Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞Վ

Նոյեմբեր 15,2005 00:00

«Ո՞Վ Է ՄԵԶԻ ԼՈՒՅՍ ԲԵՐՈՂԸ՝ ԳԵՂԱՄՅԱՆՆ Է, ԳԵՂԱՄՅԱՆԸ» Արտասանում էր ակնաձորցի հովիվ Իշխան Ղարիբյանը «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանին վանաձորցիները դիմավորեցին գրկաբաց, մարդիկ հավաքվել էին Հովհ. Աբելյանի անվան թատրոնի շենքի մոտ եւ, իրենց ասելով, սրտատրոփ սպասում էին Արտաշես Գեղամյանին, չասեին էլ՝ ակնհայտ զգացվում էր, որ թատրոնի մոտ հավաքված հազարից ավելի լոռեցիները սիրում էին Արտաշես Մամիկոնովիչին: «Եկավ, եկավ»,- գրեթե պարելով դես ու դեն էին վազվզում տարեցներն ու նույնիսկ միջին տարիքի մարդիկ, երբ Գեղամյանը իր ուղեկիցների հետ մոտեցավ թատերական հրապարակին: Ցուրտը եւ փոշու պես մաղող ձյունն անգամ չէին խանգարել, որ մարդիկ գան Գեղամյանին տեսնելու: Դահլիճում բառացիորեն ասեղ գցելու տեղ չկար, լեփ-լեցուն էր նաեւ ճեմասրահը: Արտաշես Գեղամյանը դիմավորողների աղուհացը կիսելով՝ ասաց. «Միշտ աղուհացով լինեք»: Մարդիկ վազում էին նրա ետեւից, մեկն ուզում էր ձեռքը բռնել, մյուսը ձգտում էր գոնե դիպչել նրա փեշին: Այսպիսի իրարանցման մեջ էլ սկսվեց հանդիպումը վանաձորցիների հետ: Առաջին շարքում նստածներից ակնաձորցի հովիվ Իշխան Ղարիբյանը քթի տակ սեփական ոտանավորն էր արտասանում եւ երջանիկ աչքերով նայում Գեղամյանին: Մեր խնդրանքով նա կրկնեց իր ոտանավորը. «Ո՞վ է մեզի լույս բերողը, ազատության հիմք դնողը, պարոն Գեղամյանն է»: Հանդիպումն սկսվեց առանց ավելորդ ձեւերի. Կորյուն Առաքելյանը հայտարարեց. «Վստահ եմ, որ այստեղ բոլորդ սպասում եք Արտաշես Գեղամյանի խոսքին, ուստի միանգամից ձայնը տալիս եմ Արտաշես Գեղամյանին»: «Բռավո, բռավո»,- բուռն ծափահարեց դահլիճը: Խոսեց միայն ինքը, խոսեց շա՜տ երկար, մարդիկ բառացիորեն զմայլված լսում էին, եղավ միայն մի քանի հարց, որ դժգոհություն էր, բողոք՝ ուղղված այսօրվա իշխանություններին: Արտաշես Գեղամյանը բացատրեց, որ ստեղծված իրավիճակում միակ ճիշտ ուղին սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասելն է: Ասաց, որ հեռուստաալիքները, ռադիոն եւ որոշ լրատվամիջոցներ աղավաղում են ընդդիմության ասածը կամ եթեր չեն տալիս. «Լավ, ինչպե՞ս կարելի է մոլորության մեջ գցել մի ամբողջ ազգի, ինչպե՞ս կարելի է մոլորության մեջ գցել մի ժողովրդի, որը այս էլ 15 տարի անընդմեջ տառապում է այս իշխանությունների ձեռքին, զրկվել է իր հարազատներից, բարեկամներից, որոնք հարկադրված են հայտնվել դեգերումների մեջ: Լսում ես կոալիցիոն կուսակցությունների ճառերը, բոլորն ասում են, որ չեն հանդուրժի ընտրակեղծիքները, հրապարակայնորեն դա են ասում, իսկ վարագույրի հետեւում «ռազնարյադկաներ» են իջեցնում, որ 80 տոկոս նկարեն «այո», 20 տոկոս՝ «ոչ»: Ըստ «ԱՄ» նախագահի՝ կոալիցիայի քարոզը զավեշտի է հասնում, այն աստիճանի, որ հայտարարում են, թե փոփոխություններն այնքան լավն են, որ նույնիսկ կենդանիներն են ուզում «այո» ասել. «Լավ ա չեն ասում՝ արջն էլ հետեւից է ճամփա ընկել Դեբեդ գետով, «պարախոդով» ա գալիս «այո» ասելու»: Արտաշես Գեղամյանը անդրադարձավ նաեւ Քոչարյանին եւ ասաց, որ նա իր նախագահական երդման ժամանակ տրված ոչ մի խոստումը չի կատարել, մարդկանց սոցիալական վիճակը չի լավացրել. «Ավելին ասեմ, վերջերս նվազագույն աշխատավարձը 13 հազարից դարձրին 15 հազար դրամ եւ աշխարհով մեկ ծուղրուղու կանչեցին՝ ժողովուրդ ջան, փրկվում ենք»: Գեղամյանի հռետորական հարցին՝ կատարե՞լ է պարոն Քոչարյանը իր խոստումները, տեղից մի ակտիվ լոռեցի արձագանքեց. «Տո գլուխը քարովն է տվել»: Անդրադարձ եղավ նաեւ կաշառակերության թեմային, ասվեց, որ ոչ միայն ընդհանրապես պայքար չկա կաշառակերության դեմ, այլեւ հակառակը՝ զարկ է տրվում դրան: ԲԷՑ-երի կրկնակի սեփականաշնորհմանն անդրադառնալով՝ ասաց. «Մեր երկիրը Էլդորադո է դարձել, տղերքը էնքան շնորհքով են, որ երկու տարվա ընթացքում 40 միլիոն դոլարը դարձրել են 80 միլիոն դոլար, պա՞րզ չի՝ ինչ է տեղի ունեցել, դրածոների միջոցով թղթերը ձեւակերպել են, առնվազն 60 միլիոն գրպանել են, էսպե՞ս ա պայքարում կաշառակերության դեմ»: Ամփոփեց. «Եթե մեկը մի բան է պարտավորվում եւ չի կատարում, ժողովրդի մեջ ո՞նց են որակում նման մարդուն, հիմա, ժողովուրդ ջան, էս մարդը (Քոչարյանը- Մ. Ե.) մի ձեռքը դրել է սահմանադրության վրա, մյուսը՝ Աստվածաշնչի եւ երդվել է, հիմա երդմնազանցներին բոլորս գիտենք, թե ինչպես են անվանում, բայց մենք ավելի կիրթ գտնվենք եւ այս հանդիպման մասնակիցների կողմից դիմենք պարոն Քոչարյանին, եւ ինքը գաղտնի պահած բառ ունի, որը ավելի կբնութագրի իր երդմնազանցությունը»: Դահլիճից մի կին շարունակ կանչում էր. «Սրանք չե՞ն հասկանում, որ ժողովուրդը իրենց չի սիրում, սովիցը մեռնում ենք, սովիցը մեռնում ենք»: Քանի որ սիրո մասին խոսք գնաց՝ Արտաշես Գեղամյանն անմիջապես արձագանքեց՝ հիշելով դարձյալ Ռոբերտ Քոչարյանի այն միտքը, որ եթե ընդդիմությունը դեմ է սահմանադրական փոփոխություններին, ուրեմն իրեն սիրում է եւ չի ուզում, որ իր լիազորությունները սահմանափակվեն: Գեղամյանի պատասխանը սա էր. «Էս մարդկանց չկարողացանք հասկացնել, որ Հայաստանում ընդունված չի, որ տղամարդը տղամարդուն սիրի, էլ չեմ ասում՝ շատ սիրի»: Դահլիճը երեւի համամիտ էր, քանի որ ծափահարեց: Իշխանությունների հենարանի գեղամյանական բնութագիրը սա եղավ. «Այս իշխանությունների իրական հենարանը կամ ինքնասիրահարված սիրամարգերն են, կամ գող կաչաղակները, կաշառված կրիմինալը, էլ չեմ ասում՝ քրեածին մյուս տարրերը: Հիմա էլ սատարողներ են որոնում կենդանական աշխարհից՝ փիղը, արջը, էս է սրանց հունարը, մինչդեռ վիճակը ծայրաստիճան վտանգավոր եւ վատ է»: Լիդերության հարցը ներկայացրեց Պառավյան Լեյլան եւ առաջարկեց ունենալ այնպիսի լիդեր, որի հետեւից մարդիկ կգնան. «Որպեսզի մեր Հայաստանը ոտքի կանգնի՝ առաջին հերթին հարկավոր է մի հատ ուժեղ-ուժեղ լիդեր, ուժեղ առաջնորդ, որ մեր ժողովուրդը հետեւիցը գնա, ոնց որ Սահակաշվիլու հետեւիցը գնացին, եւ դրանից հետո հարցերը կլուծվեն»: «Հարյուր տոկոսով ճիշտ եք, տիկին Լեյլա»,- ասաց Արտաշես Գեղամյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել