Եվ ինչ «քըխ»-ը՝ նրա կազմած կառավարությունը
Այլ եզրակացության չես հանգի՝ ուսումնասիրելով 2006-ի պետական
բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանից կառավարություն ներկայացված առաջարկությունների
ամփոփաթերթիկը: Արդեն հաղորդել ենք, որ ստացվել է 552 առաջարկություն, եւ ընդունելի
է համարվել միայն 90-ը: Ամենաշատ առաջարկները ներկայացրել է Հանրապետական
խմբակցությունը՝ շուրջ 250, եւ չի ընդունվել դրանց գերակշիռ մեծամասնությունը: ՀՀԿ-ն
կառավարությանն առաջարկել է շուրջ 100 դպրոց վերանորոգել, նաեւ բազմաթիվ մանկապարտեզներ,
50-ի չափ մշակույթի տներ, կառուցել լողավազաններ ու մարզադահլիճներ: Սակայն կառավարությունը
մերժել է գերազանցապես հետեւյալ հիմնավորմամբ. «Առաջարկությունը չի ընդունվել, բացակայում
են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը»: Միջանկյալ նկատենք, որ կոալիցիոն այլ կուսակցություններ
էլ են ներկայացրել երբեմն անգամ նույն դպրոցները նորոգելու վերաբերյալ առաջարկներ:
Սակայն թեեւ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ ՕԵԿ-ի շարքերում քիչ չեն փորձառու պատգամավորները՝
որեւէ մեկի մտքով, պարզվում է, չի անցել, թե բյուջեում տեղ գրավելու համար հաշվարկներ
ու դրանք հիմնավորող փաստաթղթեր են հարկավոր: Ընդ որում՝ 86 առաջարկ ներկայացրած
ՕԵԿ-ը Կոտայքի մարզի Նորագյուղ համայնքի միջնակարգ դպրոցի նորոգման համար գումար
պահանջել է, նշելով՝ «Դպրոցի միջնապատերը շարժվում են եւ կա փլուզման վտանգ»: Սակայն
կառավարությունն այնուամենայնիվ մերժել է առաջարկը: Կառավարության անողոք
վերաբերմունքն իշխող կուսակցությունների նկատմամբ ուղղակի սոսկալի՜ անարդար է: Նույն
առաջարկը՝ Մատենադարանին գումար հատկացնել պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող
ձեռագրերով հավաքածուն համալրելու նպատակով, արել է ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ՄԱԿ-ը: Ուղղակի
առաջինն առաջարկել է հատկացնել 100 մլն դրամ, իսկ ՄԱԿ-ը՝ 50: Ընդունվել է վերջինիս
առաջարկը: Ընդունվել է ՄԱԿ-ի առաջարկը՝ 7 մլն դրամ հատկացնել պետական կոնսերվատորիային,
որ նախագծվի եւ հիմնանորոգվի համերգային դահլիճի մուտքը: Մինչդեռ մերժվել է հանրապետականների
առաջարկը՝ 10 մլն դրամ հատկացնել Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական
թանգարանին՝ դահլիճի վերանորոգման, կահույքի ձեռքբերման եւ ցուցադրության կազմակերպման
համար: Պատճառաբանությունը նույնն է՝ «բացակայում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերը»:
Ժողովրդի մասին մտածող ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն բազմաթիվ համայնքների գազիֆիկացման,
ոռոգման ցանցերի, խմելու ջրագծերի, նաեւ ճանապարհների վերանորոգման համար գումարներ
տրամադրելու մասին են միջնորդել, մինչդեռ նրանց կազմած կառավարությունը վատամարդ
է դուրս եկել եւ մերժել առաջարկները՝ «ելնելով պետբյուջեի կանխատեսվող եկամուտների
մակարդակից եւ ծախսերի առաջնահերթությունից»: Դառնանք անհատ պատգամավորների
առաջարկներին: Ապարանցի պատգամավորներն, անկախ իրենց խմբակցային պատկանելությունից,
բյուջեից փորձել են գումարներ կորզել հայրենի Ապարանի բարեկարգման համար: Սակայն
կառավարությունը մերժել է թե՛ Աղասի Արշակյանին, թե՛ Լյովա Խաչատրյանին, թե՛ Նապոլեոն
Ազիզյանին, թե՛ Մանուկ Գասպարյանին: Մնացած պատգամավորների առաջարկներն էլ,
սովորականի պես, վերաբերել են իրենց ընտրատարածքներին: Սակայն կառավարությունը՝ աննշան
բացառություններով, մերժել է բոլորին: Բացառություններից մեկը «Ժողպատգամավոր» խմբի
ղեկավար Կարեն Կարապետյանի առաջարկն է Տաշիր քաղաքում սելավատար կառուցելու վերաբերյալ,
քանզի պատգամավորը խոհեմաբար հիշեցրել է, թե սա ՀՀ նախագահի 2004-ի հունիսին Լոռու
մարզ կատարած այցի ժամանակ տված խոստում է: Միայն ընդդիմադիր պատգամավորների՝
«Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանի եւ անկախ պատգամավոր Հմայակ
Հովհաննիսյանի առաջարկներն են, որ չեն վերաբերում որոշակի համայնքների բարեկարգմանը:
Նրանք փորձել են լուծել առավել ընդհանուր խնդիրներ՝ առաջարկելով կիսով չափ կրճատել
ծառայողական գործուղումները, վերացնել պետբյուջեից «երիտասարդական քաղաքականացված
խրախճանք-հավաքների համար նախատեսված գումարները՝ դրանք նպատակաուղղելով կենսաթոշակների
ավելացմանը» (սա Թաթուլ Մանասերյանի առաջարկն է), կրճատել կառավարման ապարատին հատկացումները
եւ այլն: Սակայն կառավարությունը միշտ մերժել է այս առաջարկները՝ բնականաբար, դրանց
ընդունումը համարելով ոչ նպատակահարմար: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ