմբերին Դուբայում կասկածելի հանգամանքներում ավտովթարից մահացած, հետախուզման մեջ գտնվող հայտնի կավատ Անահիտ Մալխասյանի (մականունը՝ «Դըբռ Անո») հարազատ եղբայրն է: Անահիտ Մալխասյանի դին Դուբայից Հայաստան տեղափոխելուն օժանդակել էր այնտեղի հայկական սեքս-բիզնեսի պարագլուխներից մեկը՝ սիրիացի Ասադը: Պատվական Մալխասյանը մեղադրվում էր Քրօրի երկու հոդվածով՝ պոռնկությամբ զբաղվելու համար որջեր կազմակերպելու, պահելու կամ կավատության եւ մարդկանց առեւտրի: Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արմեն Բոշնաղյանը այս երկու հոդվածների համակցությամբ միջնորդել է ազատազրկել Պ. Մալխասյանին հինգ տարի վեց ամիս ժամկետով: Սակայն դատարանը նշանակեց երկու տարվա ազատազրկում: Դատական գործում տեղեկանք կա, որ Պ. Մալխասյանն իր խնամքին ունի երեք անձ եւ վատառողջ է: Պ. Մալխասյանը 2002թ. Դուբայում քրոջ՝ Անահիտ Մալխասյանի հետ էր աշխատում: Նա քրոջ ենթակայության տակ գտնվող կանանց տեղափոխում էր դիսկոտեկներ, հյուրանոցներ, սրճարաններ եւ ապահովում էր, որպեսզի նրանք «անվտանգ» զբաղվեն մարմնավաճառությամբ: Վերադառնալով Հայաստան՝ նա սկսել է քրոջը կանայք մատակարարել: Այս գործով տուժողները երկուսն էին՝ Շ. Մ.-ն եւ Ռ.Կ.-ն, սակայն մեկ տարի առաջ մենք Դուբայում երկու անգամ եղել ենք Անահիտ Մալխասյանի բնակարան-հասարակաց տանը, զրուցել նրա ենթակայությամբ աշխատող կանանց հետ, եւ նրանց մեջ կային եւս երեքը, ովքեր Դուբայում էին հայտնվել նրա եղբոր՝ Պատվական Մալխասյանի միջոցով: Ըստ գործի նյութերի՝ տուժողներին հենց Պատվականն ու ամբաստանյալներ Նանասիլ Առաքելյանն ու Թամարա Մակարովան են խաբել եւ Դուբայում երեխա պահելու պատրվակով ուղարկել Անահիտ Մալխասյանի մոտ: Դուբայում Անահիտ Մալխասյանը նրանցից վերցնելով անձնագրերը՝ ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ: Տուժողները նախկինում մարմնավաճառներ չեն եղել, գտնվում էին ծայրահեղ նյութական կարիքի մեջ: Երկուսն էլ ամուսնալուծված էին: Կանանցից մեկը իր ցուցմունքում պատմել է, թե ինչպիսի դաժան վերաբերմունքի է արժանացել Անահիտի եւ նրա արաբ գործընկերների կողմից: Ամբաստանյալ Նանասիլ Առաքելյանը 2 անգամ դատված է եղել նմանատիպ գործունեության համար: Միակ ամբաստանյալն էր, որի նկատմամբ, ըստ մեղադրող կողմի, դատարանը համաչափ պատիժ է սահմանել՝ 5 տարի 4 ամիս ազատազրկում: Թամարա Մակարովայի համար մեղադրողը պահանջել է ազատազրկում հինգ տարի ժամկետով, սակայն դատարանը, գտնելով հանցանքը հիմնավորված եւ ապացուցված, պատիժ է սահմանել 2 տարի ժամկետով: Ամբաստանյալի միակ մեղմացուցիչ հանգամանքն այն է, որ նախկինում դատված չի եղել: Կանանց Մոսկվայով Դուբայ էր տեղափոխել Սիմոն Ներսիսյանը: Մեղադրողը միջնորդել էր դատարանին Ս. Ներսիսյանին ազատազրկել հինգ տարի ժամկետով, սակայն դատարանը կիրառելով 64-րդ հոդվածը՝ նշանակեց ազատազրկում երկու տարի ժամկետով: «Դատարանն ակնհայտ մեղմ պատիժ է սահմանել երեք ամբաստանյալների նկատմամբ: Մեզ համար խիստ անսպասելի էր եւ անտրամաբանական, որ ծանր հանցագործության համար մի գործով երեք անձի նկատմամբ կիրառվում է 64-րդ հոդվածը: Բացառիկ հանգամանքներ այստեղ չկան, դատարանը չէր կարող կիրառել 64-րդ հոդվածը: Անպայման պետք է վերաքննիչ բողոք բերվի պատժի մեղմության դեմ»,-պարզաբանեց գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանը: Դատավորի կողմից նման մեղմ պատիժների սահմանումը բացատրվում է միայն այն հանգամանքով, որ ամբաստանյալները հայկական սեքս-բիզնեսի ներկայացուցիչներ են եւ ունեն բավականին ազդեցիկ հովանավորներ: Թե ինչպիսի հանգամանքներ է հաշվի առել դատավորը՝ մեղմ պատիժ սահմանելով երեք ամբաստանյալների նկատմամբ, պարզ կդառնա վճռի ամբողջական հրապարակումից հետո: Հնարավոր է պարզվի, որ այս մարդիկ պատերազմի մասնակիցներ են կամ ծառայություններ ունեն մատուցած Արմավիրի առաջին ատյանի դատարանին: Հաշվի առնելով, որ դատավոր Տիգրան Պետրոսյանը նաեւ Արդարադատության խորհրդի անդամ է, կարծում ենք՝ այս դատավճիռը պետք է քննարկման նյութ դառնա Արդարադատության խորհրդում: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել