Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առայժմ լավը քիչ է

Նոյեմբեր 15,2005 00:00

Ըստ
Բարմենների հայկական ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահ Վահագն
Բաբայանի՝ միջազգային չափանիշներով ռեստորաններն ու բարերը թվարկելիս ազատ մատներ
կմնան: Բարմենների հայկական ասոցիացիան վերջապես հոկտեմբերի
20-ին Հելսինկիում ինտեգրվեց Բարմենների միջազգային ասոցիացիային: «Ռեժինե» հյուրանոցի
հանդիպումների սրահում նոյեմբերի 17-ին այս առիթով կկայանա ԶԼՄ-ների հետ հանդիպում
եւ ասոցիացիայի առաջին համաժողովը: «Առավոտը» ժամանակին տեղեկացրել է ասոցիացիայի
աշխատանքների մասին: Հիշեցնենք, որ այն Հայաստանում գործում է 2002-ից եւ, ինչպես
ժամանակին մեզ հայտնել էր ասոցիացիայի նախագահը, միջազգային կառույցին անդամագրվելը
հնարավորություն կընձեռի հայ բարմեններին՝ մասնակցելու համաշխարհային մրցույթների,
ստուգատեսների, ինչը ենթադրում է այդ ոլորտի առաջընթաց մեր երկրում: – Ի՞նչ
կփոխվի միջազգային ասոցիացիային անդամակցելուց հետո, եւ արդյո՞ք առանց դրա հնարավոր
չէր միջազգային չափանիշներին համապատասխան աշխատաոճ: Եվ, ի վերջո, ինչ ասել է միջազգային
չափանիշ: – Բարմենների միջազգային ասոցիացիային անդամակցումը արդեն մեզ բերեց
միջազգային ճանաչման եւ Հայաստանում գործող ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներ
արտադրող ու ներմուծող ընկերությունների հետ սերտ համագործակցության: Արդեն ցանկացած
միջոցառման, որ հովանավորվում է վերջիններիս կողմից, ակտիվորեն մասնակցում են մեր
ասոցիացիայի անդամները: Միջազգայինի շարքերում տեղ գրավելու համար երեք տարի մասնակցել
ենք համաժողովների (անդամ դառնալու պայմաններից մեկն է) Իսպանիայում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում,
պայման հանդիսացող 50 անդամի փոխարեն ունենք 74-ը: Հավաստիացնում եմ, որ ասոցիացիայի
անդամները մինչեւ միջազգայինի անդամ դառնալը նույնպես աշխատել են միջազգային չափանիշներով:
Միջազգային չափանիշներ են ապահովում նաեւ բարմենի ներքին կուլտուրան եւ ընդհանուր
աշխատանքը: Սկսեմ ամենապարզունակ թվացողից, որը կարող է առաջին հայացքից մանրուք
թվալ: Այսպես. բարի ետեւում չուտել, չխոսել, չծամել, ամենակարեւորը՝ չծխել: Հաճախորդի
հետ լինել բարեկիրթ եւ հետեւել սպասարկման ընդունված կանոններին: Օրինակ, պատվիրած
խմիչքը (կոկտեյլ թե մաքուր խմիչք) պատրաստել հաճախորդի աչքի առջեւ, կարողանալ լսել
նրան, սպասարկման համար բոլոր գործիքներն ու սպասքը պահել մաքուր վիճակում եւ այլն:
– Որտե՞ղ կարող է ցանկացողը սովորել եւ դառնալ բարի ու ռեստորանի համապատասխան
մասնագետ: – Դեկտեմբերի 1-ից կսկսի գործել մեր ասոցիացիայի ուսումնական կենտրոնը,
որտեղ կպատրաստվեն եւ կվերապատրաստվեն պրոֆեսիոնալ բարմեններ եւ այլ մասնագետներ:
Ուսման ընթացքը կենտրոնում կտեւի վեց շաբաթ, ոչ թե երկու շաբաթ, ինչպես ընդունված
է աշխարհի նմանատիպ շատ կենտրոններում: Դրա բացատրությունը մեկն է. մեզ մոտ այս բնագավառում
թերացումներ շատ կան, օրինակ՝ մասնագիտական օտար լեզվի, երաժշտական ճաշակի ու հոգեբանական
խնդիրների հետ կապված: Այս ամենը կուսուցանվի մասնագիտական դասընթացներին զուգահեռ:
Օրինակ՝ պրակտիկ աշխատանք խմիչքների հետ, այցելություններ խմիչք արտադրող ձեռնարկություններ
եւ այլն: – Հանրապետությունում բազմաթիվ սրճարան-ռեստորաններին ասոցիացիան
կարո՞ղ է ապահովել մասնագետներով կամ հսկել դրանց գործունեությունը: – Ներկայումս
կան սրճարաններ, բարեր, որտեղ եթե անգամ չեն աշխատում մեր ասոցիացիայի անդամները,
ապա գոնե հսկվում են մեր կողմից: Ամբողջ դաշտը հնարավոր չէ, ձեր ասած բառով՝ հսկել:
Դրա համար կպահանջվի բավական երկար ժամանակ: Եվ «հսկելը» տեղին չէ ասված: Ի վերջո՝
ամեն մարդ անկախ է, սա դիկտատուրա չէ: Աշխատանքի ընթացքում այս կամ այն բարի, սրճարանի
տերը կզգա, որ պարզապես անհրաժեշտ է ունենալ պրոֆեսիոնալ աշխատող: Զարգացած երկրներում
անցկացված սոցիոլոգիական արդյունքների արդյունքում՝ նման վայրերի հաճախորդների 99%-ը
ուշադրությունը կենտրոնացնում է սպասարկման որակին: Աշխատանքի ճիշտ կազմակերպման
դեպքում կարելի է, ինչու չէ, վերահսկել ոլորտը: Այսօր միջազգային չափանիշներով ռեստորաններ,
բարեր ունենք, բայց դրանք կարելի է հաշվել մատների վրա: Ընդ որում՝ մի քանի մատ ազատ
կմնա: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել