Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուհերը լծված են քննարկումներին ու քարոզին

Նոյեմբեր 15,2005 00:00

Հանրաքվեի քարոզարշավին
«այո»-ի հարցում մեծ թափով իրենց լուման են բերում ՀՀ բուհերի ղեկավարները Համապատասխան
ամբիոններում կազմակերպվող դասերից զատ, նույնիսկ առանձին դասաժամեր են նվիրվում
սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթի քննարկմանը: Տնտեսագիտական ինստիտուտի
ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պաշտոնյաների հետ հանդիպումներից
զատ, իրենց բուհի 5 դասախոսներ, ովքեր «իրավունք» առարկա են դասավանդում, սահմանադրության
թեմայով պաշտոնապես դասեր են անցկացնում, սակայն հիմնական դասաժամերից դուրս: Ճարտարապետության
եւ շինարարության համալսարանի ռեկտոր Արեստ Բեգլարյանից տեղեկացանք, որ իրենք պաշտոնյաների
հետ քննարկումներ չեն արել, սակայն հասարակագիտության ամբիոնն ուսանողների հետ քննարկումներ
կազմակերպում է՝ «որպեսզի ամենքն իր բնակության վայրում կողմնորոշվի»: Բուհերից
ամենաակտիվն այս առումով Ագրարային համալսարանն է: Վերջինս արդեն 2 մեծ հանդիպում
է կազմակերպել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար՝ տարբեր պաշտոնյաների
մասնակցությամբ: Իրենք՝ դասախոսները շատ անհրաժեշտ են համարում նմանատիպ հանդիպումները,
եւ նաեւ՝ դասախոս-ուսանող շփումները այս թեմայի շուրջ: Եվ քանի որ մեզ հետ զրույցում
դասախոսական կազմը միայն դրական կարծիքներ էր արտահայտում սահմանադրության նոր տաբերակի
վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ ուսանողների հետ նրանք ոչ թե պարզապես քննարկում
են առանձին դրույթներ, այլ պարզապես «այո» են քարոզում: «Այն երկու կետերը, որ անընդհատ
քննարկվում եւ շահարկման առարկա են դարձել՝ նախագահի անձեռնմխելիությանն ու երկքաղաքացիությանը
վերաբերող, անհրաժեշտ է մանրամասն մեկնաբանել, որովհետեւ կարդալով չի հասկացվում:
Սահմանադրությունն անպայմանորեն պետք է կետ առ կետ մեկնաբանվի: Հաճախ դասերի ժամանակ
էլ ուսանողները հարցնում են, մենք պատասխանում ենք»,- ասում է բուհի արհկոմի նախագահ
Հենրիկ Զաքարյանը: Մեր հարցին, թե արդյոք ճի՞շտ է շուրջ մեկ ամիս մոռանալ դասերը
եւ լծվել սահմանադրական քննարկումներին, պրն Զաքարյանը պատասխանեց. «Ոչ, այդպես չէ:
Մենք դասից հետո ենք բացատրում, ես դասերի ժամանակ ասելով՝ նկատի ունեի դասերից հետո:
Երեխաները հարցնում են, մենք էլ բոլոր հարցերին պատասխանում ենք: Ինչու ոչ՝ թող դասերն
էլ նվիրեն, մեկնաբանեն՝ որն է լավը, որն է վատը, բոլոր հարցերին պետք է պատասխանել»:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել