… Իսկ Լիբերիայի նախագահը կին է ԱՊՀ տարածքի քաղաքական դաշտի ակտիվիստ կանայք նոյեմբերի 10-14-ը հավաքվել էին Ծաղկաձորում՝ իրենց փորձը կիսելու: «Կանանց համահայկական միություն» հ/կ-ի կազմակերպած կոնֆերանսը «Կանանց դերը ժողովրդավարության զարգացման մեջ» թեմայով էր: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Մոլդովայի կին ներկայացուցիչները: Ադրբեջանի ներկայացուցիչը չէր եկել: Մինչ միջոցառման մասնակից 40 կանայք դժգոհում էին քաղաքական կուսակցություններում գենդերային անհավասարությունից, նույն օրը Աֆրիկայի երկրներից մեկում՝ Լիբերիայում, նախագահ ընտրվեց կին, ինչի առիթով հետխորհրդային կանանց շնորհավորեց սեմինարի մասնակից, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը: Ըստ սեմինարականների, ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ հետխորհրդային երկրներում քաղաքական բարձրաստիճան պաշտոններում կանանց ներգրավվածությունը զգալիորեն ցածր է: Մինչդեռ մասնակիցների համոզմամբ՝ երկրում դեմոկրատիան զարգացնելու համար կինը պետք է ակտիվ մասնակցություն ունենա տնտեսական, քաղաքական, սոցիալական կյանքում: Սեմինարին քաղաքական ասպարեզում 25 տարիների իր փորձը կիսելու էր եկել «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի խորհրդի անդամ Իրմհարդ Շվեյցերը: Նա բացահայտեց իր գաղտնիքը, թե ինչպես կանայք քաղաքականության մեջ հաջողության հասնեն կամ ընտրություններում հաղթեն: Ըստ նրա՝ «առաջին հերթին կանայք պետք է վճռական լինեն» կամ «ով ուզում է պաշտոնի գա՝ պետք է նեղի հակառակորդին»: Տիկին Շվեյցերի ելույթը արագ-արագ սղագրում էր «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար, Կենտրոն համայնքապետի երբեմնի թեկնածու Ռուզան Խաչատրյանը: Ռ. Խաչատրյանի «անվճռականությունը» երեսով տվեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Գեղամյանը: Նրա կարծիքով՝ Ռ. Խաչատրյանը պասիվ էր, հույսը դրել էր կուսակցության վրա եւ ավելի մեծ հաջողության կհասներ, եթե օգտագործեր իր պոտենցիալը: Վրացի ներկայացուցիչ, «Նոր տնտեսագիտական դպրոցի» գործադիր քարտուղար Նինո Գորգաձեն դժգոհում էր, որ կովկասցի տղամարդիկ կանանց լուրջ չեն ընդունում եւ երբեմն թերագնահատում են. «Նրանք առաջնային ուշադրություն են դարձնում արտաքինին կամ հանդիպումների ժամանակ ոտքերիդ են նայում»: Այս բողոքին ի պատասխան՝ Էստոնիայի ներկայացուցիչ Տատյանա Մուրավյովան կանանց խորհուրդ տվեց նման դեպքերում նայել տղամարդկանց «համապատասխան տեղին»: Եթե Գերմանիայում կանայք կազմում են խորհրդարանի 35 %-ը, ապա Վրաստանում խորհրդարանի 9 %-ն է կին: Էստոնիայի խորհրդարանում էլ թեեւ կանայք 20 %-ն են կազմում, սակայն Տ. Մուրավյովայի խոսքերով, պետության համար կարեւոր որոշումներ կայացնելու գործում կանայք ազդեցություն չունեն: Էստոնացի տիկինը իր կարդացած գրքից մեջբերեց մի արտահայտություն, ըստ որի՝ հաջողված քաղաքական կին գործիչներ դառնում են 50 տարեկանին մոտ, «ովքեր երեխաներին արդեն մեծացրել են եւ կլիմաքսի շրջանում են գտնվում»: Քաղաքական պաշտոններում կանանց ներգրավվածությամբ հետխորհրդային երկրներից Հայաստանը վերջին տեղում է: Մեր խորհրդարանում կանայք 5% են կազմում: Ի տարբերություն մյուս երկրների՝ մեզ մոտ մարզպետներն ու քաղաքապետերը բացառապես արական սեռի ներկայացուցիչներ են: Քննարկումների արդյունքում կանանց դերը քաղաքական կուսակցություններում բարձրացնելու նպատակով Եզրափակիչ փաստաթուղթ կազմվեց (այն դեռեւս վերջնական չէ)՝ հ/կ-ներին, կուսակցություններին եւ այլ կազմակերպություններին ուղարկելու համար: Սեմինարը հովանավորել էր «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ