Չինաստանի Մանյան քաղաքում մեկնարկել է սիրողական
բռնցքամարտի աշխարհի 13-րդ առաջնությունը, որին մասնակցում է ռեկորդային թվով՝ 87
երկրների կաշվե ձեռնոցի 800 վարպետ: Հայաստանը, ինչպես արդեն
տեղեկացրել ենք, մրցավայր է գործուղել վեց բռնցքամարտիկի: Նրանք են. 54 կգ՝ Գաբրիել
Տոլմաջյան, 60՝ Հրաչյա Ջավախյան, 64՝ Արտյոմ Հովհաննիսյան, 69՝ Սամվել Մաթեւոսյան,
75՝ Անդրանիկ Հակոբյան եւ 81՝ Արտակ Մալումյան: Արտասահմանյան լրատվամիջոցները
տեղեկացնում են, որ կիրակի օրը 11 քաշային կարգերից ութում արդեն կայացել են առաջին
մենամարտերը: Ցավոք, մեր հավաքականը հենց մեկնարկում արդեն երկու կորուստ է տվել:
Հրաչյա Ջավախյանը միավորների շոշափելի տարբերությամբ՝ 18:29, զիջել է Կանադան ներկայացնող
Իբրահիմ Քամալին: Ավելի խոշոր տարբերությամբ է պարտվել 64 կգ քաշային կարգում հանդես
եկող Արտյոմ Հովհաննիսյանը: Գերմանացի Մարտին Դրեսենը հայ բռնցքամարտիկին հաղթել
է միավորների 36:15 տարբերությամբ: Առաջին օրը միայն 75 կգ քաշային Անդրանիկ
Հակոբյանն է բացահայտ առավելությամբ պայքարից դուրս մղել խորվաթ Մաթեյ Մատկովիչին:
Մեր մյուս բռնցքամարտիկների մրցելույթների մասին երեկ առավոտյան դեռ որեւէ տեղեկություն
չկար: Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ծանրամարտի տղամարդկանց աշխարհի
74-րդ առաջնությունում (Հայաստանը կանանց մրցաշարում ներկայացուցիչ չունի) վատ են
մեկնարկել նաեւ մեր ծանրորդները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանը
69 կգ քաշային կարգում հայտավորել էր երկու հոգու՝ Արմեն Ղազարյանին եւ Արթուր Դանիելյանին,
որոնք երկուսն էլ հանդես էին գալիս ուժեղների «A» խմբում: Արմենը պոկում վարժությունում
առաջին մոտեցմամբ հաղթահարել է 137 կգ-ն ու պատվիրել 142 կգ: Սակայն այդ քաշը նրան
ենթարկվել է միայն վերջին փորձում: Դա այդ վարժությունում եղել է վեցերորդ ցուցանիշը:
Հրում վարժությունում պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվել է: Առաջին մոտեցումը
176 կգ-ին ձախողվել է: Արմենը ստիպված է եղել նույն քաշին մոտենալ նաեւ երկրորդ անգամ:
Բարեբախտաբար, մոտեցումը հաջող է ստացվել (4-րդ արդյունք): Սակայն նրա կամքին չի
ենթարկվել 181 կիլոգրամը եւ երկամարտի 318 կիլոգրամով հայ ծանրորդը բավարարվել է
4-րդ տեղով: Այս քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արթուր Դանիելյանը,
նույնպես երկու վարժությունում իրեն վերապահված վեց մոտեցումից հաջող է իրացրել երեքը
եւ 137+172=309 կգ-ով հանգրվանել 7-րդ հորիզոնականում: Խայտառակ մրցելույթ է ունեցել
Հովհաննես Ամրեյանը, որը հանդես պետք է գար մեր ավանդաբար ուժեղ համարվող 77 կգ քաշային
կարգում: Նույնպես ուժեղների խմբում ընդգրկված լինելով՝ նա պոկումում երկու անգամ
չի կարողացել բարձրացնել իր իսկ պատվիրած 155 կգ-ն: Հույս ունենալով ինչ-որ կերպ
փրկել իրադրությունը՝ նա վերջին փորձով մոտեցել է 156 կիլոգրամին ու կրկին քաշը չի
ենթարկվել նրան: Այդուհանդերձ, Ամրեյանը որոշել է մրցահարթակ մտնել նաեւ հրում վարժությունում:
Բայց ճակատագիրն այդ օրը նրանից երես էր թեքել: Առաջին մոտեցմամբ չսանձելով նաեւ
185 կիլոգրամը՝ Հովհաննեսն այնուհետեւ, ըստ պաշտոնական ցուցակի, հրաժարվել է վերջին
երկու մոտեցումներից: Երեկ ասպարեզ էին մտնելու 85 կգ քաշայիններ Արսեն Մելիքյանն
ու Տիգրան Դավթյանը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ