Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՔԱ՜Ն

Նոյեմբեր 15,2005 00:00

ԻՆՉՔԱ՜Ն «ՊՈՒՊՈՒՇ» Է ԿՈԱԼԻՑԻԱՆ Եվ ինչ «քըխ»-ը՝ նրա կազմած կառավարությունը Այլ եզրակացության չես հանգի՝ ուսումնասիրելով 2006-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանից կառավարություն ներկայացված առաջարկությունների ամփոփաթերթիկը: Արդեն հաղորդել ենք, որ ստացվել է 552 առաջարկություն, եւ ընդունելի է համարվել միայն 90-ը: Ամենաշատ առաջարկները ներկայացրել է Հանրապետական խմբակցությունը՝ շուրջ 250, եւ չի ընդունվել դրանց գերակշիռ մեծամասնությունը: ՀՀԿ-ն կառավարությանն առաջարկել է շուրջ 100 դպրոց վերանորոգել, նաեւ բազմաթիվ մանկապարտեզներ, 50-ի չափ մշակույթի տներ, կառուցել լողավազաններ ու մարզադահլիճներ: Սակայն կառավարությունը մերժել է գերազանցապես հետեւյալ հիմնավորմամբ. «Առաջարկությունը չի ընդունվել, բացակայում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը»: Միջանկյալ նկատենք, որ կոալիցիոն այլ կուսակցություններ էլ են ներկայացրել երբեմն անգամ նույն դպրոցները նորոգելու վերաբերյալ առաջարկներ: Սակայն թեեւ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ ՕԵԿ-ի շարքերում քիչ չեն փորձառու պատգամավորները՝ որեւէ մեկի մտքով, պարզվում է, չի անցել, թե բյուջեում տեղ գրավելու համար հաշվարկներ ու դրանք հիմնավորող փաստաթղթեր են հարկավոր: Ընդ որում՝ 86 առաջարկ ներկայացրած ՕԵԿ-ը Կոտայքի մարզի Նորագյուղ համայնքի միջնակարգ դպրոցի նորոգման համար գումար պահանջել է, նշելով՝ «Դպրոցի միջնապատերը շարժվում են եւ կա փլուզման վտանգ»: Սակայն կառավարությունն այնուամենայնիվ մերժել է առաջարկը: Կառավարության անողոք վերաբերմունքն իշխող կուսակցությունների նկատմամբ ուղղակի սոսկալի՜ անարդար է: Նույն առաջարկը՝ Մատենադարանին գումար հատկացնել պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող ձեռագրերով հավաքածուն համալրելու նպատակով, արել է ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՄԱԿ-ը: Ուղղակի առաջինն առաջարկել է հատկացնել 100 մլն դրամ, իսկ ՄԱԿ-ը՝ 50: Ընդունվել է վերջինիս առաջարկը: Ընդունվել է ՄԱԿ-ի առաջարկը՝ 7 մլն դրամ հատկացնել պետական կոնսերվատորիային, որ նախագծվի եւ հիմնանորոգվի համերգային դահլիճի մուտքը: Մինչդեռ մերժվել է հանրապետականների առաջարկը՝ 10 մլն դրամ հատկացնել Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանին՝ դահլիճի վերանորոգման, կահույքի ձեռքբերման եւ ցուցադրության կազմակերպման համար: Պատճառաբանությունը նույնն է՝ «բացակայում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը»: Ժողովրդի մասին մտածող ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն բազմաթիվ համայնքների գազիֆիկացման, ոռոգման ցանցերի, խմելու ջրագծերի, նաեւ ճանապարհների վերանորոգման համար գումարներ տրամադրելու մասին են միջնորդել, մինչդեռ նրանց կազմած կառավարությունը վատամարդ է դուրս եկել եւ մերժել առաջարկները՝ «ելնելով պետբյուջեի կանխատեսվող եկամուտների մակարդակից եւ ծախսերի առաջնահերթությունից»: Դառնանք անհատ պատգամավորների առաջարկներին: Ապարանցի պատգամավորներն, անկախ իրենց խմբակցային պատկանելությունից, բյուջեից փորձել են գումարներ կորզել հայրենի Ապարանի բարեկարգման համար: Սակայն կառավարությունը մերժել է թե՛ Աղասի Արշակյանին, թե՛ Լյովա Խաչատրյանին, թե՛ Նապոլեոն Ազիզյանին, թե՛ Մանուկ Գասպարյանին: Մնացած պատգամավորների առաջարկներն էլ, սովորականի պես, վերաբերել են իրենց ընտրատարածքներին: Սակայն կառավարությունը՝ աննշան բացառություններով, մերժել է բոլորին: Բացառություններից մեկը «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի առաջարկն է Տաշիր քաղաքում սելավատար կառուցելու վերաբերյալ, քանզի պատգամավորը խոհեմաբար հիշեցրել է, թե սա ՀՀ նախագահի 2004-ի հունիսին Լոռու մարզ կատարած այցի ժամանակ տված խոստում է: Միայն ընդդիմադիր պատգամավորների՝ «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանի եւ անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի առաջարկներն են, որ չեն վերաբերում որոշակի համայնքների բարեկարգմանը: Նրանք փորձել են լուծել առավել ընդհանուր խնդիրներ՝ առաջարկելով կիսով չափ կրճատել ծառայողական գործուղումները, վերացնել պետբյուջեից «երիտասարդական քաղաքականացված խրախճանք-հավաքների համար նախատեսված գումարները՝ դրանք նպատակաուղղելով կենսաթոշակների ավելացմանը» (սա Թաթուլ Մանասերյանի առաջարկն է), կրճատել կառավարման ապարատին հատկացումները եւ այլն: Սակայն կառավարությունը միշտ մերժել է այս առաջարկները՝ բնականաբար, դրանց ընդունումը համարելով ոչ նպատակահարմար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել