Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Նոյեմբեր 15,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՐԱԺԻ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԿԱՅՔՈՒՄ Արամ Սարգսյանն ընտրում է իրականությունը – Ձեր կարծիքով՝ այն, ինչ սկսվել է Ադրբեջանում, ինչպե՞ս է ընդունվում ՀՀ իշխանությունների կողմից: – Իշխանությունն այսօր Հայաստանում վախենում է ցանկացած հեղափոխությունից՝ անցյալ, ներկա, թե ապագա, հարեւան երկրում, Աֆրիկայում, Ավստրալիայում, թե Լուսնի վրա: Սա կարեւոր է նաեւ Ղարաբաղի հարցի առումով: Երկրները նախ ժողովրդավարանում են, որպես պետություններ կայանում, ուժեղանում են, հետո իրար հետ կարողանում են խնդիրները լուծել: Դիկտատորներով երբեք խնդիրներ չեն լուծվել ու չեն կարող լուծվել՝ դա նշանակում է արյունահեղ պատերազմ: Աշխարհը դա միանշանակ հասկացել է, հետեւաբար, եթե Ադրբեջանում հեղափոխություն եղավ, դա Հարավային Կովկասում մնացող միակ բռնապետության վերջի սկզբի ազդանշան է: – 8230Իսկ չե՞ք կարծում, որ հեղափոխությունը Հայաստանում միրաժ է: – Սահարայի անապատի եզրին լիցքավորման վերջին կայանի վրա գրված է. «Սա վերջին բենզակայանն է, մնացածները միրաժ են»: Նույնն էլ ժողովրդավարությունն է. ցանկացած խնդիր 21-րդ դարի աշխարհի համար լուծվում է ժողովրդավարության միջոցով, մնացածը միրաժ է: – Իսկ ժողովրդավարությունը Հայաստանի համար միրաժ չէ՞:8230 – Ժողովրդավարությունը 21-րդ դարի աշխարհի զարգացման սկզբունքն է: Աշխարհը այս ուղղությամբ պետք է գնա: Ընտրության իրավունքը տրված է բոլորիս՝ քրիստոնեությունից է դա գալիս: Մարդը միշտ ձգտել է ազատության, անկախության, հավասարության. ժողովրդավարությունը մարդու էության մեջ է: Ու չի կարող միրաժ լինել ոչ հիմա, ոչ հետո, ոչ որեւէ տեղ: – 2003-ին էլ միրաժ չէր, 2005-ին միրաժ չէ, ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հնարավոր չի դառնում Հայաստանում ժողովրդավարական արժեքների հաստատումը: – Հայաստանի իշխանությունները բռնացան ժողովրդի կամքի վրա, եւ 2003-2005 թթ. իմ գնահատականով Հայաստանի համար եղել են խիստ կորուստների տարիներ: – Հակառակ տնտեսական աճի՞… – Դուք այդ աճը միայն էլիտար շենքերի հարկերո՞վ եք չափում, թե՞ քառակուսի մետրի գնով: Հայաստանը Երեւանի Կենտրոնով չի սկսվում ու ավարտվում: Երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը խիստ ընկել են, Հայաստանը գործնականում մեկուսացված է ոչ միայն տարածաշրջանի տնտեսական ծրագրերից, այլեւ՝ քաղաքականապես: Մենք դարձել ենք մեծ աշխարհի համար փակուղի, ՀՀ սահմաններից սկսվում ու ավարտվում են մեծ աշխարհի ճանապարհները՝ շրջանցելով մեր երկիրը: Երկրի ներքաղաքական կյանքում որեւէ առաջընթաց չկա՝ իշխանությունն ու ընդդիմությունը մնում են անհաշտ թշնամիներ, եւ դրա «նախաձեռնությունը» շարունակում է մնալ իշխանության ձեռքին, ժողովրդի վստահության ու հավատի ոչ մի նշույլ չի նշմարվում: 2003-ից հետո ի՞նչ ակնառու նվաճումի է հասել իշխանությունը՝ բացի այն «ձեռքբերումներից», որ արդյունք են ընդամենը իշխանական համակարգի համապարփակ կոռուպցիայի: – Իսկ ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները խոչընդոտում ԵԱՀԿ ԽՎ դիտորդների մասնակցությանը հանրաքվեին, երբ հանրաքվեի մասին օրենքով միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են գալ ու դիտորդական առաքելություն իրականացնել: ԵԱՀԿ ԽՎ նախագահ ու ԱՄՆ կոնգրեսմեն Էլսի Հասթինգսը, փաստորեն, Հայաստան եկել էր այդ հարցը լուծելու, բայց Հայաստանի իշխանություններից հրավերի ոչ մի երաշխիք չստացավ: Դա արդեն իսկ ազդանշան չէ՞, որ հանրաքվեի արդյունքները կեղծվելու են: – Եթե մարդը որեւէ ճիշտ ու արդար քայլ է անում՝ թաքցնելու ոչինչ չունի: Արտաքին քաղաքականության ենթատեքստում ԵԱՀԿ դիտորդներին չհրավիրելը սխալ եմ համարում ու եւս մի հարված Հայաստանի վարկանիշին միջազգային ասպարեզում: Հետո՝ իշխանական բոլոր լրատվամիջոցները անընդհատ հաստատում են՝ Եվրոպան մեզ հետ է, ԱՄՆ-ը մեզ հետ է, միջազգային կառույցները մեզ հետ են, է, ձեզ հետ են, ձերոնց առաջ ինչո՞ւ եք դուռը փակում, ինչի՞ց եք վախենում: – Եվ Ուկրաինայում, եւ Վրաստանում, եւ Ադրբեջանում հեղափոխության նախապատճառ դարձել են խորհրդարանական ընտրությունները, Հայաստանը նո՞ր էջ է բացելու հետխորհրդային տարածքում՝ հանրաքվեն հեղափոխության պատճառ դարձնելով: – Ցանկացած ընտրություն, իսկ հանրաքվեն «այո»-ի եւ «ոչ»-ի ընտրություն է, կարող է նման գործոն դառնալ: Ի՞նչ կապ ուներ Վրաստանի խորհրդարանի ընտրությունների հետ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն… Կամ ի՞նչ կապ ուներ Ղրղըզստանի խորհրդարանի ընտրությունների հետ Ասկար Ակաեւը: Նախագահները չկարողացան ապահովել արդար, ժողովրդավարական ընտրությունները եւ… հրաժարական տվեցին՝ ժողովրդի ճնշման տակ: Եթե Հայաստանի նախագահը չի կարողանում երաշխավոր լինել արդար ընտրության, պիտի հեռանա, որ ժողովուրդն ինքը ապահովի արդարությունը: – Չե՞ք կարծում, որ ԱՄՆ-ն «անտեսում» է Հայաստանը՝ ակնհայտ օգնություն ցույց տալով հավասար իրավիճակներում գտնվող այլ երկրների: – ԱՄՆ-ը միանշանակ ժողովրդավարության կողմնակից է, եւ նախագահ Ջորջ Բուշը դա վերահաստատեց թե Վրաստանում ունեցած իր ելույթով, թե արագ արձագանքման խմբերի ստեղծումով ու մեկ միլիարդ դոլարի չափով ֆինանսավորումով, թե պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի քայլերն ու հայտարարություններն են այդ հաստատում: Ես չեմ կարծում, որ ինչ-որ պատճառով ԱՄՆ-ը կարող է փոխել իր քաղաքականությունը: ԱՄՆ-ը հեղափոխություն չի արտահանում, ԱՄՆ-ը ժողովրդավարություն չի արտահանում, ԱՄՆ-ը, դատելով հեղափոխությունների ու ժողովրդավարության պատմությունից, ոչ թե ձուկ է տալիս քաղցից չմեռնելու համար, այլ սովորեցնում է ձուկ որսալ: Իհարկե՝ նրանց, ովքեր դա ուզում են ու պատրաստ են դրան: Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել