Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՄՊԱՅՆ

Նոյեմբեր 15,2005 00:00

ՇԱՄՊԱՅՆ ՄԻ՛ ԽՄԻՐ Իշխանազուրկ կդառնաս «Ես իսկապես մտահոգված եմ Ձեր քաղաքական ապագայով, պրն Բաղդասարյան: Մեր քաղաքական պատմությունից հայտնի է, թե շամպայն խմելն ի՜նչ վատ նշան է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շամպայն խմեց՝ 1,5 տարի հետո զրկվեց իշխանությունից: 1,5 տարի հետո մեզանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Մի՞թե դուք իմ ընկերական, բարեկամական մտահոգությունը չեք գնահատում եւ չեք ցանկանում ընդառաջել իմ հորդորներին»,- այսպիսի սրտակեղեք կոչով Հմայակ Հովհաննիսյանը երեկ դիմեց ԱԺ նախագահին՝ առիթ տալով, որ Վիկտոր Դալլաքյանը վերջինիս առաջարկի թաշկինակ նվիրել Հմայակին՝ նման լացակումած ելույթների համար: Այս ամենի առիթն էլի ավանդների վերադարձման մասին օրենքն էր: Հմայակ Հովհաննիսյանը 2006 թ. պետբյուջեում ավանդների վերադարձման համար 1 միլիարդ դրամ նախատեսելուց հետո էլ հորդորում էր ԱԺ նախագահին վճռական եւ հետեւողական լինել եւ քննարկել այդ օրենքը: Ա. Բաղդասարյանն ի պատասխան հա՛ կրկնում էր, թե բյուջեի մասին օրենքը նույնպես օրենք է, եւ որ դրանում արդեն իսկ հիմնականում ներառված են շրջանառության մեջ գտնվող օրինագծի դրույթները. «Խելագարության կանխավարկածով չառաջնորդվենք՝ մի օրենքը 2 անգամ չենք կարող ընդունել»: Եվ ի վերջո հայտարարեց. «Որոշ պատգամավորներ մայրենիի չիմացությամբ բռնաբարում են հայրենի ուղղագրությունը»: Հմայակ Հովհաննիսյանն ավանդների փոխհատուցման համար նախատեսված գումարի առնչությամբ դժգոհել էր. «Այդ շնից պոկված մազը՝ ծախսային մասից 0,2% խղճուկ գումա՛րը գոնե ավելացվեր»: Սա էլ կառավարության հասցեին վիրավորանք որակեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը եւ նախագահողին հորդորեց հակազդել նման ելույթներին: Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, որ նախագահողը, որ այդ պահին Վահան Հովհաննիսյանն էր, իրավունք չունի մեկնաբանել որեւէ ելույթ: «Բա սա կյա՞նք է, ելույթ մեկնաբանել էլ չի կարելի: Որ չմեկնաբանեմ՝ սիրտս կճաքի»,- դժգոհեց Վահան Հովհաննիսյանը, ու Վիկտոր Դալլաքյանը նահանջեց. «Քանի որ ես շատ եմ մտածում ձեր առողջության մասին՝ աչք կփակեմ, թեկուզ ինձ մեղադրեն անսկզբունքայնության մեջ, որ Դուք մեկնաբանեք Հմայակ Հովհաննիսյանի բառերը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել