Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՋԱԿՑԵՑ ԿԱՎԱՏՆԵՐԻՆ

Նոյեմբեր 15,2005 00:00

Կրկին
մեղմ պատիժներ են նշանակվել սեռական ստրկության կազմակերպիչներին Նոյեմբերի
11-ին Էջմիածին քաղաքում Արմավիրի առաջին ատյանի դատարանում ավարտվեց մարդկանց վաճառքի
գործով ընթացող մի դատավարություն: Այդ օրը դատարանը հրապարակեց դատավճռի եզրափակիչ
մասը, այսինքն՝ միայն պատիժները: Երեք ամբաստանյալների համար դատավոր Տիգրան Պետրոսյանը
ակնհայտ մեղմ պատիժ է սահմանել՝ կիրառելով Քրօրի 64-րդ հոդվածը: Այս հոդվածը կիրառվում
է բացառիկ հանգամանքների առկայության դեպքում: Օրինակ՝ երբ ամբաստանյալն աջակցում
է «խմբի կատարած հանցանքը բացահայտելուն», երբ կան մի քանի մեղմացուցիչ հանգամանքներ
եւ այլն: Ամբաստանյալները չորսն էին՝ Սիմոն Ներսիսյանը, Նանասիլ Առաքելյանը, Թամարա
Մակարովան եւ Պատվական Մալխասյանը: Վերջինս սեպտեմբերին Դուբայում կասկածելի հանգամանքներում
ավտովթարից մահացած, հետախուզման մեջ գտնվող հայտնի կավատ Անահիտ Մալխասյանի (մականունը՝
«Դըբռ Անո») հարազատ եղբայրն է: Անահիտ Մալխասյանի դին Դուբայից Հայաստան տեղափոխելուն
օժանդակել էր այնտեղի հայկական սեքս-բիզնեսի պարագլուխներից մեկը՝ սիրիացի Ասադը:
Պատվական Մալխասյանը մեղադրվում էր Քրօրի երկու հոդվածով՝ պոռնկությամբ զբաղվելու
համար որջեր կազմակերպելու, պահելու կամ կավատության եւ մարդկանց առեւտրի: Մեղադրանքը
պաշտպանող դատախազ Արմեն Բոշնաղյանը այս երկու հոդվածների համակցությամբ միջնորդել
է ազատազրկել Պ. Մալխասյանին հինգ տարի վեց ամիս ժամկետով: Սակայն դատարանը նշանակեց
երկու տարվա ազատազրկում: Դատական գործում տեղեկանք կա, որ Պ. Մալխասյանն իր խնամքին
ունի երեք անձ եւ վատառողջ է: Պ. Մալխասյանը 2002թ. Դուբայում քրոջ՝ Անահիտ Մալխասյանի
հետ էր աշխատում: Նա քրոջ ենթակայության տակ գտնվող կանանց տեղափոխում էր դիսկոտեկներ,
հյուրանոցներ, սրճարաններ եւ ապահովում էր, որպեսզի նրանք «անվտանգ» զբաղվեն մարմնավաճառությամբ:
Վերադառնալով Հայաստան՝ նա սկսել է քրոջը կանայք մատակարարել: Այս գործով տուժողները
երկուսն էին՝ Շ. Մ.-ն եւ Ռ.Կ.-ն, սակայն մեկ տարի առաջ մենք Դուբայում երկու անգամ
եղել ենք Անահիտ Մալխասյանի բնակարան-հասարակաց տանը, զրուցել նրա ենթակայությամբ
աշխատող կանանց հետ, եւ նրանց մեջ կային եւս երեքը, ովքեր Դուբայում էին հայտնվել
նրա եղբոր՝ Պատվական Մալխասյանի միջոցով: Ըստ գործի նյութերի՝ տուժողներին հենց Պատվականն
ու ամբաստանյալներ Նանասիլ Առաքելյանն ու Թամարա Մակարովան են խաբել եւ Դուբայում
երեխա պահելու պատրվակով ուղարկել Անահիտ Մալխասյանի մոտ: Դուբայում Անահիտ Մալխասյանը
նրանցից վերցնելով անձնագրերը՝ ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ: Տուժողները
նախկինում մարմնավաճառներ չեն եղել, գտնվում էին ծայրահեղ նյութական կարիքի մեջ:
Երկուսն էլ ամուսնալուծված էին: Կանանցից մեկը իր ցուցմունքում պատմել է, թե ինչպիսի
դաժան վերաբերմունքի է արժանացել Անահիտի եւ նրա արաբ գործընկերների կողմից: Ամբաստանյալ
Նանասիլ Առաքելյանը 2 անգամ դատված է եղել նմանատիպ գործունեության համար: Միակ ամբաստանյալն
էր, որի նկատմամբ, ըստ մեղադրող կողմի, դատարանը համաչափ պատիժ է սահմանել՝ 5 տարի
4 ամիս ազատազրկում: Թամարա Մակարովայի համար մեղադրողը պահանջել է ազատազրկում
հինգ տարի ժամկետով, սակայն դատարանը, գտնելով հանցանքը հիմնավորված եւ ապացուցված,
պատիժ է սահմանել 2 տարի ժամկետով: Ամբաստանյալի միակ մեղմացուցիչ հանգամանքն այն
է, որ նախկինում դատված չի եղել: Կանանց Մոսկվայով Դուբայ էր տեղափոխել Սիմոն
Ներսիսյանը: Մեղադրողը միջնորդել էր դատարանին Ս. Ներսիսյանին ազատազրկել
հինգ տարի ժամկետով, սակայն դատարանը կիրառելով 64-րդ հոդվածը՝ նշանակեց ազատազրկում
երկու տարի ժամկետով: «Դատարանն ակնհայտ մեղմ պատիժ է սահմանել երեք ամբաստանյալների
նկատմամբ: Մեզ համար խիստ անսպասելի էր եւ անտրամաբանական, որ ծանր հանցագործության
համար մի գործով երեք անձի նկատմամբ կիրառվում է 64-րդ հոդվածը: Բացառիկ հանգամանքներ
այստեղ չկան, դատարանը չէր կարող կիրառել 64-րդ հոդվածը: Անպայման պետք է վերաքննիչ
բողոք բերվի պատժի մեղմության դեմ»,-պարզաբանեց գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության
քննչական վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի
ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանը: Դատավորի կողմից նման մեղմ պատիժների սահմանումը
բացատրվում է միայն այն հանգամանքով, որ ամբաստանյալները հայկական սեքս-բիզնեսի ներկայացուցիչներ
են եւ ունեն բավականին ազդեցիկ հովանավորներ: Թե ինչպիսի հանգամանքներ է հաշվի առել
դատավորը՝ մեղմ պատիժ սահմանելով երեք ամբաստանյալների նկատմամբ, պարզ կդառնա վճռի
ամբողջական հրապարակումից հետո: Հնարավոր է պարզվի, որ այս մարդիկ պատերազմի մասնակիցներ
են կամ ծառայություններ ունեն մատուցած Արմավիրի առաջին ատյանի դատարանին: Հաշվի
առնելով, որ դատավոր Տիգրան Պետրոսյանը նաեւ Արդարադատության խորհրդի անդամ է, կարծում
ենք՝ այս դատավճիռը պետք է քննարկման նյութ դառնա Արդարադատության խորհրդում: ԷԴԻԿ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել